Դեսպան Սոբհանի. «Զբօսաշրջութիւնը երկու երկրների միջեւ խաղաղութեան եւ բարեկամութեան աւետաբերն է»
«ԱԼԻՔ» – Իրանի զբօսաշրջութեան եւ աւտոմրցարշաւների կենտրոնի եւ ՀՀ աւտոմոբիլային ֆեդերացիայի միջեւ համագործակցութեան համաձայնագրի ստորագրման արարողութեանը ներկայ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, անդրադառնալով ԻԻՀ գերագոյն առաջնորդի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի վերջին հանդիպմանն ասել է, որ Իրանի քաղաքական վերնախաւը վճռական է Հայաստանի հետ յարաբերութիւնների համակողմանի զարգացման հարցում։
Անդրադառնալով երկու երկրների մշակութային յարաբերութիւնների կարեւորութեանը, Մեհդի Սոբհանին նշել է, որ յարաբերութիւնների կարեւորագոյն մասը զբօսաշրջութիւնն է, յաւելելով․ «Այս ոլորտը կարող է մեծապէս ազդել երկու երկրների տնտեսական բարգաւաճման եւ ժողովուրդների միջեւ հաղորդակցութեան աճի վրայ»:
Նրա խօսքով․ «Զբօսաշրջութեան զարգացումը վկայում է երկրի անվտանգութեան մասին, եւ զբօսաշրջիկները երկու երկրների խաղաղութեան, բարեկամութեան, անվտանգութեան սուրհանդակներն են»։
Բարձր գնահատելով կողմերի ջանքերը՝ հայ վարորդների մուտքն Իրան դիւրացնելու ուղղութեամբ, դեսպանն ասել է․ «Այս քայլը զբօսաշրջիկներին հնարաւորութիւն կտայ աւելի մեծ հաճոյք ստանալ ճամփորդութիւնից»։
Անդրադառնալով Իրանի աւտոմրցարշաւների կենտրոնի պատմութեանն ու միջազգային կազմակերպութիւններին անդամակցութեանը, Սոբհանին հայկական կողմին խորհուրդ է տւել օգտւել այդ կարողութիւններից։