Ռուբէն Սաֆրաստեան. «Ստորագրութեան յետկանչումը կսրի մեր յարաբերութիւնները Ռուսաստանի հետ. արդեօ՞ք դա պէտք է մեզ»
168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրընկալել էր ակադեմիկոս, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանին։
Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.
– Նոյեմբերի 9-ի փաստաթղթից Հայաստանի ստորագրութեան յետկանչումը կը սրի մեր յարաբերութիւնները Ռուսաստանի հետ։ Արդեօ՞ք դա պէտք է մեզ։ Իհարկէ ո՛չ։
– Եթէ Ադրբեջանը որոշի պատերազմ սկսել, նա դա կանի՝ առանց հաշւի առնելու Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Բայց ինչո՞ւ աւելորդ սրել յարաբերութիւնները Ռուսաստանի հետ։
– Ոչ մի պայմանագիր չի կարող իրական խաղաղութեան գրաւական լինել։ Եթէ Ադրբեջանը որոշի պրովոկացիայի գնալ ու պատերազմ սադրել, նա, իհարկէ, դա կանի եւ չի նայի այդ փաստաթղթին։ Այնուամենայնիւ, աւելի լաւ է, որ լինի այդ փաստաթուղթը, բայց նայած ինչի՞ հաշւին։ Եթէ Խաղաղութեան պայմանագիր պիտի ստորագրւի մեզ համար սկզբունքային զիջումների գնով, աւելի լաւ է՝ չստորագրւի առհասարակ։
– Ես կարծում եմ՝ սահմանադրական փոփոխութիւնների ժամանակ իշխանութիւնները չեն հանի Ցեղասպանութեան պահանջատիրութեան մասին ձեւակերպումը։ Նոր Սահմանադրութիւն գրելու գործընթացը երկար է, առնւազն 2 տարի կը տեւի։ Չեմ կարող ասել՝ ինչ կը լինի։ Եթէ որեւէ երկիր Հայաստանին պահանջներ է ներկայացնում Սահմանադրութիւն փոխելու վերաբերեալ, դա իրականանալ չի կարող։ Դա բացառւում է։ Շատ բան կարող են յայտարարել, բայց մեր ներքին հարցերը մեր ներքին գործն են։ Դա անհեթեթութիւն է։
– Արցախի ներկայացուցչութիւնը փակելու վերաբերեալ յայտարարութիւններ իշխանութիւնների կողմից հնչել են աւելի վաղ։ Դա ես չէի կապի Բաքւից հնչող յայտարարութիւնների հետ։ Ես կարծում եմ՝ Արցախի ներկայացուցչութիւնը պէտք չէ փակել։ Դա պէտք է լինի արցախցիների հարցերը լուծելու, դրանք բարձրացնելու տեղ։ Ես Արցախի ներկայացուցչութեան պատասխանատուներին 5-րդ շարասիւն չեմ համարում։
– Արցախցիների ղեկավարը պէտք է ունենայ իրաւական կարգավիճակ, բայց նա չի կարող լինել այլ պետութեան նախագահ, կարող է լինել մի կազմակերպութեան նախագահ։ Բայց արցախցիների քաղաքական իրաւունքների, միջազգային երաշխիքների ներքոյ Արցախ հաւաքական վերադարձի հարցերը նրանք պէտք է ներկայացնեն։
– Արեւմուտքի համար չափազանց կարեւոր է, որ Չինաստանի եւ Եւրոպայի միջեւ ցամաքային կապը չանցնի Իրանով եւ Ռուսաստանով։ Դա առաջին հերթին կարեւոր է Ամերիկայի համար, որովհետեւ Եւրոմիութիւնն իր առջեւ նման աշխարհաքաղաքական խնդիրներ չի դնում։ Ամերիկան ցամաքային ճանապարհով Կասպից ծովով Եւրոպա դուրս գալու հնարաւորութիւն է ունենում։ Թուրքիայի շահագրգռւածութիւնն էլ այն է, որ նա, օգտագործելով թուրքական երկրների կազմակերպութիւնը, ամրապնդի իր դիրքերն աշխարհում։ Այս տեսանկիւնից «Զանգեզուրի միջանցք»-ի նշանակութիւնը խիստ կարեւոր է։ Ադրբեջանն էլ իր հերթին՝ Նախիջեւանով ցամաքային կապ է ունենում Թուրքիայի հետ։ Ադրբեջանում 20 տարի է՝ խօսում են սրա մասին։ Բայց կառուցւած չէ այն երկաթգիծը, որը Նախիջեւանը կը կապի Թուրքիայի հետ։
– 19-րդ դարում աշխարհում ձեւաւորւել էր մի երեւոյթ, որն անւանեցին Մեծ խաղ։ Խօսքը Բրիտանիայի եւ Ռուսական կայսրութեան միջեւ եղած հակամարտութեան մասին է։ Այդ ժամանակ Բրիտանիայի համար հարցը կատեգորիկ էր՝ թոյլ չտալ, որ Ռուսաստանը գրաւի Էրզրումը։ Այդ ժամանակ որոշւեց Թուրքիան օգտագործել Ռուսաստանի դէմ, որպէսզի թոյլ չտան վերջինիս առաջխաղացումը։ Կիպրոսի խաղաքարտը եւս օգտագործւեց։ Թուրքերը Կիպրոսը զիջեցին Անգլիային, եւ տեւական ժամանակ այն անգլիական էր, փոխարէնը՝ անգլիացիները խոստացան թուրքերին աջակցել հայկական հարցում։
– Մեղրին աշխարհաքաղաքական դարպաս է։ Այդ դարպասի բանալին պէտք է պինդ պահել, որ մեզնից չխլեն։ Բայց նաեւ այն պէտք է ժամանակ առ ժամանակ խելամիտ կերպով օգտագործել՝ մի քիչ փակել այդ դարպասը, յետոյ՝ բացել։ Նայած՝ ում առաջ բացել։ Հայաստանի ինքնիշխանութիւնն անվիճելի պէտք է լինի այդ տարածքի վրայ։ Դա Հայաստանի տարածք է եւ պէտք է մնայ Հայաստանի տարածք։ Կարող է մաքսային ստուգումների արագացւած ռեժիմ լինել, դա քննարկելու հարց է։ Բայց Հայաստանը պէտք է իմանայ՝ ինչ է մտնում իր տարածք։
– «Հիւսիս-հարաւ»-ը միայն Ռուսաստանից եւ Իրանից կախւած չէ։ Այդ ծրագրին պէտք է միանայ Հնդկաստանը, որը նոյնպէս շահագրգռւածութիւն ունի Եւրոպայի հետ կապւելու։ Բայց այստեղ խնդիր կայ։ Հնդկաստանն այլ ճանապարհ է նախընտրում՝ արաբական երկրների միջոցով։
– «Հիւսիս-հարաւ»-ը շատ կարեւոր է Ռուսաստանի համար։ Ներկայ պայմաններում այն դառնում է կեանքի ճանապարհ, որով Ռուսաստանը կապ է ստանում Հնդկաստանի եւ Չինաստանի հետ։ Սա ռազմավարական մեծ պրոյեկտ է։ Դրանով է պայմանաւորւած նաեւ Ռուսաստանի բարձր մակարդակի յարաբերութիւնները Ադրբեջանի հետ։
– «Զանգեզուրի միջանցք»-ի վերահսկողութեան հարցը հնարաւոր կը լինի լուծել Ռուսաստանի հետ։ Եթէ Հայաստանը չի ուզում, որ Ռուսաստանն իրականացնի վերահսկողութիւն, կարող է բերել այլ արգումենտներ։ Ռազմավարական դաշնակից երկու երկրները կարող են քննարկումների միջոցով լուծել այս խնդիրը։ Ռուսաստանի համար հիմա «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը հրատապ կարեւորութեան խնդիր չէ։ Ես չեմ կարծում, որ այդ հարցը կարող է էլ աւելի վատացնել երկու երկրների միջեւ յարաբերութիւնները։
– Իրանի դեսպանի յայտարարութիւնը ե՛ւ Ադրբեջանին էր ուղղւած, ե՛ւ Ռուսաստանին, որովհետեւ Իրանը բացարձակ շահագրգռւած չէ, որ Միջանցքի վերահսկողութիւնն իրականացնի Ռուսաստանը։ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ չլուծւած հարցեր կան։
– Իրանի մտավախութիւնն այն է, որ Հայաստանը կարող է Միջանցքի նկատմամբ իր ինքնիշխան իրաւունքից հրաժարւել, այսինք՝ դա իսկապէս դառնայ միջանցք։
– Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, դիմում է BRICS-ին․ սա հասկանալի է այն տեսանկիւնից, որ նա ամէն ինչ օգտագործում է աշխարհում իր հեղինակութիւնը բարձրացնելու համար։ Չեմ կարծում՝ Չինաստանը հեշտութեամբ կը համաձայնի, որ Թուրքիան դառնայ BRICS-ի անդամ։ Չեմ կարծում, որ այդ խնդիրը հեշտութեամբ կը լուծւի, քանի որ Չինաստանը չի վստահում Թուրքիային, եւ նրանց կողմից պայմաններ կը դրւեն։ Եթէ շատ կարճ բնութագրենք, Թուրքիայի նպատակն է՝ սրա-նրա հետ առեւտուր անել եւ իր հեղինակութիւնը բարձրացնել։
– Ռուսաստանն Ադրբեջանին կաջակցի դառնալ BRICS-ի անդամ, Հայաստանին էլ կաջակցի, բայց չեմ կարծում, որ հիմա Հայաստանը կը գնայ դրան, քանի որ ԵԱՏՄ անդամ է եւ ահռելի օգուտներ է ստանում ԵԱՏՄ հետ համագործակցութիւնից։ Հայաստանի համար ամենաճիշտ լուծումը կը լինի խորացնել իր յարաբերութիւնները ԵԱՏՄ շրջանակներում՝ առանց BRICS մտնելու։ Դա մեզ հիմա օգուտ չի տայ։
– Ես չեմ կիսում այն մարդկանց տեսակէտը, ովքեր ասում են՝ Հայաստանը հեռացել է Ռուսաստանից։ Առանձին դէպքեր են եղել, բայց դրանք չեն ազդում ռազմավարական որոշումների վրայ։
– Արեւմուտքը չի կարող ապահովել այն, ինչն ապահովում է Ռուսաստանը։
– Պատերազմի վտանգը կայ եւ լինելու է, պայմանագիր Ադրբեջանի հետ դեռ չի կնքւել, Ադրբեջանի հետ բոլոր հարցերը դեռ առկախւած կը մնան։ Հիմա շատ կարեւոր է, որ Հայաստանը վերականգնի իր ռազմական կորուստները պատերազմից յետոյ։ Հայաստանը պէտք է փորձի վերականգնել իր ռազմական պոտենցիալը, եւ դա պէտք է լինի շատ կարեւոր խնդիր։ Ու ինչքան հնարաւոր է, դրա մասին պէտք է քիչ խօսել։ Պէտք է դիւերսիֆիկացնենք մեր արտաքին քաղաքականութիւնը։ Ուրիշ ի՞նչ պէտք է անենք։
– Հայաստանի ժողովուրդը պէտք է դուրս գայ փողոց եւ պահանջի իշխանութեանը հեռանալ, բայց չի անում դա։ Եթէ 100.000 մարդ դուրս գայ փողոց, ի՞նչ կարող է անել իշխանութիւնը։ Ես հակւած չեմ մտածել, որ Հայաստանի իշխանութեանը պահում են աշխարհաքաղաքական կենտրոնները։ Հայաստանի իշխանութեանը պահում է Հայաստանի բնակչութիւնը։ Եթէ բնակչութիւնը որոշի, որ իրեն այս իշխանութիւնը պէտք չէ, քայլերի կը դիմի։
– Իշխանութիւններին յաջողւեց տաւուշցիներին համոզել, որ սահմանազատման այս ձեւն ընդունելի է իրենց համար։ Զանգւածային բողոքներ չկան։