Հայաստան - Արցախ

Արցախահայերի բռնի տեղահանումը անյաղթահարելի մշակութային եւ հումանիտար ճգնաժամ է ստեղծել

«ԱԼԻՔ» – Փախստականների միջազգային օրւայ առթիւ Monumentwatch-ն անդրադարձել է Արցախից բռնի տեղահանւածների մշակոյթի իրաւունքի խախտումներին.

«2000 թւականի դեկտեմբերի 4-ին ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 55/76 բանաձեւով յունիսի 20-ը նշւում է որպէս Փախստականների Համաշխարհային օր՝ աշխարհում փախստականների մասին իրազեկւածութեան բարձրացման նպատակով։ Սա եւս մէկ ազդակ է աշխարհին յիշեցնելու բռնի տեղահանւած արցախահայերի իրաւունքների խախտումների, այդ թւոււմ՝ մշակոյթի իրաւունքի խախտումների մասին, որի պատճառով նրանք զրկւած են իրենց պատմամշակութային վայրեր այցելելու, համայնքի մշակութային կեանքին մասնակցելու եւ աւանդական գիտելիքը սերունդներին փոխանցելու հնարաւորութիւնից։

Ադրբեջանի սանձազերծած 2020 թւականի 44-օրեայ պատերազմի եւ 2023 թւականի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողութիւնների արդիւնքում Արցախից բռնի տեղահանւածների ընդհանուր թիւն աւելի քան 120 հազար է։

Բռնի տեղահանութեան արդիւնքում արցախահայերը տարանջատւել են իրենց սոցիալ-մշակութային արժէքներից, զրկւել պատմական հայրենիքի բնութեան, յուշարձանների, համայնքի եւ մշակութային լանդշաֆտի հետ կապւած գիտելիքը, սովորոյթներն ու պրակտիկաներն իրացնելու եւ ապագայ սերունդներին փոխանցելու հնարաւորութիւնից։ Պատմա-մշակութային յուշարձաններից բռնի հեռացումը, դրանց ոչնչացումն ու պղծումն անյաղթահարելի մարտահրաւէրներ են ստեղծել մշակոյթի իրաւունքի համապարփակ իրացման համար: Համայնքային կեանքի կազմաքանդման գործընթացը, բնական մշակութային միջավայրից ու լանդշաֆտից հեռացումը պատճառ են դարձել նաեւ ոչ նիւթական ժառանգութեան բազմաթիւ տարրերի՝ բարբառի, աւանդական ուտեստների, արհեստների, տօների, փառատօների, համայնքային խաղերի, գիւղատնտեսական եւ կենցաղավարման մշակոյթի աստիճանական անհետացմանը, մշակութային ոչ ֆորմալ կրթութեան կասեցմանն ու ստեղծել ինքնութեան ամբողջականութեան պահպանութեան համակարգային խնդիրներ։

Յիշեալ բոլոր գործընթացները ուղիղ կերպով առնչւում են արցախահայերի մշակոյթի իրաւունքի խախտումների եւ իրացման խնդիրների հետ։

Մշակոյթի իրաւունքի առաջին համընդհանուր երաշխիքը «Մարդու իրաւունքների եւ հիմնարար ազատութիւնների վերաբերեալ» հռչակագրի 27-րդ յօդւածն է․ «Իւրաքանչիւր ոք ունի համայնքի մշակութային կեանքին ազատօրէն մասնակցելու (United Nations. 1948. Universal Declaration of Human Rights, Art. 27.1. Paris: United Nations), արւեստը վայելելու, գիտական առաջընթացին եւ դրա օգուտներին մասնակցելու իրաւունք» ամրագրումով: Վերջինիս  ԻՒՆԵՍԿՕ-ի մեկնաբանութիւնը հաստատել է, որ համայնքի մշակութային կեանքին մասնակցելու իրաւունքը երաշխաւորում է նաեւ մշակութային ժառանգութեան հասանելիութեան, մշակութային պրակտիկաներին մասնակցելու եւ վայելելու իւրաքանչիւրի իրաւունքը։

Մշակոյթի իրաւունքի քննութեան մէկ այլ առանցքային աղբիւր է ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական, քաղաքական եւ մշակութային իրաւունքների» միջազգային Դաշնագրի 15-րդ յօդւածը, որն իր 1/ա կէտով մշակոյթի իրաւունքը սահմանում է որպէս «․․․իւրաքանչիւր անհատի՝ իր մշակութային կեանքին մասնակցելու իրաւունք (Committee on Economic, Social and Cultural Rights, 2009, General Comment No. 21)»։

Շատ փորձագէտների գնահատմամբ բռնի տեղահանումը շարունակւող պատերազմի ձեւ եւ բռնութիւն է՝ գերազանցելով նոյնիսկ պատերազմի արհաւիրքները։ Այն նաեւ յանցագործութիւն է միջազգային սովորութային իրաւունքի համաձայն (International Committee of the Red Cross; ICRC; 2019, April; Displacement in Times of Armed Conflict: How International Humanitarian Law Protects in War and Why It Matters. p. 22)։

Փորձելով գնահատել բռնի տեղահանման արդիւնքում արցախահայերի մշակոյթի իրաւունքի խախտումները, մենք առերեսւում ենք մի քանի խնդիրների, որոնք ներառում են մշակութային ժառանգութեան տարածքներ մուտքի արգելումը, մշակութային պրակտիկաների, ինքնութեան շարունակականութեան եւ վերստեղծման կասեցումը, հոգեբանական տրաւմաները եւ ինքնութեան ժխտումը։ Համայնքների բռնի տարհանման ու ինքնութեան տարրերի օտարման բացասական հետեւանքներից է նաեւ անցեալի սոցիալական յիշողութեան մթագնումը։

Արցախահայերի բռնի տեղահանումը անյաղթահարելի մշակութային եւ հումանիտար ճգնաժամ է ստեղծել։ Փախստականների միջազգային այս օրը հրամայական է՝ ճանաչել եւ անդրադառնալ նրանց մշակութային իրաւունքների խախտումներին: Արցախահայերի հարուստ մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնն ու պահպանումը ոչ միայն արդարութեան խնդիր է, այլեւ էական համաշխարհային մշակութային խճանկարի բազմազանութիւնն ու հարստութիւնը պահպանելու հրամայական»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button