ՍփիւռքՔաղաքական

Ժողովուրդը նոր իշխանութիւնների հետ մեծ յոյսեր է կապում

«ԱԼԻՔ» – Ամենատարբեր պատւիրակութիւնների այցն ու դրա ֆոնին երգող, պարող ժողովուրդ. Սիրիայում կեանքը փուլ առ փուլ վերադառնում է իր նախկին ընթացքին: Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Մարիա Գաբրիէլեանը Yerkir.am-ի հետ զրոյցում պատմեց՝ այնտեղ կեանքի անիւը նոր թափ է առնում, իսկ ժողովրդի մի հատւածը յուսադրւած ու ոգեւորւած է:

«Սիրիայի նոր իշխանութիւնների կողմից բազմաթիւ խոստումներ ու կոչեր ենք լսում։ Եթէ դրանք իրականան, ապա լաւ կը լինի, բոլոր կողմերը գոհ կմնան: Այդ խոստումները, կոչերն ու հաւաստիացումները լսելով ժողովուրդը նոր իշխանութիւնների հետ մեծ յոյսեր է կապում»:

Չնայած, որ Սիրիայում ակնյայտ փոփոխութիւններ դեռեւս չկան, բայց Գաբրիէլեանի դիտարկմամբ՝ հիմնական զարգացումները քաղաքական դաշտում են իրականանում, ամենատարբեր պատւիրակութիւններն են այցելում Սիրիա:

«Այս իմաստով փոփոխութիւններ տեղի են ունենում, որի շնորհիւ էլ իրավիճակը գնալով հանդարտւում է: Թուրքիայի, արաբական երկրների ու Եւրամիութեան պատւիրակութիւններն են այցելել մայրաքաղաք: Նաեւ կարեւոր հանդիպումներ ու քննարկումներ են տեղի ունեցել ԱՄՆ-ի պատւիրակութեան հետ»,- ասաց նա:

Տնտեսական իմաստով ճգնաժամը գնալով հանդարտւում է. ջրի, գազի եւ մի շարք այլ խնդիրներ իրենց լուծումները ստացել են: Գաբրիէլեանը պատմեց՝ փողոցներում արդէն ապահով է, զինեալներն էլ հազւադէպ են երեւում:

«Այս իրավիճակը կը շարունակւի մինչեւ մարտի մէկը՝ մինչեւ անցումային կառավարութիւնն իր աշխատանքները կաւարտի: Առաջիկայ օրերին պիտի խորհրդաժողով անցկացւի, որի ընթացքում մի յարկի տակ են հաւաքւելու Սիրիայի բոլոր համայնքների ներկայացուցիչները: Այս խորհրդաժողովի ընթացքում նոր յանձնաժողով կընտրւի, որը պիտի «խմբագրի» երկրի Սահմանադրութիւնը, դրանից յետոյ, կարծում եմ, փոփոխութիւններ տեղի կունենան: Սա շատ դրական քայլ է»:

Անդրադառնալով հայ համայնքի ու Սիրիայի նոր իշխանութիւնների յարաբերութիւններին, Գաբրիէլեանը նկատեց.

«Այժմ հանգիստ իրավիճակ է այստեղ: Առաջին օրերին երաշխաւորեցին մարդկանց անվտանգութիւնը… գիտէք՝ մարդիկ ահ ու սարսափի մէջ էին ապրում: Ինչպէս նախկինում, այնպէս էլ հիմա՝ կեանքը շարունակւում է նախկինի նման, եկեղեցիները բաց են, շարունակում են իրենց աշխատանքները»,- ասաց Գաբրիէլեանն ու յաւելեց՝ այն հայերը, որոնք ժամանակաւորապէս տեղափոխւել են Հայաստան, շատ չեն:

«Սիրիահայ համայնքը վերադառնում է իր բնականոն կեանքին. դպրոցները վերսկսել են իրենց աշխատանքը, աշակերտները բնականոն կերպով յաճախում են դպրոցներ: Մանկապարտէզները եւս աշխատում են, խանութներից մինչեւ աշխատավայրեր բաց են»:

Յիշեցնենք, որ աւելի վաղ Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան մամուլի քարտուղար Անի Բադալեանը յայտնել էր, որ Հալէպում ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւնը դեկտեմբերի 19-ից կը վերսկսի իր աշխատանքները:

ՍԻԼՒԻ ՄՈՒՐԱԴԵԱՆ

Related Articles

Back to top button