Հայոց եկեղեցու դէմ պայքարն ու պարտութիւնը Խորհրդային տարիներին

Զ. ՇՈՒՇԵՑԻ
Հայ Առաքելական եկեղեցին, որը դարեր շարունակ հանդիսացել է հայ ինքնութեան, մշակոյթի եւ հոգեւոր կեանքի առանցք, կանգնեց խորհրդային գաղափարախօսութեան կենտրոնացւած ճնշումների թիրախում։
Խորհրդային կարգերի հաստատումից անմիջապէս յետոյ սկսւեցին եկեղեցու հանդէպ համակարգային քայլեր՝ ուղղւած նրա դերակատարութեան նւազեցմանն ու վերացմանը հանրային կեանքից։ 1920-1922 թթ. ընթացքում նորաստեղծ Խորհրդային Հայաստանի իշխանութիւնները պետականացրին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ունեցւածքը, դպրոցները, տպագրատներն ու հողատարածքները։ Եկեղեցին զրկւեց ոչ միայն նիւթական հիմքից, այլեւ կրթական, քարոզչական եւ սոցիալական գործունէութիւն ծաւալելու հնարաւորութիւնից.
«1920 թւականի դեկտեմբերի 17-ին Հայաստանի Յեղկոմն (Յեղափոխական կոմիտէ-ԽՄԲ.)իր որոշմամբ անջատեց դպրոցը եկեղեցուց, իսկ դեկտեմբերի 19-ին արդէն բռնագրաւեցին Էջմիածնի վանքի շէնքերն ու ունեցւածքի մի մասը, այդ թւում՝ նաեւ Ճեմարանի շէնքը եւ Ս. Էջմիածնի, Ս. Հռիփսիմէի, Ս. Գայիանէի եւ Ս. Զւարթնոցի շէնքերը, էլեկտրակայանը, էջմիածնապատկան այգիները եւ այլն: Արդէն 1921 թւականի յունւարի կէսերին Յեղկոմը եւս մի խելակորոյս որոշում ընդունեց Էջմիածնի վանքից նրա արժէքներն առգրաւելու մասին»: (Ստեփան Ստեփանեանց, «Հայ Առաքելական եկեղեցին ստալինեան բռնապետութեան օրօք», Երեւան, 1994, էջ 8):
Նոյն քաղաքականութիւնը վարւում էր նաեւ Արցախում: Այնտեղ 1920-ականների վերջերին ու 30-ականներին համակարգային կերպով փակւեցին թեմի բոլոր եկեղեցիները, իսկ հոգեւորականներն աքսորւեցին կամ ստիպւած լքեցին իրենց պաշտօնները։
Այս քաղաքականութիւնը նպատակ ունէր հիմնովին չէզոքացնել եկեղեցու ազդեցութիւնն ու բաժանել ժողովրդին հոգեւոր արժեհամակարգից։
1923-1930 թթ. ընթացքում սկսւեց լայնածաւալ հակակրօնական արշաւ՝ մաս կազմելով ԽՍՀՄ ամբողջական հակակրօնական քաղաքականութեան։ Հայաստանում փակւեցին եկեղեցիներ ու մատուռներ, աւերւեցին տասնեակ վանքեր: Վարկաբեկող քարոզչութիւնը եկեղեցու դէմ դարձաւ պետական մեխանիզմի մաս, դպրոցներում եւ մամուլում պրոպագանդւում էր աթէիզմը՝ հաւատքը ներկայացնելով որպէս յետամնացութիւն։
Նոյն ժամանակահատւածի ուսումնասիրւած արխիւային նիւթերում արձանագրւած են 12 հոգեւորականների դէմ ձեռնարկւած գործողութիւններ։ Նրանց շարքում եղել են Հայ Առաքելական, Աւետարանական եւ Կաթոլիկ եկեղեցիների ճանաչւած գործիչներ, այդ թւում՝ Սրապիոն եպիսկոպոս Սամուէլեանը, Գիւմրու Հայ աւետարանչական համայնքի առաջնորդ Ռաֆայէլ Մելիք-Ադամեանը, Մխիթարեան միաբանութեան վարդապետ Ներսէս Ակինեանը, ինչպէս նաեւ մոլոկան համայնքի կրօնական ղեկավարներ:
1937-1938 թւականների ընթացքում Հայոց եկեղեցու դէմ տեղի ունեցան ամենաարիւնալի եւ ամենաողբերգական գործողութիւնները:
Միայն 1937 թւականին ձերբակալւել եւ գնդակահարւել են աւելի քան 120 հայ հոգեւորականներ։ Նրանցից շատերը՝ առանց դատաքննութեան, մեղադրւեցին հակայեղափոխական, ազգայնական կամ օտարերկրեայ հետախուզութիւնների հետ կապեր ունենալու կեղծ մեղադրանքներով։
Խորհրդային անվտանգութեան կողմից եկեղեցու ներսում գործել են նաեւ գաղտնի գործակալներ՝ հոգեւորականների դէմ ցուցմունքներ կորզելու եւ ապօրինի գործեր յարուցելու նպատակով։ Այս տարիներին փաստացի պարալիզացւեցին եկեղեցու հիմնական կառոյցները: 1938 թւականին եւս իրավիճակը բարդանում էր.
«Արդէն 1938 թւականի յուլիսի 8-ին Հայաստանի Կոմունիստական (բոլշեւիկեան) կուսակցութեան Կենտկոմի բիւրոյում յայտարարւեց Երեւանում յուլիսի 25-ին «Մարտնչող անաստւածների միութեան» հանրապետական համագումար հրաւիրելու մասին: Հայաստանի կոմկուսի նոր ղեկավարութիւնը Գրիգոր Արուտինովի գլխաւորութեամբ լրջօրէն իր ձեռքը վերցրեց «եկեղեցական» հարցը, ձգտելով մէկընդմիշտ լուծել այն: Կրօնի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքն աճում էր վերընթաց գծով»: (Ստեփան Ստեփանեանց, «Հայ Առաքելական եկեղեցին ստալինեան բռնապետութեան օրօք», Երեւան, 1994, էջ 126):
1938 թւականի ապրիլի 6-ին Խորհրդային պետանվտանգութեան գաղտնի գործակալները Վեհարանում, իր բնակարանում, խեղդամահ արեցին Խորէն Ա Կաթողիկոսին։ Սկզբում նրա մարմինը յուղարկաւորւել է Սուրբ Գայիանէ եկեղեցու գաւթում, իսկ 1996 թւականի սեպտեմբերին աճիւնը տեղափոխւեց Էջմիածնի Մայր տաճարի բակ։ Չնայած այս հալածանքներին, եկեղեցին պահպանեց իր ներքին կենսունակութիւնը՝ շնորհիւ հաւատացեալ ժողովրդի աջակցութեան։
Սակայն 1930-ականների բռնաճնշումները խորապէս խաթարեցին եկեղեցու կազմակերպական հիմքերը եւ թողեցին տեւական ցաւ ու յիշողութիւն՝ որպէս Հայոց եկեղեցու ամենադաժան շրջաններից մէկը: Սակայն նոյնիսկ խորհրդային ամենակարող թւացող մեքենան անգամ չկարողացաւ հայ մարդու հաւատն ու նւիրումն առ եկեղեցին ոչնչացնել:
Մօտ եօթ տասնեակ տարի ձգւող այդ դժւար շրջանը մի օր ոչնչացաւ, ու Հայոց եկեղեցին ապրեց վերածննդի շրջան:
Պատմական այս փաստերն ու իրողութիւնները կարեւոր են՝ հասկանալու համար, որ հազարամեակների ընթացքում Հայոց եկեղեցին միշտ հալածանքների է ենթարկւել օտարի կողմից եւ կարողացել է անյաղթահարելի թւացող մարտում յաղթանակած դուրս գալ:
Մեր օրերում, սակայն, Հայոց եկեղեցու դէմ պայքար սկսել են մղել արդէն «հայերը»: Նրանք եւս կը գան ու կանցնեն եւ կը մնան պատմութեան աղբանոցում՝ որպէս Հայոց եկեղեցու դէմ պայքարի ելած միակ «հայեր»:
168.am