Գիտնականները ֆասթ-ֆուդի մասին տագնապալի փաստ են բացայայտել

Հիւսիսային Կարոլինայի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները բացայայտել են այն մեխանիզմը, որի պատճառով ճարպոտ սնունդը եւ արագ սնունդը (ֆասթֆուդ) բացասաբար են անդրադառնում ուղեղի աշխատանքի վրայ, գրում է New Atlas-ը։
«Մենք գիտէինք, որ ուղեղը տուժում է սխալ սնւելուց, բայց չէինք սպասում, որ բջիջների որոշակի խումբ այդքան խոցելի կլինի: Յատկապէս զարմացրել է այն, թէ որքան արագ են դրանք փոխում իրենց ակտիւութիւնը գլիւկոզայի հասանելիութեան նւազման պայմաններում եւ թէ ինչպէս է դա բաւական դարձել յիշողութեան աշխատանքը խաթարելու համար»,- պատմել են հետազօտողները։
Խօսքը խոլեցիստոկինին-դրական (ԽՑԿ) ինտերնէյրոնների մասին է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Այս բջիջները «արգելակների» դեր են կատարում հիպոկամպում՝ ուղեղի՝ յիշողութեան համար պատասխանատու հատէածում։ Նրանց խնդիրն է պահպանել դրդող պիրամիդային նէյրոնների՝ հիպոկամպի «աշխատող ձիերի» ռիթմիկ աշխատանքը։ Երբ պիրամիդային բջիջները չափազանց ակտիւ են դառնում, տեղեկատւութեան մշակումը վերածւում է քաոսային հոսքի։ Սակայն ԽՑԿ-դրական ինտերնէյրոնների գերբեռնւածութիւնը, ընդհակառակը, կարող է ճնշել պիրամիդային բջիջների ակտիւութիւնը եւ հիպոկամպին զրկել նոր յիշողութիւններ ձեւաւորելու եւ ամրապնդելու հնարաւորութիւնից։
Մկների վրայ կատարւած փորձի արդիւնքում պարզւել է, որ ընդամէնը չորս օր ճարպերով հարուստ սնունդով սնւելը նւազեցնում է գլիւկոզայի հասանելիութիւնը ուղեղում։ Սա առաջացրել է ԽՑԿ-դրական ինտերնէյրոնների չափազանց ակտիւութիւն եւ վատթարացրել կենդանիների յիշողութիւնը թեստերում, նոյնիսկ մինչեւ աւելորդ քաշի կամ շաքարախտի ախտանիշների ի յայտ գալը։
Այս գործընթացում կարեւոր դեր է խաղացել սպիտակուցային պիրուվատ կինազ-M2-ը (PKM2), որը կարգաւորում է բջիջների կողմից օգտագործւող գլիւկոզի քանակը: Երբ գլիւկոզը սպառւում է՝ հաւասարակշռութիւնը խախտւում է եւ ԽՑԿ-դրական նէյրոնները գերակտիւանում են:
Թէեւ հետազօտութիւնն անցկացւել է կենդանիների վրայ, գիտնականները շեշտում են, որ ճարպոտ սննդի, այդ թւում՝ արագ սննդի (ֆասթֆուդի) երկարատեւ օգտագործումը զգալիօրէն բարձրացնում է լուրջ հիւանդութիւնների զարգացման ռիսկը՝ ինչպիսիք են դեմենցիան եւ Ալցհէյմերի հիւանդութիւնը։
News.am