Լեռնիկ Յովհաննիսեան. «Արցախի մշակութային ժառանգութիւնը կործանման վտանգի առաջ է»
Ադրբեջանը հատել է բոլոր կարմիր գծերը, ոչ մի միջազգային կոնւենցիա այլեւս իրեն չի հետաքրքրում

«ԱԼԻՔ» – «Արցախցիների բռնագաղթից յետոյ մեր ոչ նիւթական եւ նիւթական մշակութային ժառանգութիւնը գտնւում է կործանման վտանգի առաջ, Ադրբեջանն այսօր այդ հարցում հատել է բոլոր կարմիր գծերը, ոչ մի միջազգային կոնւենցիա այլեւս իրեն չի հետաքրքրում»: Այս մասին ըստ «Առաւօտ»-ի՝ «Արցախի տեղահանումից յետոյ. մարտահրաւէրներ եւ լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ ասել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի Թեմական խորհրդի ատենապետ, Արցախի մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախկին նախարար Լեռնիկ Յովհաննիսեանը։
Նա նշել է, որ առաջին հերթին հայկական մշակութային ժառանգութիւնն Ադրբեջանի կողմից իւրացւում է, դա նոր չէ, այդ գործընթացի սկիզբը դրւել է դեռեւս 1920-30-ական թւականներին։ Եւ ադրբեջանական ժողովրդի ծագման, այսպէս կոչւած, աղւանական կոնցեպտը հիմնականում հիմնւած է իւրացման քաղաքականութեան վրայ։
«Յաջորդը դա պարզապէս ոչնչացումն է։ Մենք տարբեր տեղեկատւական միջոցներով տեղեկացանք, որ արդէն գոյութիւն չունեն Շուշիի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ Կանաչ ժամը, Բերձորի Սուրբ Համբարձում, Հադրութի շրջանի Մոխրոնէս գիւղի Սուրբ Սարգիս, Մարիամաձորի Սուրբ Աստւածածին եկեղեցիները։ Նաեւ վանդալիզմի հարիւրաւոր նիւթեր կան, որոնց մասին մենք տեղեկացւած ենք։ Օրինակ՝ Ստեփանակերտի Սուրբ Աստւածածին եկեղեցում տարբեր թափառող կենդանիներ են եղել։ Միւսը դա ամբողջական բնակավայրերի ոչնչացումն է, այսինքն՝ մեզ զրկում են մեր պատմական լանդշաֆտից, որը մեր ինքնութեան կարեւորագոյն պայմաններից մէկն է»,- ասել է նա։
Լեռնիկ Յովհաննիսեանն ասել է, որ հայերն Արցախում թողել են 5658 յուշարձան, որից 385 եկեղեցի, 60 վանական համալիր, 2835 խաչքար, 400 գերեզմանոց։ «Այսինքն՝ մեր ժողովրդի մշակութային ժառանգութեան մի ստւար հատւածն այսօր բռնազաւթւած է թշնամու կողմից»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ոչ նիւթական մշակութային ժառանգութեանը, որի հիմնական կրողը մարդն է՝ Լեռնիկ Յովհաննիսեանն ասել է. «Այսօր, կտրւելով մեր պատմական լանդշաֆտից, արցախցին չի կարողանում իւրացնել այն մշակութային առանձնայատկութիւնները, որոնք ունեցել է իր հայրենիքում։ Եւ այսօր թիւ մէկ խնդիրն արցախցիների արտագաղթն է եւ նրանց ցրւած ապրելը ՀՀ տարածքում։ Եթէ ցանկանում ենք արցախցիների ինքնութիւնը պահպանւի, թիւ մէկ խնդիրը համայնքի միասնական բնակեցումն է»։



