Կարէն Բէքարեանը՝ Հայ-ադրբեջանական սահմանազատման յանձնաժողովների կանոնակարգի մասին. «Չարաբաստիկ կէտ կայ այդ կանոնագրում»
Հայ-ադրբեջանական սահմանազատման յանձնաժողովների կանոնակարգը, որին ՀՀ կառավարութիւնը հաւանութիւն տւեց, ուղարկւել է Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականութիւնը ստուգելու համար։
Սահմանադրական դատարանի դրական որոշման դէպքում փաստաթուղթը Կառավարութիւնը կուղարկի Ազգային ժողով՝ վաւերացման:
Մինչ Հայաստանը սկսել է այս փաստաթղթի վաւերացման գործընթացն ու հրապարակել այն egov.am կայքում, Բաքուն այդ փաստաթուղթը չի էլ հրապարակել, եւ ընդամէնը հաստատել են, որ նման փաստաթուղթ կայ։
«Հայեացք» վերլուծական կենտրոնի Խորհրդի նախագահ, քաղաքագէտ Կարէն Բէքարեանը 7 յօդւածից բաղկացած կանոնակարգում առկայ մի շարք յօդւածներ խիստ վտանգաւոր է համարում Հայաստանի համար։
«Այնտեղ կայ չարաբաստիկ 5-րդ յօդւած, ըստ որի՝ ադրբեջանական կողմը կարողանալու է իր ուզած բոլոր հատւածներում հարկադրանքով, հատւածաբար սահմանագծում եւ սահմանազատում անել։ Աւելին, գործընթացը լիարժէք չաւարտւած՝ այդ հատւածները համարւելու են սահմանազատւած եւ սահմանագծւած։ Սա նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը կարող է տեւել 100 տարի, բայց ադրբեջանական կողմն իր ուզած հատւածները կը համարի սահմանազատւած»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում ասել է Բէքարեանը՝ ընդգծելով՝այս կանոնակարգում ամրագրւած է նաեւ մի պայմանական վերապահում, որին յղում անելով՝ Ադրբեջանն իր համար ստեղծում է հնարաւորութիւն՝ իրեն ձեռնտու պահին հրաժարւել նաեւ Ալմա Աթայի հռչակագրից։
«Եթէ Ադրբեջանը հրաժարւում է Ալմա Աթայի հռչակագրից, դա նշանակում է, որ այս իշխանութեան ասած 29.743 քառակուսի կմ. տարածքով Հայաստան չի ճանաչում»,- նշել է Բէքարեանը՝ ընդգծելով՝ իրական հայկական օրակարգը բացակայում է այս կանոնակարգում։
«Այս կանոնակարգը Տաւուշի մարզում տեղի ունեցածի հետ ունի զրոյական առնչութիւն եւ ապացոյցն է նրա, որ Տաւուշում տեղի է ունեցել միակողմանի յանձնում. այս կանոնակարգի տակ Փաշինեանի դրած ստորագրութիւնը դրա մասին է»,- շեշտել է Բէքարեանը՝ ուշադրութիւն հրաւիրելով կանոնակարգի յօդւածներից 4-րդի վրայ եւս։
«Այդ 4-րդ յօդւածում յղում է արւած ԵԱՀԿ ստանդատներին, ըստ որի, մարդկանց արօտավայրերի եւ բնակավայրերի միջեւ խնդիր չպէտք է առաջանայ սահմանագծման եւ սահմանազատման արդիւնքում։ Հիմա հարց՝ Տաւուշում դուք տեսա՞ք նման բան, իհարկէ ո՛չ։ Տաւուշում յանձնելիս ասում էին, թէ յոյս ունեն, որ յաջորդը կը սահմանագծւի եւ կը սահմանազատւի Հայաստանի համար զգայուն հատւածը՝ Ջերմուկը, իսկ այդ կանոնակարգը նման բան չի սահմանում»,- եզրափակել է «Հայեացք» վերլուծական կենտրոնի Խորհրդի նախագահը։