Հայերն այժմ նոր թիրախ ունեն. Յորդանանը՝ Ադրբեջանի ճնշումներին ենթարկւելու համար
Կարծես թէ հայերը քիչ խնդիրներ ունէին լուծելու, հիմա էլ պէտք է պահանջեն, որ Յորդանանը չեղեալ համարի իր արցախեան թեմայով «Օսկար»-ի մասնակցութիւնից հրաժարւելը Ադրբեջանի ճնշումների ներքոյ:
Յորդանանի թագաւորական կինոյանձնաժողովն ընտրել էր Նիւ Եօրքում բնակւող յորդանանցի ամերիկացի ռեժիսոր Սարին Հայրապետեանի «Տունս քաղցր ա» վաւերագրական ֆիլմը՝ «Օսկար»-ի մրցանակաբաշխութեան «Լաւագոյն միջազգային ֆիլմ» անւանակարգում ներկայացնելու համար։ Ֆիլմի պրոդիւսերն է Ազզա Հուրանին, իսկ համապրոդիւսերները՝ Ջուլի Պարատեանը եւ Դէյւիդ Ռէյնը։ Գործադիր պրոդիւսերներն են Բեթ Լեւիսոնը, Քերի Լոզանոն, Հալի Ադելմանը, Ռինտու Թոմասը եւ Սուշմիթ Գոշը։ Համագործադիր պրոդիւսերն է Ռոբինա Ռիչիտիելոն։
Ֆիլմը պատմում է 11-ամեայ Վրէժի մասին, որն ապրում էր Արցախում։ Նրա գիւղի վրայ Ադրբեջանի յարձակումից յետոյ, Վրէժն ու իր ընտանիքը փախել են, իսկ յետոյ վերադարձել՝ ականատես լինելով աւերածութիւններին։
«Տունս քաղցր ա» ֆիլմը յուլիսին ստացել էր Ամմանի միջազգային կինոփառատօնի ժիւրիի մրցանակը լաւագոյն լիամետրաժ վաւերագրական ֆիլմի եւ FIPRESCI մրցանակը լաւագոյն երկարամետրաժ արաբական վաւերագրական ֆիլմի համար:
Սակայն, թագաւորական կինոյանձնաժողովը վերջերս յայտարարեց, որ «Յորդանանը հետ է կանչել «Տունս քաղցր ա» վաւերագրական ֆիլմը՝ Ադրբեջանի դիւանագիտական ճնշումների պատճառով»,- հաղորդել է Deadline-ը:
«Ադրբեջանի կառավարութիւնը նամակով դիմել է Յորդանանի արտաքին գործերի նախարարութեանը՝ պահանջելով վերանայել ֆիլմի ընտրութիւնը որպէս «Օսկար»-ին ներկայացւող ֆիլմ, նախարարութիւնն էլ իր հերթին ճնշում է գործադրել Յորդանանի թագաւորական կինոյանձնաժողովի վրայ՝ ֆիլմը հետ կանչելու համար»,- յայտնել է Deadline-ը:
Ադրբեջանական լրատւամիջոցները հաստատել են, որ Ադրբեջանը բողոքել է Յորդանանին «Օսկար»-ին իր ֆիլմի ներկայացման համար։ «Մենք ողջունում ենք Յորդանանի՝ ֆիլմը յետ կանչելու եւ դրա ցուցադրութիւնը Յորդանանում դադարեցնելու որոշումը», ասել է Ադրբեջանի արտգործնախարարութեան խօսնակ Այխան Հաջիզադան։
Ռեժիսոր Սարին Հայրապետեանը եւ պրոդիւսեր Ազզա Հուրանին յայտնել են Deadline-ին. «Մեր թիմի համար սա շատ ցաւալի լուր է, որ երեխայի՝ իր տան եւ ընտանիքի հանդէպ սիրոյ մասին յուզական, անձնական պատմութիւնն արգելել եւ լռեցրել են: Որպէս վաւերագրական ֆիլմեր նկարահանողներ՝ այս գրաքննութիւնը մեզ աւելի քան երբեւէ ստիպում է կիսւել «Տունս քաղցր ա» ֆիլմի գլխաւոր հերոս Վրէժի պատմութեամբ, որն արտացոլում է աշխարհի անթիւ ժամանակակից երեխաների փորձութիւնները, որոնք արժանի են ազատ երազելու՝ առանց պատերազմների եւ բախումների սպառնալիքի»։
Սակայն, ինչպէս պարզւեց, ամէն ինչ կորած չէ։ Կինոարւեստի եւ գիտութեան ակադեմիան «կինոգործիչներին ասաց, որ նրանք կարող են «Տունս քաղցր ա» ֆիլմը ներկայացնել լաւագոյն վաւերագրական անւանակարգում, եթէ այն անցնի ստանդարտ որակաւորման ընթացակարգերը: Ֆիլմի նկարահանող խումբը փորձել է նախընտրական փուլ կազմակերպել Միացեալ Նահանգներում»,- յայտնել է Deadline-ը:
«Տունս քաղցր ա» ֆիլմն իր հիւսիսամերիկեան պրեմիերան կունենայ DOC NYC-ում նոյեմբերի 16-ին եւ 17-ին, իսկ մեր որակաւորման թատերական թողարկումը տեղի կունենայ Laemmle Theatres-ում [Լոս Անջելէսում] նոյեմբերի 29-ից», ասացին Հայրապետեանը եւ Հուրանին Deadline-ին: «Մենք հաւատարիմ ենք մնում մեր ճշմարիտ պատմութիւնը կիսելուն՝ չվախենալով մեր առջեւ ծառացած խոչընդոտներից»:
Ցաւալի է, որ արւեստի գործը քաղաքական ճնշման զոհ է դառնում: Ցաւօք, բայց զարմանալի չէ, որ «ֆիլմի դուրսբերումը միջազգային լիամետրաժ ֆիլմերի դասակարգումից տեղի է ունենում Յորդանանի եւ Ադրբեջանի միջեւ աճող դիւանագիտական եւ տնտեսական կապերի պայմաններում, երբ Ադրբեջանի արտագործնախարար Ջէյհուն Բայրամովը 2024 թւականին Բաքւում ընդունել է յորդանանցի պաշտօնեաների՝ շարունակւող հետագայ համագործակցութիւնը քննարկելու համար»,- հաղորդել է Deadline-ը:
«Մենք հասկացել ենք, որ Յորդանանը ֆիլմը յետ է կանչել, որպէսզի պահպանի Յորդանանի եւ Ադրբեջանի միջեւ դիւանագիտական կապերը վերջինիս բողոքից յետոյ» ասել են ֆիլմի հեղինակները: «Մենք նաեւ իմացանք, որ «Տունս քաղցր ա» ֆիլմի պրեմիերայից Յորդանանում՝ Ամմանի միջազգային կինոփառատօնում, Ադրբեջանի դեսպանատունը նոյնպէս բողոք է ներկայացրել ֆիլմի հանրային ցուցադրման դէմ: Այսպիսով, «Տունս քաղցր ա» ֆիլմը, որը շաբաթներ առաջ ներկայացւել էր փառատօնին, յանկարծ արգելւեց իր հայրենի երկրներից մէկում»:
«Յորդանանի թագաւորական կինոյանձնաժողովն Ամմանի միջազգային կինոփառատօնի ղեկավար մարմինն է: 2024 թւականի յուլիսին տեղի ունեցած այդ միջոցառման ժամանակ «Տունս քաղցր ա» ֆիլմը շահեց երեք մրցանակ՝ ժիւրիի մրցանակ լաւագոյն արաբական վաւերագրական ֆիլմի համար, հանդիսատեսի մրցանակ եւ կինոքննադատների միջազգային մրցանակ (FIPRESCI): Վաւերագրական ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել յունիսին Sheffield DocFest-ում՝ Միացեալ Թագաւորութեան ամենահեղինակաւոր ոչ գեղարւեստական փառատօնում, որտեղ այն ներկայացւել է Միջազգային առաջին խաղարկային մրցանակի»,- յայտնում է Deadline-ը:
Sheffield DocFest-ի ծրագրաւորողները ֆիլմի մասին գրել են. «Վրէժը, Սարին Հայրապետեանի տպաւորիչ խաղարկային դեբիւտի հերոսը (հասունացման զարմանալի պատմութեամբ), մեծացել է Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի կազմում գտնւող էթնիկ հայկական անկլաւում, որը Խորհրդային ժամանակաշրջանի աւարտից յետոյ ականատես է եղել բազմաթիւ հակամարտութիւնների: 11-ամեայ տղան հետեւում է թռչուններին, խաղում ընկերների հետ եւ երազում ատամնաբոյժ դառնալու մասին։ Սակայն, 1992 թւականից ի վեր իր ընտանիքի ապրած երեք պատերազմների արձագանգներն ամենուր են: Նրա տատիկը ցաւում է ազգամիջեան բռնութիւնների շղթայի համար. «Արցախում ապրելը նշանակում է, որ մի օր պատերազմ է լինելու, եւ իմ թոռնիկը մասնակցելու է այդ պատերազմին»։ Երբ նրա դպրոցի դասերը գնալով ռազմականացւում են, եւ Վրէժը պայքարում է իր մանկութեան երազանքները պահելու համար, նրա տատիկի մարգարէութիւնը իրականութիւն է դառնում»:
Deadline-ին ուղղւած էլեկտրոնային նամակում Յորդանանի թագաւորական կինոյանձնաժողովը (RFC) ընդգծել է Ամմանի միջազգային կինոփառատօնում «Տունս քաղցր ա» ֆիլմի ստացած մրցանակները եւ նշել, որ ֆիլմը «2021 թւականին զարգացման ֆինանսաւորում է ստացել RFC-ի Jordan Film Fund-ից»:
Աշխարհասփիւռ հայութիւնը, Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան գլխաւորութեամբ, պէտք է բողոքի Յորդանանի կառավարութեանը: Նրանք չպէտք է թոյլ տան, որ Յորդանանի վրայ ադրբեջանական ճնշումը անպատասխան մնայ: Արցախի կորուստը չպէտք է նշանակի, որ հայերը կը պարտւեն նաեւ հասարակայնութեան հետ կապերի ճակատամարտում, որտեղ կապերն ու պլանաւորումը փոխարինում են անօդաչու թռչող սարքերին եւ ռազմական հզօրութեանը։
Առաջին հերթին, Յորդանանի հայ համայնքը պէտք է անյապաղ օգտագործի իր բոլոր կապերը Յորդանանի կառավարութեան հետ՝ պահանջելու Յորդանանի արտաքին գործերի նախարարութիւնից հրաժարւել իր որոշումից եւ չենթարկւել Ադրբեջանի այլանդակ ճնշումներին։
Երկրորդ, Հայաստանի արտգործնախարարութիւնը պէտք է դիւանագիտական նոտա յղի Յորդանանի կառավարութեանը՝ առարկելով Ադրբեջանի միջամտութեանը Յորդանանի ներքին որոշումներին։
Երրորդ, աշխարհասփիւռ հայերը պէտք է կապ հաստատեն Յորդանանի դեսպանատների եւ հիւպատոսութիւնների հետ՝ արտայայտելու իրենց բացարձակ դժգոհութիւնը Յորդանանի նկատմամբ՝ ադրբեջանական սպառնալիքներին եւ ահաբեկումներին ենթարկւելու կապակցութեամբ:
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ