BBC. Բաքւում պահւող հայ գերիները կարող են դուրս մնալ «խաղաղութեան համաձայնագրից»

«ԱԼԻՔ» – BBC-ի կովկասեան թղթակից Ռէյհան Դեմիտրին ծաւալուն յօդւած է հրապարակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարաւոր «խաղաղութեան պայմանագրի» եւ, այդ համատեքստում, Բաքւում պահւող Ռուբէն Վարդանեանի ու հայ գերիների ճակատագրի մասին՝ նշելով, որ նրանք «կարող են դուրս մնալ խաղաղութեան համաձայնագրից»:
Ստորեւ թարգմանաբար ներկայացւում է յօդւածը՝ որոշ կրճատումներով.
«Ռուբէն Վարդանեանը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մէկն է, սակայն նրա միլիոնները օգուտ չունեն այժմ, երբ նա հարեւան Ադրբեջանում ցմահ բանտարկութեան հեռանկարի առջեւ է կանգնած: Կովկասի այս երկու հարեւան երկրները համաձայնւել են Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ տասնամեակներ տեւող հակամարտութիւնը դադարեցնելու համաձայնագրի տեքստի շուրջ, սակայն Վարդանեանը եւ ԼՂ-ի էթնիկ հայկական ղեկավարութեան միւս 15 նախկին անդամները ընդգրկւած չեն այս համաձայնագրում։ Նրանք դատւում են Բաքւի ռազմական դատարանում՝ մեղադրւելով պատերազմական յանցագործութիւնների մէջ:
… Ռուբէն Վարդանեանի համար ամէն ինչ փոխւեց 2022 թւականի սեպտեմբերին, երբ նա որոշեց տեղափոխւել Լեռնային Ղարաբաղ, որը պատմականօրէն բնակեցւած էր էթնիկ հայերով, բայց Խորհրդային Ադրբեջանի մաս էր կազմել։
Վարդանեանը հրաժարւեց իր ռուսական քաղաքացիութիւնից եւ դարձաւ Լեռնային Ղարաբաղի դէ ֆակտօ վարչապետը, որը հայերը կոչում են Արցախ։ Նա օգտագործեց իր անունը, կապերը եւ անգլերէնի իմացութիւնը՝ բարձրաձայնելու Ղարաբաղի հայերի դժւարին վիճակի մասին։
«Ղարաբաղի նկատմամբ միջազգային այդ ուշադրութիւնը ակնյայտօրէն գրգռում էր Ադրբեջանին»,- BBC-ին պատմել է Ռուբէն Վարդանեանի որդին՝ Դաւիթ Վարդանեանը։
Եղել են ենթադրութիւններ, որ Վարդանեանը տեղափոխւել է այնտեղ՝ խուսափելու Ռուսաստանի միլիարդատէրերի նկատմամբ կիրառւող միջազգային պատժամիջոցներից, ովքեր կապեր ունեն Կրեմլի հետ։
Բաքւի կառավարութիւնը նրա՝ այդ պաշտօնը զբաղեցնելու որոշումը համարում էր անօրինական։ Նրա որդին պնդում է, որ նա առաջնորդւում էր տեղի հայերին օգնելու ցանկութեամբ. «Մեր վերջին հանդիպման ժամանակ մենք վէճ ունեցանք. ես լիովին դէմ էի նրա որոշմանը, որը վտանգի տակ էր դնում իրեն ու ամբողջ ընտանիքին։ Նա ասաց, որ չի կարողանայ ապրել՝ իմանալով, որ ոչինչ չի արել Ղարաբաղի հայերի համար»։
Նրա հօր երկարամեայ ընկեր Արման Ջիլաւեանն ասում է, որ էթնիկ հայերին իրենց նախնիների հողում պահելու հարցում օգնելու նոյնիսկ ամենահեռաւոր հնարաւորութիւնը բաւարար էր նրա համար։ «Ոմանք կասեն, որ սա իռացիոնալ էր, ոմանք ասում են, որ սա հաշւարկւած քաղաքական քայլ էր։ Կարծում եմ՝ դրանցից ոչ մէկը ճիշտ չէ»,- ասում է նա:
Ռուբէն Վարդանեանն արդէն երկու անգամ հացադուլ է յայտարարել՝ որպէս բողոք ոչ պատշաճ դատական գործընթացի՝ խոշտանգումների մեղադրանքների ֆոնին։
Ղարաբաղի նախկին ղեկավարութեան միւս 15 անդամները նոյնպէս դատւում են Բաքւի ռազմական դատարանում՝ 1980-ականների վերջից մինչեւ հիմա իրագործած պատերազմական յանցագործութիւնների մեղադրանքով։
Ադրբեջանը պնդում է, որ դատավարութիւնը համապատասխանում է միջազգային իրաւական չափանիշներին եւ իրաւասու է դատել պատերազմական յանցագործութիւններ կատարելու մէջ կասկածւողներին։ Սակայն, անցեալ ամիս Բաքւի կառավարութիւնը յանձնարարեց փակել Միջազգային Կարմիր խաչի տեղական գրասենեակները՝ միակ միջազգային կազմակերպութեան, որը մուտքի հնարաւորութիւն ունէր հայ բանտարկեալների մօտ։
…Խաղաղութեան համաձայնագրի մանրամասները դեռ չեն հրապարակւել, բայց պաշտօնեաները նշում են, որ նախագծի տեքստը չի ներառում բանտարկեալների հարցը կամ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի՝ իրենց տները վերադառնալու իրաւունքը։
Բանտարկեալների մասին չյիշատակելը քննադատութեան է արժանացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի կառավարութեանը՝ երկրի ներսում եւ արտերկրում: Սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան ներկայացուցիչ Արսէն Թորոսեանը կարծում է, որ այս հարցը պէտք է լուծւի առանձին։ «Սա հակամարտող երկրների միջեւ խաղաղութեան պայմանագիր է։ Ես անձամբ կարծում եմ, որ միայն այս խաղաղութեան պայմանագրի աւարտը կամ ստորագրումը կարող է հիմք ստեղծել քաղաքական բանտարկեալների հարցը լուծելու համար»։
Վարդանեանը բանտից զգուշացրել է, որ սա սխալ է։ «Սա ոչ միայն իմ եւ միւս 15 հոգու դատավարութիւնն է, այլ բոլոր հայերի դատավարութիւնը»,- ասել է նա՝ աջակիցներին ուղղւած ձայնագրութեան մէջ»։
Լուրը լաղորդում է Yerevan.today-ը: