Ալէքսէյ Լէոնկով. «Յաջորդ քայլը լինելու է Ադրբեջանում ՆԱՏՕ-ի բազաների օրինականացումը»

«ԱԼԻՔ» – Ռուս ռազմական վերլուծաբան Ալէքսէյ Լէոնկովը Alpha News-ին տւած հարցազրոյցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի յայտարարութիւնը ՆԱՏՕ-ի չափանիշներին ադրբեջանական բանակի անցման մասին:
«Երբ մի երկիր, որը ՆԱՏՕ-ի անդամ չէ, անցնում է ՆԱՏՕ-ի չափանիշներին, դա նշանակում է, որ այն օգտագործւելու է ՆԱՏՕ-ի շահերից ելնելով՝ առանց հաշւի առնելու նրա պետականութիւնը, ինքնիշխանութիւնը, ազգային անվտանգութիւնը։ Եւ յատկանշական օրինակ է Ուկրաինան, որն ամէն ինչ վերափոխեց ՆԱՏՕ-ի չափանիշներին եւ դարձաւ ՆԱՏՕ-ի զէնքը Ռուսաստանի դէմ։ Եւ, ինչպէս պատմութիւնն է ցոյց տալիս, այժմ այն երկրները, որոնք ժամանակին եղել են Խորհրդային Միութեան կազմում, անցնելով ՆԱՏՕ-ի չափանիշներին, դառնում են այդ դաշինքի գործիքը Ռուսաստանի դէմ»,- կարծում է Լէոնկովը:
Ըստ փորձագէտի՝ Ադրբեջանի գործողութիւնները վնասում են Հարաւային Կովկասում Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին:
«Կարծում եմ՝ յաջորդ քայլը կը լինի ՆԱՏՕ-ի ռազմաբազաների օրինականացումն Ադրբեջանի տարածքում։ Դա կը լինի ոչ այլ ինչ, քան ուղղակի սպառնալիք Ռուսաստանի Դաշնութեանը, եւ նա ստիպւած կը լինի պատասխանել դրան»,- ընդգծել է քաղաքագէտը։
Լէոնկովի կարծիքով՝ եթէ դիւանագիտական ջանքերն արդիւնք չտան, Ռուսաստանի կողմից կարող են կիրառւել աւելի կոշտ միջոցներ՝ հասունացած սպառնալիքին արձագանքելու համար։
«Կարծում եմ՝ ամէն ինչ միշտ սկսւում է դիւանագիտական մակարդակից, ապա հասնում է ռազմատեխնիկական պատասխանի։ Թոյլ կը տա՞յ արդեօք դիւանագիտութիւնը դա անել։ Դա մէկ բան է։ Իսկ եթէ թոյլ չտայ, ապա, հասկանալի է, որ վաղ թէ ուշ կը սկսւեն որոշակի գործողութիւններ, որոնք կը ստիպեն Ռուսաստանին անցնել հարցի ռազմատեխնիկական լուծմանը»,- ասել է քաղաքագէտը:
Ալէքսէյ Լէոնկովն Ադրբեջանի նախագահին բնութագրում է որպէս ոչ այնքան սուբիեկտային եւ կարծում է, որ նրան պակասում է որոշումների կայացման անկախութիւնը։
«Ալիեւն ինքնուրոյն քաղաքական գործիչ չէ, քանի որ անընդհատ փոխում է իր տեսակէտը, ներքին եւ արտաքին քաղաքականութիւնը: Իսկ այն մարդը, ով իսկապէս պաշտպանում է սեփական պետութեան շահերը, երբեք չի գնայ միջուկային տէրութեան դէմ առճակատման»,- եզրափակել է փորձագէտը։



