Իշխան Սաղաթէլեան. «Կոչ եմ անում բոլորիդ մասնակցել բողոքի ակցիային»

«ԱԼԻՔ» – Այսօր` նոյեմբերի 20-ին, ՀՀ Գլխաւոր դատախազութեան դիմաց տեղի է ունենալու բողոքի ակցիա՝ ի պաշտպանութիւն բոլոր քաղբանտարկեալների։
Այս կապակցութեամբ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը հանդէս է եկել ժողովրդին ուղղւած ուղերձով, որում մանսնաւորապէս նշւած է.
«ՀՀ-ում արդէն կայ երեք տասնեակից աւելի քաղբանտարկեալ։ Այս չարիքի իշխանութեան կողմից կեղծ մեղադրանքներով, շինծու քրէական գործերով ապօրինաբար կալանաւորւել են Սրբազան Հայրեր, հոգեւորականներ, ազգային բարերար, Ազգային ժողովի պատգամաւոր, ընտրւած համայնքի ղեկավարներ, քաղաքական հանրային գործիչներ, բլոգերներ, զոհւած զինծառայողի ծնողներ, հարազատներ, այդ թւում նաեւ ունենք կին քաղբանտարկեալ։ Այս բոլոր մարդիկ այսօր գտնւում են անազատութեան մէջ, բացառապէս նրա համար, որ հաշտ չեն երկրում ստեղծւած իրավիճակի հետ, դէմ են այս իշխանութեան կողմից վարւող հակահայ քաղաքականութեանը ։ Այդ իմաստով արտայայտել են իրենց տեսակէտը եւ պայքարել դրա դէմ։
Նոյեմբերի 20-ին, ժամը 15։00-ին Գլխաւոր դատախազութեան դիմաց տեղի է ունենալու բողոքի ակցիա՝ ի պաշտպանութիւն բոլոր քաղբանտարկեալների, ի պաշտպանութիւն Հայաստանում խօսքի ազատութեանը, ժողովրդավարութեանը եւ ընդդէմ բռնապետութեան։ Բողոքի ակցիայից յետոյ երթով շարժւելու ենք դէպի Շենգաւիթի դատարան, որտեղ տեղի է ունենում Բագրատ Սրբազանի եւ 18 արդարների դատավարութիւնը։
Կոչ եմ անում բոլորիդ՝ մասնակցել բողոքի ակցիային եւ միասնական ուժերով մեր բողոքի ձայնը բարձրացնենք ընդդէմ այս ապօրինութիւնների եւ անարդարութիւնների»։



