Արմենուհի Կիւրեղեան. «Այդ մարդն այդպէս էլ ասֆալտի ու պատին ծեփելու մակարդակից չբարձրացաւ»
Յունւարի 4-ին եւ 5-ին մենք բոլորս դիտեցինք վարչապետի աթոռը պինդ գրկածի էժանագին շոուների շարքից երկու նոր արար. այդ մարդն այդպէս էլ ասֆալտին ու պատին ծեփելու մակարդակից չբարձրացաւ: Այս մասին յունւարի 16-ին, ՀՀ ԱԺ-ում յայտարարութիւնների ժամին ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմենուհի Կիւրեղեանը։
Ըստ նրա՝ Փաշինեանին թւում է, եթէ պոկւող կախիչի ու ցնցուղի համար մարդկանց ազատի աշխատանքից, ապա հանրութիւնը կը ների իրեն ամէն ինչ՝ հայրենի Արցախի յանձնումը, հայրենիքի սահմաններից ներս թշնամու ներխուժումը հանդուրժելը, հազարաւոր երիտասարդների մահը։
«Չի ներւելու»,- նշեց նա։
Ա. Կիւրեղեանի խօսքով՝ սպորտ դահլիճի կամ դպրոցի շինարարութեան վրայ ուշադրութիւն դարձնողը մոռանում է կամ չի էլ հասկանում, որ դպրոցաշինութիւնը համալիր մօտեցում է պահանջում. «Առաջին հերթին դա որակեալ կրթութեան համար անհրաժեշտ դպրոցական ծրագրեր են, մանկավարժների համարժէք մակարդակի ապահովումը։ Ինչ որ կախարդական հոտառութեամբ կամ կոնկրետ յուշումով դպրոցում պոկւող կախիչի տեղը գուշակողը, ցնցուղի անորակութիւնն արտաքինից հասկացողը չի կարող չտեսնել, որ այսօր իր ղեկավարած կառավարութիւնը քանդում է կրթական համակարգի կարեւոր յենասիւները։
News.am