Յաջո՞րդը ում էք արդարացնելու, Ա՛րծրուն, Թալէաթի՞ն

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ
Yereva.today-ի գլխաւոր խմբագիր
ՔՊ-ական պատգամաւորն ասում է՝ վատ եմ զգում, որ ինձ ասում են հայրենիք յանձնող։ Հայրենիք յանձնողը մականուն չէ, դա ձեր արարքների ուղիղ գնահատականն է։ Ասում են հայրենիք յանձնող, որովհետեւ հայրենիք էք յանձնել ու հիմա էլ շարունակում էք։ Լաւ էք անում, որ վիրաւորւում էք, ուրեմն հասկանում էք, բայց սխա՞լ են ասում։ Ու փոխանակ մարդկաց աչքից հեռանաք, չքւէք, որ չտեսենեն, չասեն ու չներկայանան, դուք թիւ մէկ ամբիոններն էք գրաւել ու խօսում էք անդադար։ Պետական հեռուստատեսութեան եթերը միացնելիս ամէն օր, համարեա ամէն օր, իսկ օր կայ՝ մի քանի անգամ տարբեր հաղորդումների ընթացքում խօսում են իրենք, յիշեցնում են իրենց մասին, բայց ոչ թէ մեղայականով, ոչ թէ ներողութիւն խնդրելով, այլ՝ մեղադրելով, փաստեր խեղաթիւրելով, պատմութիւն խմբագրելով։
44-օրեայ պատերազմում մեր պատութեան մի քանի սիմւոլ կայ, առաջինը Նիկոլն է, բնականաբար, երկրորդը՝ Արծրուն Յովհաննիսեանը։ Նիկոլը սաղին խաբելով, համոզելով, կոչերով հաւաքում-տանում էր Բայրաքթարի զոհ դառնալու, Արծրունը 44 օր շարունակ ասում էր՝ յաղթում ենք, եթէ ես հաստատ չիմանայի, ոչինչ չէի ասի։ Սրանք ձէն-ձէնի էին տալիս, Արծրունն ասում էր՝ յաղթում ենք, Նիկոլն էլ ասում էր դէ եկէք գնացէք յաղթանակը տօնելու, խաբում-տանում էին, ու յետեւներից էլ ուղարկում էին Սպայկայի ֆուռերը՝ հերոսների դիերը հաւաքելու։ Արծրուն Յովհաննիսեանը էսօր, քանի որ դեռ նստած չէ, ուրեմն պէտք է տանից դուրս չգայ, մենակ իրիկունները, որ սաղ քնած լինեն, էդ ժամանակ հելնի, որ իրեն ոչ ոք չտեսնի․ քանի անգամ նրան տեսնում ես, յիշում ես 44-օրեայի ստերը։ Բայց օրեր շարունակ ստած այդ մարդուն սրանք գնդապետի կոչում են տւել, վաղը գեներալ էլ կը տան, նշանակել են Մարշալ Յովհաննէս Բաղրամեանի անւան հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ, այսինքն՝ ռազմական-կրթական հիմնարկ են տւել ու մղում են պետական եթեր՝ իրեն յատուկ գործելաոճը շարունակելու։
Էն օրը ասում էի՝ սրանք եթէ ունենան հնարաւորութիւն, կուրանան նաեւ հայրենական պատերազմում մեր յաղթանակի նշանակութիւնը։ Հ1-ի եթեր է տարւում Արծրուն Յովհաննիսեանը, որը 44-օրեայ ստերի համար չի պատժւել ու ինչի՞ց խօսի լաւ է․ նրանից, թէ ինչքան լաւ կը լինէր, եթէ Հայրենական մեծ պատերազմում յաղթեր Հիտլերը։ Պատմական փաստ է, որ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Թուրքիան խնայել է իր ուժերը, եւ ակտիւ պատրաստւել է, որ հէնց Ստալինգրադում պարտութիւն լինի, ներխուժի Հայաստան ու Վրաստան։ Այսինքն, Ստալինգրադում յաղթանակը փրկութեան դուռ է լինում Հայաստանի համար։ Հիմա Արծրունի ասածից ստացւում է՝ դա սուտ ա, եթէ Ստալինգրադում յաղթէր Գերմանիան, կը գրաւէր Կովկասը, կը գրաւէր Թուրքիան, կը ստեղծէր միացեալ Հայաստան ու կը տար մեզ։ Չգիտես ինչի՝ կը տար Հայաստանին, էդ սաղ կը գրաւէր, ոչ մէկին ոչինչ չէր տայ, բայց այ միացեալ Հայաստանը կը տար հայերին։ Արծրունի տրամաբանութեամբ, վատ են արել մեր պապերը, որ զոհւել են, յաղթել են, պէտք է պարտւէին, որովետեւ ինչպէս Արծրունի Գերագոյն հրամանատարն է յաճախ ասում՝ իրենք հպարտ են իրենց պարտութեամբ։ Սրանք են ասում, չէ՞, մենք պարտւել ենք, ու դրա շնորհիւ ձեռք ենք բերել անկախութիւն, ինքնիշխանութիւն․ Արծրունն էլ ասում է՝ կը պարտւէինք, կունենայինք միացեալ Հայաստան։ Ու այդ օպերացիային տալիս է Գերտրուդա անունը։ Իսկ էդ պլանի մէջ, Հայաստանի մասին ոչինչ չկայ ու ծիծաղելի է մտածելն անգամ, որ ամբողջ աշխարհը տիրել ցանկացող Հիտլերը նպատակ ունէր միացեալ Հայաստան ստեղծելու։ ՔՊ-ին ու իր քարոզիչներին մնայ՝ կասեն երկրորդ համաշխարհայինի իմաստը հէնց դա էր։
Փաստացի, ըստ ՔՊ-ական պաշտօնեայի, ըստ աֆիցեր պատրաստող եւ Աննա Յակոբեանի կողմից կրթւող 44-օրեայ սուտասանի, այն, որ հիմա չկայ միացեալ Հայաստան, մեղաւորը խորհրդային ժողովուրդն է, յատկապէս ռուսները։
Խիստ կարեւոր է, թէ երբ ու որտեղ է սա ասում․ ասում է մայիսի 9-ին, յաղթանակի օրը, երբ ամէն անգամ յատուկ շեշտւում է Ֆաշիզմի դէմ յաղթանակի կարեւորութիւնը, երբ Փաշինեանն էլ Մոսկւայի պառադին նստած է։ Չեմ կարծում պետական հեռուստատեութեամբ հիւրերի հրաւիրումը իշխանութեան հաստատմամբ չէ․ յաղթանակի օրը յատկապէս, պէտք է հրաւիրել մարդու՝ յաղթանակի կարեւորութիւնն ընդգծելու համար։ Բայց որոշում են կանչել ողջ հանրութեան կողմից բացասական ընկալւող մէկին, որն էլ գալիս ու յաղթանակները փոշիացնելու քաղաքական գիծն է շարունակում, թէ՝ վատ ենք արել, որ նազիստական Գերանիային յաղթել ենք, Հիտլերի յաղթանակն էր մեզ ձեռնտու եւ այլն։ Սրանք որ պարտութեամբ ոգեւորւում են, գիտենք, բայց փաստերի այս կարգի խեղաթիւրում անհնար է միայնակ անել, սա քաղաքական գիծ է։ Հէնց էս ձեւերով կասկած գցեցին, որ Ղարաբաղը մերը չէ, նախկիններն էին գրաւել, ու յանձնեցին, անկլաւները մերը չէր, ու յանձնում են, Ցեղասպանութիւնը, ասում են, եկէք հասկանանք իրականում ցեղասպանութիւն էր, թէ չէ, ով էր մեղաւոր․ թուրքերն էլ ասում են սրանց ձէն տւած՝ դէ հաաշխարհային պատերազմի ժամանակ էր, ամէն ինչ իրար էր խառնւել, խառը զոհւել են, մեզնից էլ, ձեզնից էլ․ հիմա էլ կասկածի տակ է դրւում յաղթանակի արժէքը։
Բոլոր ժողովուրդները հմախմբւել են, յաղթել են ֆաշիստական ուժին, հիմա եկել է մի նիկոլական ու թէզեր է մէջտեղ բերում, թէ՝ «Երրորդ ռէյխը» ուզում էր անկախ ու միացեալ Հայաստան։ Չկայ փաստաթուղթ, չկայ հիմնաւորում, բայց կան թէզեր, որ ուզում են շրջանառութեան դնել։ Ու զաւեշտը գիտէ՞ք որն է․ լուրջ դէմքով բաներ է ասում մարդ, վկայակոչում փաստեր, որը գործի մէջ ցոյց է տւել, որ հասարակ սուտասան է։ Արծրուն Յովհաննիսեանը ցանկացած բանից որ խօսի, սկսած նրանից, որ դրսում անձրեւ է, լսողը կասկածի տակ է առնելու։ Նման մարդիկ, կրկնում եմ, պէտք է պետական համակարգից հեռու լինեն կիլոմետրերով, իրեն յարգող որեւէ մեդիա պէտք է նրան եթեր չտրամադրի, կարծիքը չհարցնի, այլ սպասի նրան վերաբերող դատերը լուսաբանելուն։ Բայց սա գալիս է, գլուխը ճօճելով վերլուծութիւն անում, փաստաթղթերի յղումներ անում, որ ոչ մէկ ո՛չ խաբար չէ, ո՛չ տեսել է, ո՛չ հաւատում է ու մենակ գիտենք, որ հակահայկական բաներ են։
Մենք ամէն օր համացանցում կարդում ենք ցնդաբանութիւններ զանազան բաների մասին, լինում են բացարձակ յիմարութիւններ, մի քիչ աւելի պակաս յիմարութիւններ, որոնք ոչ հետաքրքիր ենք նշում, անցնում-գնում է։ Բայց երբ այդ մարդկանց տանում են պետական եթեր ու հիմարութիւններ պարտադրում ժողովրդին, ուրեմն պետական քաղաքականութիւն է։
Էդ եթերում խօսողը աւելի շատ ոչ թէ Արծրունն էր, այլ Նիկոլը։ Իշխանութիւնը գտնում է մարդկանց, որոնք համաձայն են լինում ինչ-որ ձեւով, ինչ-որ ակնկալիքներով, ինչ-որ բանի դիմաց տարածել իրենց թէզերը։ Վստահաբար, ադեկւատ մարդիկ չեն համաձայնի գնալ խօսել նման բաներից, եւ գտնում է թէկուզ անընդունելի կերպարների, կարեւորը՝ ասելիքն ասեն, քննարկում գնայ։ Նոյն մարդը, որ 44 օր շարունակ ասում էր յաղթում ենք, իսկ վերջին օրը իբր տեղափոխւեց հիւանդանոց, նոյն ինքը ասում է՝ ճիշտը Հայրենական պատերազմում պարտւելն էր։
Եթէ Հայաստանում լինէր դատախազութիւն, արծրունեան թէզերը կը սկսէր քննութեան առարկայ դարձնել․ չեմ ասում իրեն կը բռնէին, նստացնէին․ չէ, իրենց ունեցել են դիպուկ առիթներ ու չեն արել։ Բայց գոնէ կը քննէր ու կը պարզէր, թէ որտեղից է փչում քամին։
Կարճ ասած՝ Հայաստանում թրքասիրութիւնը ու ռուսատեացութիւնը հասել են ահաւոր չափերի։ 110 տարի առաջ տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութիւնը քննող ու հերքող իշխանութիւնից սպասելի է, որ կարող է քննել ու ժխտել նաեւ 80 տարի առաջ տեղի ունեցածի արժէքը։ Թալէաթին արդարացնողները կարող են եւ արդարացնել նաեւ Հիտլերին։ Սրանց ասած իրական Հայաստանը սա է։