Արա Պօղոսեան. «Թուրքիան հայ հասարակութեանը համոզում է՝ իշխանափոխութեան դէպքում կը լինի պատերազմ»
«ԱԼԻՔ» – Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԱԾ-ն յայտնեց, որ Արարատի մարզի՝ հայ-թուրքական սահմանին գտնւող Ռանչպար գիւղում փորձ են արել հատել սահմանը: Թեմայի վերաբերեալ Alpha News-ը զրուցել է քաղաքագէտ Արա Պօղոսեանի հետ:
«Յստակ տեղեկատւութիւն չկայ՝ սահմանը հատւել է, թէ ոչ: Եթէ հատւել է, ում կողմից, ինչ նպատակներով: Սա Հայաստանի Հանրապետութեան Ազգային անվտանգութեան ծառայութեան թիւ մէկ խնդիրը պէտք է լինէր այս պահին: Ցաւօք սրտի, հաղորդագրութիւնը չափազանց երկիմաստ է եւ յստակ վերլուծութեան համար բաւարար չափով նիւթ չի տրամադրում: Գիտենք, որ Հայաստանի, մասնաւորապէս՝ հայ-թուրքական սահմանին տարբեր տարիներին այսպիսի հատման փորձեր եղել են:
Ընդորում, հատման փորձերը յաճախ կապւած են եղել Թուրքիայում էթնիկ փոքրամասնութիւնների նկատմամբ բռնաճնշումների հետ, մասնաւորապէս՝ հիմնականում քրդերն են հատել հայ-թուրքական սահմանը: Այս դէպքում խօսքը նպատակադրւած հատման մասին է»,- ասել է քաղաքագէտը:
Նա այն համոզմունքն ունի, որ Թուրքիան ու Ադրբեջանը հայ հասարակութեանը համոզում են՝ իշխանափոխութեան դէպքում կը լինի պատերազմ:
«Ադրբեջանն այս պահին ակտիւօրէն շարունակում է «Զանգեզուրի միջանցք»-ի մասին խօսել, իսկ թուրքական կողմը շարունակում է մինչեւ Նախիջեւանի սահմանը ճանապարհ կառուցել։ Եթէ շարունակւում է ճանապարհահատւածի կառուցումը, առնւազն կայ սցենար: Թէ՛ Ադրբեջանը, թէ՛ Թուրքիան իրենց համար ռազմավարական են համարում «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը:
Տարածաշրջանում տեղի է ունեցել թուրքական կշռի մեծացում՝ ի հաշիւ Սիրիայում տեղի ունեցածի: Նշանակում է, որ թուրք-ադրբեջանական այս սցենարը ակտուալ է մնալու, եւ Թուրքիան Ադրբեջանի միջոցով փորձելու է Հայաստանի վրայ ճնշումներ գործադրել եւ հասնել այս միջանցքի բացմանը: Թուրքիան ու Ադրբեջանը նաեւ տարբեր հնարքներով հայ հասարակութեանը փորձում են համոզել՝ իշխանափոխութեան դէպքում կը լինի պատերազմ»,- եզրափակել է քաղաքագէտը: