Ուղեղի խթանման սարքը, որը կարելի է կրել տանը, թեթեւացնում է դեպրեսիայի ախտանիշները
Նոր ուսումնասիրութիւնը ցոյց է տւել, որ ուղեղի աշխատանքի խթանման համար նախատեսւած սարքը, որը կարելի է կրել տանը եւ որը լիցքաւորում է ուղեղը 9 վոլտանոց մարտկոցի էներգիայով, կարող է օգնել թեթեւացնել դեպրեսիայի ախտանիշները:
Հետազօտութիւնը, որը հրապարակւել է Nature Medicine ամսագրում, ցոյց է տւել, որ առնւազն միջին ծանրութեան դեպրեսիա ունեցող 87 մեծահասակների մօտ, որոնք օգտագործել են այս սարքը 10 շաբաթ, դեպրեսիւ ախտանիշներն աւելի են մեղմացել, քան միւս 87-ի մօտ, որոնք նոյն 10 շաբաթւայ ընթացքում օգտագործել են նմանատիպ, սակայն չակտւացւած սարքը։
Աւելին, ակտիւ բուժում ստացող խմբում երկու անգամ աւելի շատ մարդիկ են յայտնել դեպրեսիւ ախտանիշների ռեմիսիայի մասին, քան պլացեբօ խմբի մարդիկ՝ 45%՝ 22%-ի դիմաց:
«Ռեմիսիան նշանակում է, որ նրանք այլեւս ակտիւ տրամադրութեան նոպաներ չունեն»,- ասում է դոկտոր Ռոդրիգօ Մաչադօ-Վիէյրան, հոգեբոյժ, որը ղեկավարում է Հիւսթոնի UTHealth-ի փորձարարական թերապիայի ծրագիրը, որը հետազօտութեան համար հիւանդներ հաւաքագրող կենտրոններից մէկն էր:
Այլ կերպ ասած, եթէ հիւանդները, որոնք սարքի շնորհիւ ռեմիսիայի էին հասել, իրենց ախտանիշների մասին հարցաթերթիկ լրացնէին, նրանք կարող էին յայտնել որոշ, թերեւս, քնի կամ տագնապի հետ կապւած խնդիրների մասին, բայց նրանց գնահատականը բաւականաչափ բարձր չէր լինի իրենց վիճակը կլինիկական դեպրեսիա որակաւորելու համար, պարզաբանել է նա։
Սարքը հասանելի է Մեծ Բրիտանիայում, Նորւեգիայում, Հոնկոնգում եւ ԵՄ երկրներում: Այն արտադրում է շւեդական Flow Neuroscience ընկերութիւնը, որը յայտարարել է, որ ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղերի վարչութիւնից թոյլտւութիւն ստանալու վերջին փուլում է՝ ԱՄՆ-ում դեպրեսիան բուժելու սարքը վաճառելու համար:
News.am