10 աշխատանքային օրւայ ընթացքում Փաշինեանը Ալիեւին 3 էական զիջում արեց
«ԱԼԻՔ» – Նիկոլ Փաշինեանը 10 աշխատանքային օրւայ ընթացքում 3 էական զիջում արեց Ալիեւին, «Հրապարակ»-ի հետ զրոյցում ասում է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով նախօրէին, այսպէս կոչւած, սահմանազատման հարցով հայ-ադրբեջանական յանձնաժողովների միջեւ ձեռք բերւած համաձայնութեանը։
Շահին-Մուստաֆաեւ-Մհեր Գրիգորեան յայտարարութիւնը, Արթուր Խաչատրեանի խօսքով, այդ զիջումներից հերթականն է, իսկ առաջին ծիծեռնակը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու Փաշինեանի համաձայնութիւնն էր՝ Ալիեւի պահանջին ընդառաջ։
«Դա Ալիեւի պահանջի կատարումն էր, ճիշտ է՝ Փաշինեանը դեռ անցեալ տարի խորհրդարանում հռետորական հարց էր ուղղել, թէ՝ իսկ ի՞նչ է տալիս Մինսկի խումբը Հայաստանին, բայց, եթէ Հայաստանի համար օգուտ չէր տրամաբանական կը լինէր ենթադրել, որ Հայաստանը առաջինը պէտք է դիմէր, բայց Հայաստանը յայտարարեց, որ պատրաստ է դիմել՝ Ադրբեջանի հրահանգից յետոյ»,-ասում է պատգամաւորը։
Յաջորդ զիջումն, ըստ Խաչատրեանի, վերաբերում է սահմանադրական հանրաքւէին ու շեշտում է՝ եթէ անցեալ տարի ՔՊ-ականները յայտարարում էին, որ այն պէտք է անցկացւի 2027 թւականին, օրեր առաջ յայտարարւեց, որ նոր Սահմանադրութեան տեքստը պէտք է պատրաստ լինի 2026 թւականին, որն, ըստ մեր զրուցակցի, արտացոլելու է Ալիեւի պահանջները, հէնց այդ պահանջները բաւարարելու համար է Նիկոլ Փաշինեանը մոգոնել «իրական Հայաստանի ցնորամտութիւնը»։ Պատգամաւորն ընդգծում է՝ տարեսկզբին Ալիեւը յոխորտաց ու սպառնալիքներ տեղաց Հայաստանի հասցէին, յաջորդ օրը Փաշինեանը համաձայնեց կատարել նրա բոլոր պահանջները, իսկ որոշներին ընդհանրապէս չպատասխանեց։
«Երէկ (յունւարի 17-ին, ԽՄԲ.) մենք տեսանք երրորդ զիջումը Ալիեւին։ Ընդամէնը 10 աշխատանքային օրւայ ընթացքում Փաշինեանը Ալիեւին 3 էական զիջում արեց։ Մուստաֆաեւ-Գրիգորեան յայտարարութիւնը բաւականին խրթին է ձեւակերպւած՝ սկիզբը Հայաստան-Վրաստան-Ադրբեջան խաչմերուկից, այսինքն, նախկին Նոյեմբերեանի շրջանից՝ Սադախլո, Մառնէուլի եւ այլն, սկսում են եւ գնում են դէպի հարաւ։ Ինչո՞ւ է Ադրբեջանը պնդել, որ այդ կէտից սկսեն սահմանազատումը, որովհետեւ նրանք յայտարարում են, թէ այնտեղ է գտնւում իրենց, այսպէս կոչւած, Ասկիպարի անկլաւները։ Ո՛չ մի Ասկեպար ես չեմ ճանաչում, բայց Ադրբեջանը յաւակնութիւններ ունի հայկական Ոսկեպարի նկատմամբ։ Այդտեղով սահմանազատման գնալով, Փաշինեանը, փաստօրէն Ալիեւին խօսք է տալիս՝ յանձնել նաեւ Ոսկեպարի հատւածը»,-շարունակում է Խաչատրեանը։
Մինչդեռ, տրամաբանական կը լինէր, եթէ, այսպէս կոչւած, սահմանազատման աշխատանքներն սկսէին, օրինակ, Ջերմուկից կամ Շորժայից, որտեղ Ադրբեջանը դեռեւս 2021-ից է տարածքներ օկուպացրել կամ, ինչպէս ընդդիմադիր պատգամաւորն է նկատում, օրինակ, հայկական Արծւաշէնից, որը Ադրբեջանն օկուպացրել է դեռ 1992 թւականից։
Յիշեցնենք, յունւարի 16-ին պաշտօնական յայտարարութիւն եղաւ այն մասին, որ Մուստաֆաեւի ու Գրիգորեանի գլխաւորած յանձնաժողովները պայմանաւորւածութիւն են ձեռք բերել շարունակել «սահմանազատման համալիր աշխատանքները հիւսիսային հատւածից՝ ՀՀ, Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանների հատման կէտից եւ այնուհետեւ հարաւային ուղղութեամբ՝ հիւսիսից հարաւ մինչեւ ՀՀ եւ եւ Ադրբեջանի սահմանը Իրանի Իսլամական Հանրապետութեան յետայսպէս»:
Արթուր Խաչատրեանը յիշեցնում է, որ օրինակ, Բերքաբերի հատւածում ՀՀ իշխանութիւնը, առանց հայելային յետքաշում պահանջելու, Ադրբեջանին յանձնեց հայկական ինքնիշխան տարածքներ՝ էական հատւած Կիրանցի տարածաշրջանում։ «Հիմա Փաշինեանն ասում է, որ դա Հայաստանի միակ ձեռքբերումն է։ 34 տարի անկախ լինելու պարագայում Փաշինեանը միակ ձեռքբերում է համարում ժեշտից ինչ-որ ցանկապատ»,-արձանագրում է ընդդիմադիր պատգամաւորը։
Մտահոգիչ է նաեւ, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը։ Ադրբեջանի ռազմական ներխուժման հաւանականութիւնը մեծ է համարում Արթուր Խաչատրեանը՝ յիշեցնելով, որ ռուս սահմանապահներն այդ հատւածից դուրս բերւեցին ու հիմա իշխանութիւնը փորձում է պատրանք ստեղծել, թէ ամերիկեան հեռացող վարչակազմի հետ կնքւած գործընկերութեան փաստաթուղթը կարող է ապահովել ՀՀ անվտանգութիւնը, մինչդեռ ԱՄՆ-ն այդ տեքստով որեւէ պատասխանատւութիւն չի ստանձնում՝ ապահովելու ՀՀ սահմանների անվտանգութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը։
Ստեղծւած իրավիճակում, երբ վերահաս է ադրբեջանական նոր հնարաւոր ագրեսիան, Հայաստանը կորցրել է հին դաշնակիցներին, իսկ նորերին ձեռք չի բերել՝ գործնականում մնալով մեկուսացման մէջ։