Մարդկութեան 2/3-րդն ապրում է 70 տարեկանից բարձր տղամարդկանց ղեկավարութեան ներքոյ

«ԱԼԻՔ» – Աշխարհի բնակչութեան 2/3-րդ մասն ապրում է 70 տարեկանից բարձր տղամարդ առաջնորդների ղեկավարութեան ներքոյ: Այս մասին ասւած է գերմանական Bild պարբերականի հրապարակած վերլուծութեան մէջ:
Տւեալները վերլուծելիս հեղինակները հաշւի են առել ոչ թէ պետութիւնների անւանական ղեկավարների տարիքը, այլ նրանց, ովքեր իրականում այդ երկրներում կայացնում են առանցքային որոշումներ:
Նշւում է, որ քաղաքական իշխանութիւնն ամբողջ աշխարհում աւելի ու աւելի շատ է կենտրոնանում տարեց տղամարդկանց ձեռքում, օրինակ՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Չինաստանում, Հնդկաստանում: Մօտաւորապէս 8 միլիարդ բնակչութիւնից 5,4 միլիարդը, այսինքն՝ 67.5 տոկոսը ապրում է 70 տարեկանից բարձր տղամարդկանց կառավարման ներքոյ:
Այս առումով ներկայիս ռեկորդակիրը Կամերունի նախագահ Փօլ Բիեան է: Նա 91 տարեկան է, պաշտօնավարում է 42 տարի։
Ինչ վերաբերում է կանանց, ապա ամբողջ աշխարհում իգական սեռի ղեկավարների իշխանութեան ներքոյ ապրում է 380 միլիոն մարդ՝ աշխարհի բնակչութեան 5%-ից մի փոքր պակաս: Խօսքն ընդամէնը 28 երկրի մասին է: Դրանցից ամենամեծն են Մեքսիկան եւ Իտալիան։ Ամենաերիտասարդ կին վարչապետը Քրիստուն Ֆրոստադոտտիրն է (Իսլանդիա): Նա ընդամէնը 36 տարեկան է։