Անառողջ ապրելակերպը թուլացնում է ուղեղի արգելակային համակարգը

Անառողջ ապրելակերպը նւազեցնում է ուղեղում նեարդային ակտիւութեան հաւասարակշռութիւնը պահպանող գամմա-ամինոկարագաթթւի (GABA) մակարդակը։ Նման եզրակացութեանն են հանգել Սանշայն Քոստի համալսարանին առընթեր Թոմփսոնի ինստիտուտի գիտնականները։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Cerebral Cortex բժշկագիտական հանդէսում։
Հետազօտութեանը մասնակցել են 79 տարեց մարդիկ, որոնք պահպանել են ճանաչողական գործառոյթները։ Օգտագործելով մագնիսառեզոնսային շերտագրութիւնն ու մագնիսառեզոնսային սպեկտրոսկոպիան, հետազօտողները չափել են քիմիական նիւթերի մակարդակը նրանց ուղեղում եւ համեմատել տւեալները դեմենցիայի անհատական ռիսկի ցուցանիշների հետ։ Այդ ցուցանիշները հաշւարկւել են ապրելակերպի գործօնների հիման վրայ, ներառեալ ֆիզիկական ակտիւութիւնը, քնի որակը, սնունդը եւ սոցիալական ներգրաււածութիւնը։
Գիտնականները պարզել են, որ դեմենցիայի բարձր, բայց պոտենցիալ փոփոխելի ռիսկի ենթակայ մարդիկ ուղեղի զգայական եւ շարժիչ հատւածներում ունեցել են GABA-ի աւելի ցածր մակարդակ։ Այդ նիւթն ուղեղում գործում է որպէս «արգելակային համակարգ»՝ օգնելով կարգաւորել չափազանց նեարդային ակտիւութիւնը։
Նաեւ նախաճակատային կեղեւում, որը պատասխանատու է որոշումների ընդունման եւ բարդ մտածողութեան համար, բարձր ռիսկի խմբի մասնակիցներն ունեցել են ընդհանուր N-ացետիլասպարտատի (tNAA) եւ ընդհանուր խոլինի (tCho) ցածր մակարդակներ, որոնք կարեւոր են նեարդային հիւսւածքի առողջութեան եւ բջիջների միջեւ ազդանշանների փոխանցման համար։
Հետազօտութեան առաջատար հեղինակ, դոկտոր Ջէյքոբ Լեւենշտէյնի գնահատմամբ՝ այս նեարդաքիմիական մարկերների նւազումը նշանակալի ճանաչողական խանգարումից զերծ մարդկանց շրջանում կարող է ցոյց տալ փոփոխութիւնների սկիզբը ախտանիշների ի յայտ գալուց շատ առաջ։ Դա լայն հնարաւորութիւններ է բացում դեմենցիայի վաղ յայտնաբերման եւ կանխարգելման համար։
News.am