Կենսաբանական տարիքը կարող է պատկերացում տալ սրտանօթային հիւանդութիւնների զարգացման ռիսկի մասին

Կենսաբանական տարիքի՝ մարմնի իրական տարիքի մասին իմանալը կարող է աւելի յստակ պատկերացում տալ սրտանօթային հիւանդութիւնների ռիսկի մասին, քան՝ միայն աւանդական մեթոդները։
Այս եզրակացութիւնը Իւվիաշկիւլիայի, Տամպերէի եւ Հելսինկիի համալսարանների, Ֆինլանդիայի առողջապահութեան եւ բարեկեցութեան ինստիտուտի (THL) եւ Շւեդիայի Կարոլինսկա ինստիտուտի՝ վերջերս անցկացրած ուսումնասիրութեան արդիւնք է։
Կենսաբանական ծերացումը մարմնի բջիջների եւ հիւսւածքների աստիճանական քայքայումն է, որը տեղի է ունենում տարիքի հետ։ Այս գործընթացն ազդում է օրգանիզմի գործառոյթների վրայ եւ մեծացնում ինչպէս հիւանդութեան, այնպէս էլ մահւան ռիսկը։
Տարբեր անհատների կենսաբանական ծերացման տեմպը տարբեր է եւ կախւած է գենետիկայից, կենսակերպից եւ շրջակայ միջավայրի գործօններից։ Ուսումնասիրութեան մէջ կենսաբանական ծերացման փուլը չափւել է երկու ցուցանիշի միջոցով՝ թուլութեան ինդեքս, որն արտացոլում է առողջական խանգարումների կուտակումը տարբեր օրգանիզմների համակարգերում օրգանիզմի մակարդակով, եւ թելոմերների երկարութիւն, որը ծառայում է որպէս մարկեր՝ բջջային մակարդակում։
Աւանդական սրտանօթային ռիսկի սանդղակները ներառում են SCORE2, SCORE2-OP եւ Ֆրամինգհեմի ռիսկի սանդղակը։ Դրանք հաշւի են առնում ժամանակագրական տարիքը, սեռը եւ առողջական կամ կենսակերպի գործօնները, բայց ոչ՝ կենսաբանական ծերացման փուլը։
Իւվիասկիւլիայի համալսարանի դոկտոր Աննա Տիրկկոնենը եւ Տամպերէի համալսարանի եւ Կարոլինսկա ինստիտուտի աւագ գիտաշխատող Լաուրա Կանանենը ներկայացրել են ուսումնասիրութեան արդիւնքները, որոնք հրապարակւել են «Age and Aging» ամսագրում: «Մեր ուսումնասիրութիւնը ցոյց տւեց, որ թուլութեան ինդեքսը կարող է օգնել գնահատելու մարդու սրտանօթային հիւանդութիւնների առաջացման ռիսկը»,- նշել է Տիրկկոնենը։
«Դա նկատւել է Ֆինլանդիայի եւ Շւեդիայի երեք խմբերում, որոնց թւում էր անամնեզում սրտանօթային հիւանդութիւն չունցած աւելի քան 14,000 մարդ։ Արդիւնքները ստացւել են 70 տարեկանից մեծ, ինչպէս նաեւ 70 տարեկանից փոքր մարդկանց մօտ։ Մենք պարզել ենք նաեւ, որ թուլութեան ինդեքսն ինքնին կարող է բաւականին ճշգրիտ արտացոլել սրտանօթային հիւանդութիւնների զարգացման հաւանականութիւնը յաջորդ տասը տարւայ ընթացքում։ Հետաքրքիր է, որ թելոմերների երկարութեան արդիւնքները տարբեր էին։ Թելոմերների երկարութեան եւ սրտանօթային ռիսկի միջեւ կապը պակաս պարզ էր»,- նշել են գիտնականները։
news.am