Այլ

Հետազօտողները յայտնաբերել են պոտենցիալ դեղամիջոց վտանգաւոր համախտանիշի դէմ

Յայտնաբերւել է կարճ աղիի համախտանիշի (ԿԱՀ) բուժման հնարաւորութիւն, սա հազւադէպ, բայց հիւծիչ հիւանդութիւն է։

ԿԱՀ-ով տառապում է մօտ 10000-20000 մարդ միայն ԱՄՆ-ում, ներառեալ երեխաները եւ մեծահասակները, այն առաջանում է բարակ աղիի վնասւելու կամ դրա մի մասի վիրաբուժական հեռացման հետեւանքով, ինչը յանգեցնում է թերսնւելու եւ այլ լուրջ առողջական խնդիրների։ Չնայած երեխաները կարող են ծնւել այս հիւանդութեամբ, այն աւելի յաճախ առաջանում է այլ հիւանդութիւնների հետեւանքով, ինչպիսին է նեկրոզւող էնտերոկոլիտը, յատկապէս վաղահաս նորածինների մօտ,- գրել է ScienceDaily-ն։

ԿԱՀ-ի դէպքում պացիենտների մօտ նւազում է սննդարար նիւթերը մարսելու ունակութիւնը, ինչը յաճախ յանգեցնում է ներերակային դիետոլոգիական աջակցութեան անհրաժեշտութեան, տեղեկացրել է «Ֆոկուսը»։ Բուժման առկայ մեթոդները սահմանափակ են եւ կարող են յանգեցնել այնպիսի բարդութիւնների, ինչպիսին են վարակները եւ երկարատեւ հոսպիտալացումը։

Ջոն Հոփկինսի մանկական կենտրոնի գլխաւոր վիրաբոյժ եւ Nature Communications ամսագրում հրապարակւած հետազօտութեան աւագ հեղինակ Դեւիդ Հեքեմը նշել է ԿԱՀ-ի ազդեցութիւնը պացիենտների եւ ընտանիքի վրայ՝ ընդգծելով բուժման աւելի արդիւնաւէտ մեթոդների որոնման անհրաժեշտութիւնը։ Նրանց հետազօտութեան կարեւորութիւնը կապւած է ցինկի դերի հետ աղիների վերականգնման գործում։ Գիտնականներն օգտագործել են մկան մոդելը ԿԱՀ-ի նմանակման համար եւ հետեւել են աղիների բնական ադապտացմանը, երբ փոքրիկ մազանման կառոյցները դարձել են աւելի երկար՝ փորձելով բարելաւել սննդարար նիւթերի ներծծումը։

Միայն այդ բնական ադապտացիան բաւական չի եղել լիակատար ապաքինման համար։ Թիմը պարզել է կոնկրետ գէնային ուղիները, որոնք պատասխանատու են այդ ադապտացման համար եւ օգտագործել են մարդու ցողունային բջիջները մկների վրայ, որպէսզի վերարտադրեն մարդու աղիների վիճակը։ Մի բջջի ՌՆԹ սեքւենաւորման միջոցով նրանք յայտնաբերել են, որ որոշակի գէներ, մասնաւորապէս SLC39A4-ը եւ SLC39A5-ը, որոնք օգնում են տեղափոխել ցինկն օրգանիզմում, զգալիօրէն աւելի ակտիւ են եղել ԿԱՀ ունեցող մկների մօտ։ Դա թոյլ է տւել հիպոթեզ առաջարկել այն մասին, որ ցինկի աւելացումը կարող է նպաստել հիւանդութեան բուժմանը։

Ցինկի բարձր պարունակութեամբ դիետան մկների մօտ յանգեցրել է ողջ մնալու ցուցանիշների բարելաւման, քաշի պահպանման եւ աղիների աշխատանքի լաւացման վերահսկիչ խմբի համեմատ։ Հետազօտողները նաեւ ուսումնասիրել են մարդու հիւսւածքների նմուշները եւ հաստատել ցինկի տեղափոխման գէների բարձր մակարդակը ԿԱՀ ունեցող պացիենտների մօտ։

Նրանց հետազօտութեան արդիւնքները վկայում են այն մասին, որ ցինկի յաւելումները կարող են օգտագործւել որպէս թերապեւտիկ ռազմավարութիւն, չնայած անհրաժեշտ են հետագայ ուսումնասիրութիւններ բուժման այս մեթոդի անվտանգութիւնը եւ արդիւնաւէտութիւնը պարզելու համար։ Հեքեմը եւ նրա գործընկերները ընդգծում են, որ մարդկանց մօտ ԿԱՀ-ի բուժման գործում ցինկի դերի հաստատման համար անհրաժեշտ են լրացուցիչ փորձեր, այդ թւում կլինիկական։ Բայց յաջողութեան դէպքում ցինկով յաւելումները կարող են զգալիօրէն բարելաւել այդ հիւանդութեամբ տառապող հազարաւոր մադկանց կեանքի որակը։

News.am

Related Articles

Back to top button