Այլ

Հրանտ Թադէոսեան. Էկոլոգիապէս մաքուր արւեստ

ԼԵՒՈՆ ԼԱՃԻԿԵԱՆ

 

Իրանահայն արւեստասէրների թերեւս չնչին մասը թերեւս տեղեակ լինեն Հայաստանի ժողովրդական նկարչի կոչումը կրող՝ գեղանկարիչ Հրանտ Թադէոսեանի (ստեղծագործական ստորագրութեամբ՝ ԹԱԹՈՍ-ի) մասին։

Հայրենի բնութեան բիւրեղեայ բնանկարների ու վերածական պատկերների ստեղծագործ հեղինակ է Թաթոսի, որի ծննդեան 80-ամեակը պատշաճ կերպով նշւեց անցեալ տարի Երեւանում։

Ստորեւ որոշ յապաւումներով ներկայացնում ենք նրա արւեստակիցներից՝ ճարտարագէտ, գրաֆիստ եւ գեղանկարիչ՝ Սամուէլ Լաճիկեանի հակիրճ ու բազմակողմանի յօդւածը՝ գրւած Թաթոսի 80-ամեակի առթիւ, որը հետաքրքրւող ընթերցողին մտովի փոխադրում է շնորհալի արւեստագէտի ներաշխարհ ու առաւել հարազատացնում ազգային մշակոյթի ոգով տոգորւած արւեստի արմատների հետ։

ԱՐԱ Յ.

 

Ով երբեւէ այցելել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադէոսեանին, նոյն ինքը՝ Թաթոսի արւեստանոց, իրեն հաստատ յայտնաբերել է  Հայաստանի գեղատեսիլ բնութեան գրկում:

Պատերին կախւած եւ մէջք մէջքի յենած տասնեակ, չասելու համար՝ հարիւրաւոր կտաւներում մեր բնաշխարհի ծանօթ-անծանօթ անկիւններն են, ծառերն ու թփերը, իսկ գլխաւորապէս՝ ծաղիկնե՜ր, ծաղիկնե՜ր, ծաղիկնե՜ր… Նկարիչը, իր իսկ խօսքերով, գիտի ՀՀ իւրաքանչիւր քառակուսի մետրը. նկարել է իր ծննդավայր Շիրակ աշխարհը, Լոռին, Սիւնիքը, միւս տարածաշրջանները: Նա բնաւ զանազանութիւն չի դնում մարզերի ու բնակավայրերի միջեւ. բոլորը միասին եւ առանձին-առանձին վերցրած՝ մեր հող հայրենին են: «Հայաստանի որ մասն էլ գնաս, նկարելու բան կայ», – ասում է նա՝ նկատել տալով իր ամենասիրած բոյրը «հողի բոյրը» :

Բնապաշտ արւեստագետը ծնւել է Մեծ Մանթաշին մերձակայ Արեւշատ գիւղում: Անուրախ մանկութիւն է ունեցել. Երեք տարեկանում զրկւել է ծնողներից եւ հասակ առել Արթիկի մանկատանը: Յուշերն իրեն ետ են տանում դէպի մանկութեան ուրախ-տխուր օրերը, երբ տուֆի հանքերում բանող գերմանացի ռազմագերիներին հաց էին տանում եւ փոխարէնը, որպէս նւէր, ստանում քարի խեժից պատրաստւած փոքրիկ մեքենաներ: Այդժամ գնահատեց արւեստը, զգաց ձեռագործ աշխատանքի հմայքը:

Սկսել է ստեղծագործել դեռ դպրոցական տարիներից՝ մասնակցելով աշակերտական տարբեր ցուցահանդէսների: Երեւանում կազմակերպւած նամանատիպ մի ձեռնարկի ժամանակ անձամբ Մարտիրոս Սարեանից ստացել է ներկերի տուփ, ոսկէ մեդալ եւ վրձիններ:

Ճակատագրական է եղել նաեւ հանդիպումը նշանաւոր գեղանկարիչ Գաբրիէլ Գիւրջեանի հետ, ով հաւանելով օժտւած պատանու նկարները՝ խորհուրդներ է տւել նրան եւ ուղղորդել Փանոս Թերլեմեզեանի անւան գեղարւեստի ուսումնարան: Այդտեղից էլ մեկնել է բանակ, որտեղ շարունակել է իր սիրած գործը: Վերադառնալուց յետոյ ուսումը շարունակել է Երեւանի Խաչատուր Աբովեանի անւան մանկավարժական ինստիտուտի գեղագիտութեան ֆակուլտետում՝ ունենալով այնպիսի դասախօսներ, ինչպիսիք են՝ Յովհաննէս Զարդարեանը, Արտաշէս Յունանեանը, Արտաշէս Յովսէփեանը, Լիւդւիգ Բերբերեանը, ուրիշներ:

Ամենահետաքրքիրն ու զարմանալին այն է եղել, որ երբ 1965-ին բուհն աւարտելուց յետոյ ցանկացել է մասնակցել հանրապետական գեղարւեստական ցուցահանդէսների՝ անվերջ մերժւել է: Որպէս հետեւանք չի ստեղծագործել մի ամբողջ քսանամեակ՝ մինչեւ 1985 թւականը: Անսալով, սակայն, ընկերների խորհրդին՝ վերջապէս խախտել է լռութեան ուխտը եւ տարիներով ունեցած կուտակումն անհագօրէն յանձնել թղթին ու կտաւին: Այսպիսով, 1989-ին, 51 տարեկան հասակում Հայաստանի Լրագրողների տանն առաջին անգամ բացել է իր անհատական ցուցահանդէսը: Իրենց գործընկերոջ վերադարձը հայկական վրձնաշխարհ ողջունել են Էդուարդ Արծրունեանը, Ալեքսանդր Գրիգորեանը՝ հրաւիրելով ընդունւել ՀՀ Նկարիչների միութեան շարքերը:

Անցած 30 տարում արդէն մօտ 30 անհատական ցուցահանդէս է ունեցել Հայաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շւէյցարիայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Ճապոնիայում, Չինաստանում, այլուր: Դրանց միջուկը կազմել են նրա բնանկարները: «Ինչ նկարում եմ, բնութիւն է ստացւում,- մեր զրոյցում անկեղծօրէն խոստովանեց Հրանտ Թադէոսեանը՝ յաւելելով,- Նոյնիսկ աբստրակտ նկարներս ծնւել են բնութիւնից» : Իրօք, կտաւների բնականօրէն թարմ ու անխառն գոյները մեզ հրամցնում են էկոլոգիապէս մաքուր արւեստ, որը կարծես մեր շուրջ աւելացնում է թթւածնի չափաբաժինը եւ դիտողին համակում կենսասիրութեամբ ու լաւատեսութեամբ: Նրա արւեստի երկրպագուներից մէջբերենք ՀՀ ժողովրդական արտիստ Սօս Սարգսեանի հետեւեալ խօսքերը. «Կարծում եմ՝ չեմ սխալւի, եթէ ասեմ, որ էն, ինչ Յովհաննէս Թումանեանն ու Հրանտ Մատթէոսեանը Լոռւայ բնաշխարհը իրենց բառ ու բանով են նկարագրել ու ներկայացրել, գեղանկարիչ Հրանտ Թադէոսեանն էդ ամէնին գոյն ու երանգ է տւել: Նրա կտաւներում ես հանգստանում եմ»:

«Ես բնութիւն եմ գնում ոչ թէ էտիւդի, այլ աւարտուն աշխատանք անելու համար»,- այսպէս իր միտքը պարզաբանեց առաջացած տարիքի արւեստագէտը: Այո՛, չնայած ութսունամեակի շեմին լինելու հանգամանքին՝ նա բնութիւն է «գնում» գրեթէ ամէն օր, եթէ թոյլ են տալիս ժամանակն ու զբաղւածութիւնը (2008-ից դասաւանդում է Երեւանի ճարտարապետութեան եւ շինարարութեան պետական համալսարանում): Ես հասկացայ, որ բնութեան տւեալ տեսարանը մինչ կտաւին փոխանցելը նա մտովի այն «նկարում է» իր հոգում կամ, ինչպէս ինքն է ասում, իրենով անում, ապա նոր սկսում աշխատել:

Սիրում է յատկապես գարունն ու աշունը, երբ բնութիւնը զարթօնք է ապրում կամ հակառակը՝ մերկացնում իր գոյները: Ձմռանն էլ ձմռան նման հանգստանում է ու խաղաղւում: Իմանալով մինչ հիմա վարպետի վրձնած նկարների թիւը՝ շուրջ 6000, ակամայ հարցրի թէ որքա՞ն ժամանակում է նկարում մէկ մեծաչափ նկարը: «Երեք   ժամում», – ժպիտով պատասխանեց նա՝ պատճառելով թէ՛ զարմանք, թէ՛ հիացմունք:

Բնական է, որ գոյնը պիտի լինէր նրա նկարչութեան առաջատար տարրը եւ առաջմղիչ ուժը: Գիծը ոչ թէ չկայ, այլ կարծես ամենեւին չկայ դրա անհրաժեշտութիւնը:

Ամենազօր գոյնին է յանձնւած նկարչական մակերեսի ողջ տիրոյթը: Այն իմաստակիր է եւ լաւագոյնս է թարգմանում հեղինակի զգացողութիւնը, բնութեան նրա ընկալումը:

Հրանտ Թադէոսեանը՝ արւեստի մասին

«Ես գիտեմ նկարել ու նկարում եմ, ուզում եմ իմ նկարները դիտողները նայեն ու  իրենց լաւ զգան, իրենց հայերէ՛ն զգան, սիրեն բնութիւնը, գնահատեն, արժեւորեն։ Ես ընդամէնը դրա քարոզիչն եմ։ Ուզում եմ իմ նկարներով մարդը հաղորդակցւի արւեստի հետ»։

«Արւեստից հեռանալը նշանակում է  շատ բան կորցնել։ Մեր տեսակն այնպիսին է, որ չենք կարող անտարբեր գտնւել այլ, այլ հասկացողութիւնների մէջ։ Մշակոյթն ինքնին քաղաքականութիւն է, ինքնին կրթւածութիւն է, ազգի բնութագիրն է, ազգի տեսակն է, որը պէտք է արժեւորւի։ Ուզում եմ մարդիկ այդպիսի հայեացքով նայեն նկարներին, հաղորդակցւեն ու ամէն ինչ լաւ կը լինի»։

«Ստեղծագործելու պահը երանութեան նման մի բան է, դու դրախտային իրավիճակում ես, որովհետեւ այն, ինչ անելու ես, ոչ մէկից կախւած չէ, միայն դու ես, քո ներաշխարհը, քո մտածելաձեւը, քո վարպետութեան հնարքները…»։

Ասւածն, իհարկէ, ամենեւին չի նշանակում, թէ Հրանտ Թադէոսեանը միայն բնանկարիչ է: Ո՛չ, նա ունի թէ՛ նատիւրմորտներ (դարձեալ հիմնականում ծաղիկներով), թէ՛ վերացարկւած յօրինւածքներ եւ թէ՛ կոմպոզիցիոն նկարներ:

Վերջիններիցս առանձնացնենք հոգեւոր թեմաներով նրա գործերը եւ մասնաւորապէս «Խաչելութիւնը»: Տիրոջ խաչելութեան պատկերներ՝ թէ՛ դասական, թէ՛ ժամանակակից, շատ եմ տեսել: Այս մէկը, սակայն, տարբեր է միւսներից իր լուծմամբ եւ գունային գամմայով: Ներքեւում՝ մթութեան մէջ, հաւատացեալներն են՝ հայեացքն առ երկինք ու խաչեալ Քրիստոսը: Աստծոյ որդին, ամբողջութեամբ ճեփ-ճերմակ ու պատանքով փաթաթւած, կոմպոզիցիայի կենտրոնն է կազմում: Նրա լուսէ կերպարը շարունակւում է մէկ այլ՝ «Լոյսի խորհուրդը» կտաւում, որտեղ դարձեալ ճերմակազգեստ Քրիստոսն ու իր աշակերտները հայեացքները հառել են Դեմիուրգ(1)-Աստծուն՝ նրանից ապաւինելով խորհուրդ ու կարեկցանք:

Հրանտ Թադէոսեանի՝ դիմանկար կերտելու վարպետութիւնն արդէն զգալի էր ուսանողական տարիներից: Վկան՝ նրա արւեստանոցի պատին այսօր էլ կախւած հասուն աշխատանքն է՝ «Օհան պապի դիմանկարը» (1962): Որքան էլ հեղինակը շարունակել է այդուհետ տասնեակ նոր դիմանկարներ կերտել, նրա նախասիրած ժանրը եղել եւ մնում է բնանկարը: Վերջինս հայրենիքը սիրել տալու հետ միասին նաեւ դաստիարակչական մեծ առաքելութիւն ունի նորահաս սերնդի համար:

——————–

1-Դեմիուրգ -Արարիչ, ստեղծագործ՝ կազմակերպող ուժ՝ զօրութիւն

Related Articles

Back to top button