Ցօղունային բջիջների ծերացումը կապւած է աճի գործօնների հետ
Մեր ոսկրածուծը՝ մեր ոսկորների ներսում գտնւող ճարպային, դոնդողանման նիւթը, էներգիայի անտեսանելի աղբիւր է, որն օրական աննկատ 500 միլիարդ նոր արեան բջիջ է արտադրում: Այս գործընթացը կառավարւում է արիւնաստեղծ ցօղունային բջիջներով, որոնք մեր օրգանիզմում տարբեր տեսակի արեան բջիջներ են առաջացնում եւ ինքնավերականգնւում են՝ ապահովելով արեան արտադրութեան ամբողջ հաւաքական գծի անխափան աշխատանքը:
Ինչպէս ցանկացած բարդ համակարգ, արիւնաստեղծ ցօղունային բջիջները տարիքի հետ կորցնում են ֆունկցիոնալութիւնը եւ, իրենց հերթին, մեծացնում են լուրջ հիւանդութիւնների, այդ թւում՝ արեան քաղցկեղի հաւանականութիւնը: Մենք գիտենք, որ տարիքի հետ կապւած հիւանդութիւնների զարգացման վտանգը տարբեր է մարդկանց մօտ: Սակայն զարմանալիօրէն քիչ բան է յայտնի այն մասին, թէ, արդեօ՞ք, արիւնաստեղծ ցօղունային բջիջները տարբեր մարդկանց մօտ տարբեր կերպ են ծերանում:
Եւ դրա համար ծանրակշիռ պատճառ կայ. քանի որ այս արիւնաստեղծ ցօղունային բջիջները շատ հազւադէպ են հանդիպում, հետազօտողները սովորաբար միաւորում են այս բոլոր ցօղունային բջիջները՝ դրանք ամբողջապէս ուսումնասիրելով:
Blood ամսագրում հրապարակւած յօդւածում գիտնականներն արիւնաստեղծ ցօղունային բջիջներն ուսումնասիրել են ինը, գենետիկօրէն նոյնական, միջին տարիքի մկների առանձին բջիջների մակարդակով. սա առաջին հետազօտութիւնն է, թէ ինչպէս են ոսկրածուծի միկրոմիջավայրի աննշան փոփոխութիւնները յանգեցնում որոշ մկների արիւնաստեղծ ցօղունային բջիջների ծերացմանը:
Գիտնականները պարզել են, որ թէեւ բոլոր մկները նույն տարիքի էին, սակայն այդ մկների ոսկրածուծի արիւնաստեղծ ցօղունային բջիջները տարբեր ձեւով էին ծերանում: Բայց սա դեռ ամէնը չէ։ Գիտնականների թիմը կարողացել է նաեւ կանխատեսել արիւնաստեղծ ցօղունային բջիջների գործառույթը՝ հիմնւելով աճի երկու գործօնի ակտիւութեան վրայ, որոնք առկայ են նաեւ մարդկանց մօտ: Աճի երկու գործօնը՝ Kitl-ն եւ Igf1-ը, արտադրւում են մեզենխիմալ ստրոմալ բջիջների (MSCs) կողմից, որոնք շրջապատում են ոսկրածուծի միկրոմիջավայրի ցօղունային բջիջները:
Վերլուծելով այս յատկանիշերը առանձին մկների մօտ՝ գիտնականները պարզել են, որ աճի այս գործօնների մակարդակի նւազումը կապւած է արիւնաստեղծ ցօղունային բջիջներում տարիքային մոլեկուլային ծրագրերի հետ:
Ուսումնասիրութեան հեղինակների վկայութեամբ, մարդկանց մօտ, որոնք գենետիկօրէն բազմազան են եւ վարում են տարբեր ապրելակերպ, արիւնաստեղծ ցօղունային բջիջների ծերացման տարբերութիւնները, թերեւս, աւելի մեծ կը լինեն, քան մանրակրկիտ վերահսկւող կենդանիների մոդելներում:
News.am Medicine