Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վաղարշապատի դրական հետեւութիւնները

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

Եթէ Վաղարշապատի ընտրութիւնների արդիւնքները քննարկենք առանց հայկական աւանդական սգի, անէծքի եւ յուսահատութեան, ապա կանենք ռացիոնալ հետեւութիւններ.

1. Պէտք է շնորհաւորել «Յաղթանակ» եւ «Մայր Հայաստան» դաշինքներին։

2. Պէտք է արձանագրել, որ Հայաստանում եւ յատկապէս մարզերում ընտրութիւնները կատարւում են անհատական գործօնի՝ պապու, հօրեղբօր տատու, մեծ ընտանիքների, գիւղական պատկանելութեան, եւ այլ արխայիկ իդենտիֆիկացիաների շնորհիւ։ Մեխակեանի յաղթանակը սրա մասին է խօսում. սա փաստ է, որի հետ պէտք է հաշւի նստել։

3. Միայն առաջիկայ շաբաթներին Վաղարշապատի ընտրողներն աստիճանաբար կը գիտակցեն, որ իրենք ձայն են տւել ՔՊ-ին։ Մեխակեանի օգտին քւէարկածների 80 տոկոսը վստահ է, որ ինքը ձայն է տւել Մեխակեանին, եւ ոչ թէ՝ ՔՊ-ին։

4. Նիկոլ Փաշինեանը չխառնւեց Վաղարշապատի ընտրութիւններին (Գիւմրիից յետոյ արեց հետեւութիւններ), եւ դա էապէս ազդեց արդիւնքների վրայ։ Բայց համապետական ընտրութիւններում նա չի կարող մնալ ստւերում, եւ նոյն Վաղարշապատում լինելու է լրիւ այլ արդիւնք։ Հէնց այդ ժամանակ Վաղարշապատի ընտրողը անկեղծ զարմանալու է՝ «ինչի մեր Մեխակեանը նիկոլակա՞ն ա»։

5. Բոլոր հարցումներով ընտրութիւններում այս պատկերը պէտք է լինէր, չի եղել անակնկալ։

6. «Յաղթանակ» դաշինքի նորամուտն իրօք լաւն էր։ Պէտք է հասկանալ՝ որքանով էր դա Սեւակ Խաչատրեանի եւ լոկալ թիմի արդիւնքը, որքանով՝ կենտրոնական լիդերութեան։ Ռ. Քոչարեանը վերջին մէկ տարում ունի կայուն լաւ վարկանիշ։ Խնդիրը սեփական լաւ վարկանիշի եւ լոկալ լոյալ թիմերի վարկանիշների սինխրոնիզացիան է։ Սա խնդիր է, բաւականին բարդ, որը պէտք է փորձել լուծել, եւ որն ունի լուծում։

7. «Մայր Հայաստան»-ի յամառ ու գրագէտ աշխատանքը տալիս է տեսանելի արդիւնք. նոր ստեղծւած ուժը մշտապէս յաղթահարում է անցողիկ շեմը։ Երեք պայքար՝ երեք յաջողութիւն. Երեւան, Գիւմրի, Վաղարշապատ։ Սա արդիւնք է, որ չի կարող աննկատ մնալ, եւ չի կարող իր ազդեցութիւնը չունենալ 2026-ի համապետական ընտրութիւնների ժամանակ։

8. Վաղարշապատի ընտրութիւններին չեն մասնակցել երկու խոշոր ֆաւորիտ ուժեր՝ Ս. Կարապետեանի «Մեր Ձեւով»-ը եւ Գ. Ծառուկեանի «Առաջարկ Հայաստանին»-ը։ Հասկանալի է, որ նրանց մասնակցութիւնն էապէս կը փոխէր պատկերը։ Բայց սա հասկանում է նաեւ իշխանութիւնը, եւ առաջիկայում ենթադրելի է ճնշումների մեծացումն այս ուժերի վրայ, քանի որ Վաղարշապատի մոդելն իշխանութեանը ձեռք է տալիս։

9. Իշխանութեան հետագայ վարքագծի մասին. իմ կանխատեսմամբ՝ իշխանութիւնը շարունակելու է երկու բան. գնալու է ծաւալուն այլանդակութիւնների՝ ընտրութիւնների նախաշեմին նոր միջավայր ձեւաւորելու համար, եւ անելու է նորանոր կոպիտ սխալներ, որոնցից պէտք է առաւելագոյն չափով օգտւել, եթէ դիմացը լինեն լուրջ ընդդիմադիր համակարգեր:

Related Articles

Back to top button