Հայաստան - Արցախ

Ինչպէս են Սիւնիքում զինւորները սպանում հայ դաւաճաններ մելիք Ֆրանգիւլին եւ մելիք Բաղըրին

Զ. ՇՈՒՇԵՑԻ

 

Ցաւալիօրէն պէտք է արձանագրել, որ Հայոց պատմութեան անցեալի էջերում հանդիպում ենք դէպքեր, երբ ազատագրական, պատերազմական կամ քաղաքական իրավիճակներում թշնամիներին օգնող ձեռքը գրեթէ միշտ լինում է ներսից:

Հայոց պատմութեան մէջ քիչ չեն հայ դաւաճանները, ովքեր օգնում են թշնամուն իրենց ծրագրերին, նպատակներին հասնելու համար: Նմանատիպ պատմական կերպարներից է եղել Արծւանիկ (այն 18-րդ դարում ունէր Երիցվանիկ անւանումը) գիւղի մելիք Ֆրանգիւլը: Մելիք Ֆրանգիւլի գերեզմանը մինչ օրս կայ, նա թաղւած է գիւղի գերեզմաններից հեռու, մի ծառի տակ, այն վայրում, որտեղ նրան սպանել են Դաւիթ Բէկի զինւորները: Մելիք Ֆրանգիւլի գերեզմանը մինչ օրս սիւնեցիների համար խորհրդանշական վայր է՝ այն մասին, թէ ինչ է լինում հայ մարդու հետ, ով դաւաճանում է իր հայրենիքն ու ազգը: Մելիք Ֆրանգիւլի անունը, նախ, հանդիպում ենք Հրաչեայ Աճառեանի կազմած Հայոց անձնանունների բառարանում.

«Ֆրանգուլ. Իշխան Երիցվանիկի, դաւաճան. 2000 զօրքով եկաւ օգնելու Չաւնտուրի Թորոս իշխանին ընդդէմ Ֆաթալի խանի, երբ խանը յաղթւելով փախչում էր, Ֆրանգուլ զէնքը դարձրեց Հայոց դէմ եւ Ֆաթալիի հետ միանալով կոտորեցին Հայոց բանակը, ուր ընկաւ նաեւ Թորոս իշխանը (1724 թ.).-(Չամչ. Գ. 788.), այնուհետեւ Ֆրանգուլ հաւատը ուրացաւ եւ Ֆաթալիի հետ գնաց»: (Աճառյան Հ., Հայոց անձնանունների բառարան, հատոր Ե, Երեւան, 1962, էջ 252):

Աճառեանը եւս Ֆրանգիւլի անւան դիմաց գրում է դաւաճան:

18-րդ դարի սկզբին Արցախում եւ Սիւնիքում սկսւում են ազատագրական շարժումներ: Արցախում շարժումը ղեկավարում էին մելիքներն ու հոգեւորականութիւնը: Սիւնիքում ազատագրական պայքարի ղեկավարներից էր Դաւիթ Բէկը: Համախմբելով իր շուրջը Սիւնիքի մելիքներին, հոգեւորականներին, Դաւիթ Բէկը կարողանում է ազատագրական պայքարի համար ոտքի հանել մօտ 2000 հոգանոց բանակ: Ազատագրական պայքարի սկզբում Դաւիթ Բէկն արտաքին թշնամիների հետ մէկտեղ՝ հանդիպում է նաեւ ներքին թշնամիներին՝ դաւաճաններին: Դաւաճաններից էր նաեւ մելիք Դաւիթը, ում կոչում էին նաեւ մելիք Բաղր:

Մելիք Բաղրի դաւաճանական գործողութիւնների մասին կարդում ենք հայ մեծանուն պատմիչ Լէոյի մօտ, ով մասնաւորապէս նշում է.

«Տաթեւի Մելիք Դաւիթը, մահմեդականութիւն ընդունած մի ստոր մարդ, որ կոչւում էր Բաղըր, զօրք հանեց Դաւիթ Բէկի դէմ: Կռւի մէջ յաղթւելով, ուրացող մելիքը ընկաւ հայերի ձեռքը: Դաւիթ Բէկը ուղարկեց նրան Շնհեր, ուր նա եկեղեցում ամբողջ տասներկու օր պիտի կրկնէր բազմութեան առաջ ժողովրդական մի առած. «Լոյսը Լուսաւորչի հաւատին, վայ ուրացող մարդուն»: Դրանից յետոյ դաւաճանը գլխատւեց եւ այդպիսով ազգային գործը ազատւեց մի չար թշնամուց»: (Նոյն տեղում՝ էջ 477-478):

Հայ դաւաճանն իր արժանի պատիժը ստանում է: Ազատագրական պայքարի այդ նոյն ընթացքում գործում էր մեզ արդէն յայտնի դաւաճան մելիք Ֆրանգիւլը: Սակայն նա միայնակ չէր, քանի որ նրա հետ մէկտեղ՝ դաւաճանական քայլերով աչքի ընկաւ նաեւ Ագուլիսի մելիք Մուսին, ում գործունէութեան մասին գրում է հայ մեծանուն պատմիչ Լէոն իր պատմագիտական աշխատութիւնում.

«Թորոս իշխանի մահւան չափ ցաւալի էր եւ միւս աչքի ընկնող զօրապետ Մելիք Փարսադանի մահը: Սա էլ ընկաւ դաւաճան հայի գնդակից: Այդ դաւաճանը Ագուլիսի Մելիք Մուսին էր, որ թշնամական դիրք բռնեց հայ զինւորութեան դէմ եւ դարձաւ նրա հակառակորդների թիկունքը»: (Լեո, Երկերի ժողովածու, հատոր 5, Երեւան, 1986, էջ 478):

Սակայն դաւաճանական այս անձանց կողքին ամենամեծ վտանգը Սիւնիքի ազատագրական պայքարում ներկայացնում էր մեզ արդէն ծանօթ Մելիք Ֆրանգիւլը, ում կատարած ստոր քայլերի մասին մի շարք մանրամասներ դարձեալ յայտնում է Լէոն.

«Աւելի վտանգաւոր եւ չարագործ հանդիսացաւ Բարգուշատի Երիցվանիկ աւանի մելիք, Ֆրանգիւլ անունով: Սա, կարծելով, թէ Դաւիթ Բէկի ձեռքով պիտի զրկւի իր իշխանութիւնից, հոգով ու մարմնով նւիրւեց թուրքերին: Նրա սարքած մի թակարդի մէջ ընկաւ հայ նշանաւոր զորագլուխներից մէկը, Չաւնդուրի Թորոս իշխանը: Բարգուշատի Ֆաթալի խանը շատ էր ընդհարւել հայերի հետ, բայց միշտ ջարդ էր կերել: Դաւաճան հայ մելիքը խօսք կապեց նրա հետ, բայց արտաքուստ հաւատարմութիւն ցոյց տւեց Թորոս իշխանին եւ սրա հետ պատերազմի դուրս եկաւ Ֆաթալի խանի դէմ: Կռիւը յաջող էր հայերի համար:

Ոգեւորւելով իրենց յաղթութեամբ, նրանք սկսեցին հալածել թուրքերին, բայց թուրքերի փախուստը մի թակարդ էր: Նրանք յանկարծ հետ դարձան եւ յարձակւեցան հայերի վրայ: Այդ ժամանակ Ֆրանգիւլն էլ յետեւից յարձակւեց իր զօրքով: Հայերը ընկան երկու կրակի մէջ, ջարդւեցան, գերիներ տւին: Ինքը, Թորոսը, հերոսաբար ընկաւ պատերազմի մէջ եւ Չաւնդուրի ուժը ոչնչացաւ: Իսկ Ֆրանգիւլը, խանին աւելի եւս հաճոյանալու համար, մահմեդականութիւն ընդունեց»: (Նոյն տեղում՝ էջ 478):

Դաւաճանութիւնից յետոյ Մելիք Ֆրանգիւլը կարողացել է իր տէրերի աջակցութեամբ 7 տարի կառավարել Սիւնիքում։ Դաւիթ Բէկի զինւորները կարողանում են մի օր բռնել նրան եւ ստորացուցիչ ձեւով սպանել:

Նրա մեռնելու վայրում փոս են փորում ու թաղում այնտեղ: Յետոյ մի քար են դնում վրան եւ մինչ օրս մարդիկ Սիւնիքում գնում են այդ գերեզմանի մօտ, վրան թքում, անիծում մելիք Ֆրանգիւլին եւ կոչում նրան ազգի դաւաճան, ում դաւաճանութիւնը մեծ ազդեցութիւն ունեցաւ Սիւնիքի ազատագրական պայքարի վրայ:

Նրա դաւաճանութեամբ հայերը Սիւնիքում կորցրեցին տարածքներ, ունեցան մեծ թւով զոհեր եւ վիրաւորներ: Սիւնիքում մինչ օրս բոլորը գիտեն Մելիք Ֆրանգիւլի դաւաճանութեան մասին: Սիւնիքում այսպէս են վարւում դաւաճանների հետ:

168.am

 

Related Articles

Back to top button