ՄիջազգայինՔաղաքական

Սպիտակ տան մամուլի քարտուղարը ВВС հեռուստաալիքն անւանել է «100 տոկոսով կեղծ» լրատւամիջոց

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Թրամփի մամուլի քարտուղար Քերոլայն Լիւիթը The Telegraph-ի հարցազրոյցում ВВС հեռուստաալիքն անւանել է «100 տոկոսով կեղծ լրատւամիջոց» եւ «քարոզչամեքենայ»: Հարցազրոյցը տրւել է հեռուստաընկերութեան կողմնակալութեան մասին մեղադրանքներից յետոյ։ Հաղորդում է News.am-ը:

Լիւիթի խօսքով՝ ВВС-ի տեղեկութիւնների դիտումը Մեծ Բրիտանիա ուղեւորութեան ժամանակ «փչացնում» է իր օրը, եւ հարկատուները «ստիպում են վճարել ձախ քարոզչամեքենայի հաշիւները»։

Աւելի վաղ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամաւորները յայտնել էին, որ կորպորացիան «լուրջ հարցեր ունի, որոնք պատասխան են պահանջում» այն բանի հետ կապւած, թէ ինչպէս է ԱՄՆ նախագահի խօսքը խմբագրւել BBC Panorama վաւերագրական ֆիլմում։

Փաստաթղթում, որը յայտնւել է The Telegraph-ի տրամադրութեան տակ, նշւել է, որ ծրագրի դրւագը «լրիւ մոլորութեան մէջ է գցել» հանդիսատեսներին՝ խօսքի երկու տարբեր մասերը մէկտեղ միաւորելով։

Ծրագրում ցուցադրւել է, թէ ինչպէս է Թրամփը յայտարարում, որ 2021 թւականի յունւարի 6-ի անկարգութիւններից առաջ իր կողմնակիցների հետ երթով կը շարժւի Կապիտոլիում՝ կոչ անելով նրանց «դժոխային կռիւներ մղել»։ Սակայն ծրագրում բաց է թողնւել ելոյթի այն հատւածը, որտեղ Թրամփը կոչ է անում ամբոխին «խաղաղ եւ հայրենասիրաբար յայտարարել իրենց մասին»։

The Telegraph-ի հարցազրոյցում Լիւիթն ասել է. «BBC-ի այս միտումնաւոր անազնիւ, ընտրողաբար խմբագրւած տեսանիւթը եւս մէկ ապացոյց է, որ դրանք լիակատար, 100 տոկոսանոց կեղծ նորութիւններ են, որոնք այլեւս չպէտք է ցուցադրւեն Միացեալ Թագաւորութեան մեծ մարդկանց հեռուստաէկրաններին։ Ամէն անգամ, երբ ես գալիս եմ Մեծ Բրիտանիա նախագահ Թրամփի հետ եւ ստիպւած եմ լինում դիտել BBC-ն մեր հիւրանոցային համարներում, դա փչացնում է իմ օրը՝ լսելով նրանց բացայայտ քարոզչութիւնն ու ստերը Միացեալ Նահանգների նախագահի եւ այն ամէնի մասին, ինչ նա անում է Ամերիկան ​​ աշխարհն աւելի լաւ եւ անվտանգ դարձնելու համար»։

Թերթը նշել է, որ իր ռեպորտաժը հիմնւած է BBC-ի խմբագրական ուղեցոյցների եւ ստանդարտների կոմիտէի նախկին խորհրդական Մայքըլ Փրեսկոտի ծառայողական գրառման վրայ։ Փրեսկոտը լքել է պաշտօնն այս տարւայ սկզբին եւ չի մեկնաբանել փաստաթուղթը, որը, ինչպէս կարծում են, հրապարակւել է իրազեկչի կողմից։

Related Articles

Back to top button