Հայաստան - Արցախ

Ընդդիմադիր պատգամաւորը կշտամբել է իշխանութիւններին՝ ադրբեջանական թէզերը պաշտպանող մարդկանց խրախուսելու համար

Յունւարի 16-ին ՀՀ ԱԺ նիստում, խորհրդարանական ժամին, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամաւոր Գեղամ Նազարեանը կշտամբեց գործող իշխանութիւններին՝ ադրբեջանական թէզերը պաշտպանող ու քարոզող մարդկանց խրախուսելու համար։

Ժամանակին, նրա խօսքով՝ կային «սոցիալիստական ​​աշխատանքի հերոսներ»։ Այս կոչումը շնորհւում էր լաւագոյն աշխատակիցներին։

«Գաղափարն ամենաջանասէր աշխատակիցներին բացայայտելու, խրախուսելու եւ պարգեւատրելու նպատակ էր հետապնդում: Այլ հարց է, որ ժամանակի ընթացքում լաւ կապեր ունեցողները սկսեցին արժանանալ այդ կոչմանը։ Այժմ սոցիալիստական ​​աշխատանքի հերոսներին փոխարինել են մեր ժամանակի հերոսները։ Կրկին գաղափարը նոյնն է՝ բացայայտել, խրախուսել եւ պարգեւատրել լաւագոյններից լաւագոյններին: Խորհրդային Միութիւնում չէին հանդուրժում սոցիալիստական ​​աշխատանքի այն հերոսներին, ովքեր յանկարծ, անխոհեմ ու անզգոյշ էին արտայայտւում իրական հերոսների դէմ։ Առնւազն նրանց զրկում էին կոչումից։

Սակայն այսօր մեր ժամանակների աշխատանքի հերոսը յայտարարում է. «Թուրքերը մտել են իրենց պատկանող տարածք դեռ խորհրդային տարիներին։ Սա Հայաստանի տարածքը չէ»։ «Նրանք յաղթեցին պատերազմում եւ տիրեցին իրենց տարածքներին»։ Ուրեմն իսկապէ՞ս հնարաւո՞ր է, որ պետութիւնը պետական ​​միջոցների հաշւին մրցանակաբաշխութիւն կազմակերպի եւ 300 հազար դոլար ծախսի այն բանի համար, որ մեր ժամանակների հերոսը նման անընդունելի յայտարարութիւններ անի։ Իսկապէ՞ս մենք հերոս ենք համարում մէկին, ով պնդում է, որ Ջերմուկի կամ Սոթքի յարակից տարածքներն ադրբեջանական են։ Արդեօք մեր ժամանակների հերոսը պէտք է անյարգալից վերաբերմունք ցուցաբե՞րի իրական հերոսների եւ նրանց ծնողների նկատմամբ: Այսպէս կոչւած, մեր ժամանակների հերոսը նաեւ ասաց. «Պատերազմը միշտ էլ իր զոհերն է ունեցել։ Եւ եթէ իւրաքանչիւր զոհի ծնողները, ինչպէս մի քանի այլ ծնողներ, այդ ամէնը վերածեն ողբերգութեան, երկիրը պարզապէս չի կարող գոյատեւել»: Երկիրը չի կարող գոյատեւել ոչ թէ գերեզմանների կամ տանը իրենց 18-ամեայ որդիներին կարօտող մայրերի արցունքների պատճառով, այլ նրանց, ովքեր չեն տեսնում այս արցունքները»,- ասել է Նազարեանը:

News.am

Related Articles

Back to top button