Սասուն Միքայէլեանը բացայայտել է Հայաստանի անվերջ զիջումների հայեցակարգը
Բաքւի հետ բանակցութիւններում միջնորդի բացակայութիւնը կաւիրի ՀՀ անվտանգութեան համակարգը

ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱՏԹԷՈՍԵԱՆ
Քաղաքագէտ
Փաշինեանի իշխանական խմբում կան մի քանի անձինք, որոնք պարբերաբար հանրային դիսկուրս են նետում Նիկոլ Փաշինեանի համար հիմնարար գաղափարներ: Նման անձանց թւում առանձնանում են Յովիկ Աղազարեանը, Գագիկ Մելքոնեանը եւ, իհարկէ, Սասուն Միքայէլեանը:
Սասուն Միքայէլեանը այս հիերարխիայում անկասկած ունի առանձնայատուկ տեղ, ուստի նրա արտայայտած գաղափարները պէտք է առանձին դիտարկել: Յիշեցնենք, որ հէնց Միքայէլեանն էր 2018 թւականի ընտրարշաւի ժամանակ յայտարարել, որ «թաւշեայ յեղափոխութիւնն Արցախեան ազատամարտից աւելի կարեւոր էր», եւ, հետեւաբար, աւելի կարեւոր էր, քան Ղարաբաղեան առաջին պատերազմում յաղթանակը:
2020 թւականի պատերազմը ապացուցեց, որ Միքայէլեանը 2018-ին ցոյց տւեց իրավիճակի խորքային ըմբռնումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան եւ անձամբ Նիկոլ Փաշինեանի համար: 2020-ին նրանք նախընտրեցին պարտւել պատերազմը, դառնալ հազարաւոր զոհերի, հազարաւոր քառակուսի կիլոմետր կորցրած տարածքների, անվտանգութեան համակարգի կործանման, կործանւած կեանքերի, ճակատագրերի եւ երազանքների պատճառը, բայց չհեռացան իշխանութիւնից:
Թէեւ պատերազմի ժամանակ կային քաղաքական գործիչներ, որոնք բացայայտ, չնայած այդ օրերին ամբողջ գրաքննութեանը եւ ռեպրեսիաների սպառնալիքներին, առաջարկում էին Փաշինեանին հեռանալ, իշխանութիւնը յանձնելով «Պաշտպանութեան կոմիտէին»՝ բանակի գլխաւորութեամբ: Բայց քանի որ 2018 թւականի «յեղափոխութիւնը» աւելի կարեւոր էր, քան Արցախը, եւ ընդհանրապէս «յեղափոխութիւնն» անհրաժեշտ էր, որպէսզի Արցախը յանձնւի, Նիկոլ Փաշինեանը նախընտրեց պահպանել իր աթոռը:
Ու ահա 2024 թւականին նոյն Սասուն Միքայէլեանը ասում է, որ կողմ է սահմանազատմանը, «որովհետեւ այսօր ոչ մի հնարաւորութիւն չունենք Ադրբեջանի դէմ կռւելու»: Այլ կերպ ասած, Միքայէլեանը ասում է, որ իշխանութիւնը պահպանելու համար պէտք է գնալ ցանկացած զիջումների Ադրբեջանի հետ բանակցելիս: Սակայն այս իրավիճակում կայ մի քանի կարեւոր «բայց»։
Նախ, ո՞վ է վստահ, որ Միքայէլեանի այս փաստարկով իշխանութիւնները կարդարացնեն միայն «սահմանազատումն»՝ ըստ Իլհամ Ալիեւի «ցանկութիւնների մենիւի»: Նման «փաստարկով» կարելի է «արդարացնել» նաեւ «միջանցքի» յանձնումը, Գորիսի յանձնումը, Մեղրիի յանձնումը եւ, օրինակ, Վազգէն Սարգսեանի տուն-թանգարանի յանձնումը նրա հայրենի գիւղում: Այն նոյն Վազգէն Սարգսեանի, որի գործը համակարգւած կերպով ոչնչացնում են ե՛ւ նրա եղբայրը, ե՛ւ նոյն Սասուն Միքայէլեանը, որն այսօր դա անում է Վազգէնի ստեղծած կազմակերպութեան՝ «Երկրապահ» կամաւորների միութեան ղեկավարութեամբ:
Երկրորդ, եկէք պատկերացնենք, որ Սասուն Միքայէլեանը ճիշտ է, եւ Հայաստանն ի վիճակի չէ արդիւնաւէտ դիմակայել Բաքւին, այլ կերպ ասած՝ ի վիճակի չէ վերականգնել ռազմավարական ուժերի հաւասարակշռութիւնը տարածաշրջանում: Տրամաբանութիւնն ու առողջ բանականութիւնն (ինչպէս նաեւ պատմական փորձը) ասում են, որ նման դէպքում Հայաստանին պէտք է գոնէ փորձել բանակցութիւնների միջնորդ ներգրաւել, որը կը կարողանայ հաւասարակշռել կողմերի ուժերը, ինչպէս նաեւ հետեւել կողմերի ստանձնած պայմանաւորւածութիւնների իրականացմանը:
Սասուն Միքայէլեանը, Յովիկ Աղազարեանը, Գագիկ Մելքոնեանը եւ Նիկոլ Փաշինեանը գիտեն, որ մեր տարածաշրջանում նման միջնորդ կարող է լինել միայն Ռուսաստանը՝ մի շարք գործօնների շնորհիւ (որոնցից ոչ վերջինը Ռուսաստանի՝ տարածաշրջանում ռազմական լոգիստիկա հաստատելու կարողութիւնն է):
Սակայն քանի որ ՌԴ միջնորդութիւնը ուղղակիօրէն հակասում է «ՔՊ»-ի շահերին, ինչպէս նաեւ, ըստ ամենայնի, հայկական իշխանութիւնների կուլիսային պարտաւորութիւններին, հէնց այդ պատճառով իշխանութիւնները ընտրել են «ամէն ինչ յանձնելու» տարբերակը: Իսկ Սասուն Միքայէլեանը պարզապէս հրապարակայնացրել է դա:
Մտածէ՛ք այդ մասին…
Alphanews.am