Երբ երկու ճշմարտութիւն հանդիպում են նոյն էջում

ՀԱՏԻՍ
Գրքի մասին գրելիս երբեմն ամենադժւար մասը ոչ թէ տեղեկութիւն գտնելն է, այլ շեշտի ճիշտ ուղղութիւնը գտնելը։
Գրքի անձնագիրը, հեղինակի խօսքը, խմբագրական ներկայացումը, նկարազարդումները, ձեւաւորումը՝ այս բոլորը պատմութեան տարբեր շերտերն են։ Եւ երբեմն այդ շերտերը կարող են մի փոքր տարբեր պատմութիւններ պատմել։
Վերջերս բանաստեղծութիւնների մի ժողովածու ներկայացնելիս հանդիպեցի նման մի իրավիճակի։ Գրքի նկարազարդ էջերի եւ պատկերների մասին նշել էի գրաֆիկական աշխատանքի հեղինակի անունը, քանի որ գրքի տեխնիկական բաժնում հենց այդպէս էր նշւած՝ որպէս գրաֆիկական աշխատանքն իրականացնող։
Սակայն գրքի հեղինակը իր դիտարկմամբ յիշեցրեց, որ գրքում տեղ գտած նկարների հեղինակը ինքն է, եւ այդ մասին նշել էր նաեւ իր մասին պատմող բաժնում։
Առաջին հայեացքից կարելի էր հարցնել՝ ո՞վ է ճիշտ։ Բայց իրականում մի կողմից՝ գրքի անձնագիրն է ներկայանում որպէս փաստաթուղթ, որտեղ նշւում են հրատարակութեան տեխնիկական մանրամասները։ Միւս կողմից՝ հեղինակի խօսքը ստեղծագործութեան ինքնութեան մասին է՝ այն մասին, թէ ինչ տեղ ունի այդ աշխատանքն իր ստեղծագործական ճանապարհում։
Այս երկու տեղեկութիւնները պարտադիր չէ, որ հակասեն միմեանց։ Գրաֆիկական ձեւաւորողը կարող է պատասխանատու լինել գրքի տեսողական լուծումների համար, իսկ հեղինակը՝ ստեղծագործական պատկերների կամ նկարների համար։ Խնդիրը կարող է լինել ոչ թէ փաստի, այլ՝ ներկայացման ձեւի մէջ։
Հէնց այստեղ է սկսւում մշակութային լրագրողի պատասխանատւութիւնը։ Գրքի մասին գրելը միայն վերնագիրը, հեղինակի անունը եւ բովանդակութիւնը ներկայացնել չէ։ Դա նաեւ նշանակում է հասկանալ, թէ որ մանրուքն ինչ նշանակութիւն ունի ստեղծագործողի համար։
Այն, ինչ ընթերցողի համար կարող է թւալ փոքրիկ տեխնիկական տեղեկութիւն, հեղինակի համար երբեմն իր ստեղծագործական ինքնութեան մաս է։ Իսկ լրագրողի ընտրած մէկ բառը կարող է որոշել, թէ ընթերցողը ինչպէս կը ընկալի այդ աշխատանքը։
Մշակութային լրագրութիւնը, հետեւաբար, մշտապէս գտնւում է երկու պահանջների միջեւ՝ ճշգրտութեան եւ զգայունութեան։ Առաջինը պահանջում է հետեւել փաստերին, երկրորդը՝ հասկանալ դրանց ետեւում կանգնած մարդկանց։
Գուցէ ամենաճիշտ վերաբերմունքը ոչ թէ անմիջապէս որոշելն է, թէ ով է սխալ, այլ փորձել հասկանալ ամբողջ պատկերը։ Որովհետեւ մշակոյթի ոլորտում երբեմն նոյն էջում կարող են հանդիպել երկու տարբեր ճշմարտութիւններ։
Եւ լրագրողի գործը դրանցից մէկը լռեցնելը չէ, այլ երկուսի միջեւ կապը գտնելը։



