Մշակութային

Դեղնել է էս հեքիաթի էջերը

ՔՐԻՍՏԻՆԷ ԳՈԼԲՈՒԴԱՂԵԱՆ

 

Ես ուշ հասկացայ, որ աշխարհը գանգատիլ մի պառաւ է, որ քայլում ու քրթմնջում է քթի տակ, որ աշխարհը ո՛չ նոր է ո՛չ էլ նորութիւն, որ էդ պառաւը ծուռ ու թէք է գրել սրա նրա գիրը, որ ինքը տէր չունի՝ մենք էլ՝ դեր, որ աշխարհը ոչ թէ մոլորակ այլ մի կլորակ է փակ, որի շուրջ աչքակողպիկ են խաղում անտէրներն ու անդերերը, որ խաղի ընթացքում նա կուլ է տալիս մարդկանց ու այլեւս չի վերադարձնում, ես ուշ հասկացայ որ ամէ՛ն ինչի համար ուշ է արդէն, որ վաղն էլ ուշ է, որ էսօր էլ ուշ էր, որ արեգակի պէս հեռու մի տեղ է էդ խոստումնալից վաղը, էդ վաղն որ բերելու էր ամէ՛ն ինչ, որ արդարութեան կշիռը չի պահում աչքափակ գեղեցկուհին, այլ՝ էս պառաւի դողացող ձեռքերը, ես ուշ հասկացայ որ աշխարհը մի երազահան է, որ բազմած մի սեղան է՝ ծննդեան ու հոգեհացի, որ էդ պառաւի ականջները ծանր են եւ այդ իսկ պատճառով է որ նա խեղդւողի բղաւոցը չի լսել երբեք որ գլուխը հանցիստ է դնում բարձին… Ես ուշ հասկացայ որ ցաւին արեւշատութեամբ են օրհնել, որ վշտի վէրքը մինչեւ աչքդ բաց է կը թարախի, իսկ որ ուրախութիւնն էլ՝ յետոյ կը ցաւեցնի իր յուշերի ամբո՛ղջ ուժով, ես ուշ հասկացայ որ կեանքի հետ մենամարտելիս տանուլ ենք տալու մի տեղ՝ անգամ մահը չի յաղթել նրան, թէ էս ամէնը բախտ է կամ ճակատագիր՝ մենք երբեք չենք հասկանայ, որ մենք խօսքեր ենք՝ որ պիտի հեքիաթ դառնայ, որ մտքով թռչենք ո՞ր ի՜նչ՝ որ ժամանակը շարժել չենք կարող, հեռանալ չե՛նք կարող, յետդարձ չի՛ լինի, մենք ժամանակին եխնել*) չե՛նք կարող…

Աւա՜ղ…

Որ էս հեքիաթի պառաւը, է՛դ «վաղն» ամէն գիշեր դնում է բարձի տակ ու քնում, որ ո՞վ է գտնելու բերի էդ գաղտնի բանալին հեքիաթի խորքից ու փակի էս հեքիաթը հի՜ն…

 

*) Եխնել – Արցախի բարբառով նշանակում է յաղթել, յաղթահարել:

Related Articles

Back to top button