Երկար ժամանակ նստելը վնասակար է առողջութեանը եւ արագացնում է ծերացումը նոյնիսկ երիտասարդ տարիքում

Երկար ուղեւորութիւնների, ստրեսային աշխատանքային օրերի եւ տեսանիւթերի դիտման երեկոների միջեւ միլենիալները շաբաթական աւելի քան 60 ժամ են անցկացնում նստակեաց դիրքերում՝ պոտենցիալ մեծացնելով սրտի հիւանդութիւնների ռիսկը եւ արագացնելով ծերացման այլ նշաններ:
Հետազօտութիւնը, որն ընդգրկել է Կոլորադոյի աւելի քան 1000 նախկին կամ ներկայ բնակիչ, ներառեալ 730 երկւորեակներ, առաջիններից մէկն էր, որը ուսումնասիրեց, թէ ինչպէս է երկարատեւ նստելը ազդում երիտասարդների առողջութեան վրայ, ինչպիսիք են խոլեստերինի մակարդակը եւ մարմնի զանգւածի ինդեքսը (BMI):
Պարզւել է, որ ֆիզիկական ակտիւութեան նւազագոյն առաջարկւող մակարդակների պահպանումը` օրական մօտ 20 րոպէ չափաւոր վարժութիւն, բաւարար չէ արթնութեան ժամերի մեծ մասը նստակեաց դիրքում անցկացնելու հետ կապւած վտանգներին դիմակայելու համար:
«Մեր ուսումնասիրութիւնը ցոյց է տալիս, որ վաղ հասուն տարիքում վաղաժամ ծերացման ռիսկի նւազեցումը կարող է պահանջել օրւայ ընթացքում աւելի քիչ նստել, աւելի ակտիւ վարժութիւններ կամ երկուսի համադրութիւն»,- ասում է հետազօտութեան աւագ հեղինակ, Վարքագծային գենետիկայի ինստիտուտի հոգեբանութեան եւ նեարդաբանութեան ամբիոնի պրոֆեսոր Չանդրա Ռէյնոլդսը։
PLOS One ամսագրում հրապարակւած հետազօտութիւնն իրականացնելու համար Ռէյնոլդսը համագործակցել է գիտնական Ռայան Բրուլմանի հետ, որը թեկնածու է Կալիֆորնիայի համալսարանի գենետիկայի, գենոմիկայի եւ կենսաինֆորմատիկայի ամբիոնում, Ռիվերսայդում:
COVID-ի համաճարակից ի վեր Բրիւելմանը նկատել է, որ ինքը եւ իր տարիքի միւսները աւելի շատ են նստում: Նա որոշեց աւելին իմանալ հետեւանքների մասին։
«Երիտասարդները հակւած են կարծելու, որ անձեռնմխելի են ծերացման հետեւանքներից: Նրանք կարծում են, որ «ես հիանալի նիւթափոխանակութիւն ունեմ, եւ ես անհանգստանալու ոչինչ չունեմ մինչեւ 50 կամ 60 տարեկան լինեմ»,- նշել է Բրուլմանը: «Բայց կարեւորն այն է, թէ ինչ ես անում կեանքի այս կրիտիկական շրջանում»:
News.am