Թրամփն իր բանագնացին կարգադրել է 100 օրւայ ընթացքում հասնել ուկրաինական հակամարտnւթեան աւարտին
«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի հարցով իր յատուկ բանագնաց Քիթ Քելլոգին կարգադրել է 100 օրւայ ընթացքում հասնել ուկրաինական հակամարտութեան աւարտին: Այս մասին, ըստ Tert.am-ի՝ հաղորդել է The Wall Street Journal-ը։
«Նախագահ Թրամփը Քիթ Քելլոգին յանձնարարել է Ուկրաինայում պատերազմը հարիւր օրւայ ընթացքում աւարտելու գործը»,- գրել է պարբերականը:
Այնուամենայնիւ, յօդւածում նշւում է, որ «գործնականում ոչ ոք» չի կարծում, որ նա կարող է դա անել։ Նշւում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահը մտադիր է անձամբ վերահսկել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացի առաջընթացը։
Նախօրէին Թրամփը յայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ոչնչացնում է» Ռուսաստանը՝ հրաժարւելով գործարք կնքել Ուկրաինայի պատերազմին վերջ տալու համար:
«Նա պէտք է գործարք կնքի: Կարծում եմ՝ նա կործանում է Ռուսաստանը՝ գործարքի չգնալով: Կարծում եմ` Ռուսաստանը մեծ խնդիրներ է ունենալու: Շատերը կարծում էին, որ այս պատերազմը կաւարտւի մէկ շաբաթից: Կարծում եմ, որ շատ լաւ կը լինի, որ նա (Պուտինը-ԽՄԲ.) աւարտի այս պատերազմը»,- ասել էր Թրամփը երդմնակալութիւնից յետոյ լրագրողների հետ զրոյցում:
Միաժամանակ Թրամփը յոյս էր յայտնել, որ ՌԴ նախագահը խաղաղութեան համաձայնագրի կողմնակից է։ Նա կրկնել է, որ մօտ ապագայում կարող է խօսել Պուտինի հետ, սակայն յստակ ժամկէտներ չի նշել։ Թրամփը նաեւ յաւելել է, որ ծրագրում է հանդիպել Պուտինի հետ բանակցութիւններ կազմակերպւելուն պէս, որոնց նախապատրաստական աշխատանքները, ըստ նրա՝ արդէն ընթանում են։
«Պուտինի հետ շատ լաւ էի լեզու գտնում: Յուսով եմ, որ նա ցանկանում է գործարք կնքել»,- ասել էր Թրամփը հնարաւոր հանդիպման մասին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ըստ Թրամփի՝ հաւատարիմ է հակամարտութիւնը դադարեցնելու բանակցութիւններին։
Յիշեցնենք, որ նախընտրական քարոզարշաւի ժամանակ Դոնալդ Թրամփը խոստացել էր դադարեցնել պատերազմն Ուկրաինայում՝ պաշտօնը ստանձնելուց յետոյ «24 ժամւայ ընթացքում»։