ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցութիւնների յաջորդ փուլը տեղի կունենայ վաղը

«ԱԼԻՔ» – Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ միջնորդաւորւած բանակցութիւնների հերթական՝ չորրորդ փուլը նախատեսւած է վաղը՝ մաիսի 11-ին, Օմանում:

Այս մասին տեղեկատւութիւնը հաստատել է ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին. «Բանակցութիւններն առաջ են շարժւում, եւ որքան շատ առաջընթաց գրանցենք, այնքան շատ խորհրդակցութիւններ կը պահանջւեն։ Պատւիրակութիւններին աւելի շատ ժամանակ է պտք բարձրացւած հարցերը քննարկելու համար։ Սակայն կարեւորն այն է, որ մենք առաջ ենք շարժւում եւ աստիճանաբար խորանում մանրամասների մէջ»,- ասել է նա:

Բանակցութիւնների հերթական փուլի կայացման մասին տեղեկատւութիւնը հաստատել է նաեւ Օմանի ԱԳ նախարար Բադր ալ Բուսաիդին, որը համարւում է կողմերի միջեւ միջնորդն ու բանակցութիւնների համակարգողը:

Նշենք, որ բանակցութիւնների չորրորդ փուլը նախատեսւած էր անց կացնել մայիսի 3-ին՝ Հռոմում, սակայն այն հետաձգւեց «լոգիստիկ մի շարք խնդիրների» պատճառով:

Յատկանշական է, որ ԱՄՆ գլխաւոր բանագնաց Սթիւ Ուիթկոֆի վերջին յայտարարութեան ֆոնին, փորձագիտական շրջանակները որոշակի վերապահումով են մօտենում բանակցութիւնների յաջողութեան հնարաւորութեանը:

Նախօրէին Ուիթկոֆը յայտարարել էր ուրանի հարստացումից հրաժարւելու եւ Նաթանզի, Ֆորդոյի եւ Սպահանի միջուկային կենտրոնների գործունէութիւնը դադարեցնելու ԱՄՆ պահանջի մասին, ինչը յստակ հակասում է Իրանի նախանշած կարմիր գծերին:

Մաքսիմալիստական պահանջներով նման մօտեցումը կարող է կտրուկ մեծացնել բանակցութիւնների ձախողման հնարաւորութիւնը:

Related Articles

Back to top button