Մաշկի քաղցկեղի SerpinB3 մարկերը կարեւոր դեր է խաղում վէրքերի բուժման գործում

Արիզոնայի նահանգի համալսարանի գիտնականները պարզել են, որ ագրեսիւ քաղցկեղի մարկերը՝ SerpinB3 սպիտակուցը, առանցքային դեր է խաղում նաեւ վէրքերի ապաքինման գործում։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Proceedings of the National Academy of Sciences (PNAS) ամսագրում։
SerpinB3-ը, որը յայտնի է որպէս հարթաբջջային քաղցկեղի հակագեն-1, օգտագործւում է թոքերի, լեարդի եւ մաշկի քաղցկեղի ախտորոշման համար։ Դրա բարձր մակարդակն արեան մէջ սովորաբար ազդարարում է լուրջ հիւանդութեան մասին։ Սակայն նոր տւեալները ցոյց են տւել, որ սպիտակուցը բնական գործառոյթ է կատարում, որն օգնում է էպիթելին վերականգնւել վնասւածքներից յետոյ։
Հետազօտողները նշել են, որ վնասւած մաշկում ապաքինմանը մասնակցող բջիջները մեծ քանակութեամբ SerpinB3 են արտադրում։ Սպիտակուցի յատկապէս բարձր մակարդակ է նկատւել այն վէրքերում, որոնք մշակւել են վիրակապման համար նախատեսւած ժամանակակից կենսանիւթերով։
Լաբորատոր փորձերում լրացուցիչ SerpinB3-ը արագացնում էր կերատինոցիտների (մաշկի բջիջներ, որոնք պատասխանատու են հիւսւածքների վերականգնման համար) շարժումը։ Դրանք դառնում էին աւելի շարժուն եւ աւելի հեշտութեամբ էին թափանցում վէրք, վերականգնելով վնասւած հատւածները։
Այդ սպիտակուցը նաեւ բարելաւում է վէրքում կոլագենի մանրաթելերի կազմակերպումը՝ ձեւաւորելով ամուր յենակէտային կառուցւածք եւ նպաստելով մաշկի կոկիկ վերականգնմանը։ Իր արդիւնաւէտութեամբ SerpinB3-ը համեմատելի է էպիդերմալ աճի գործօնի հետ, որը յայտնի է որպէս ապաքինման խթանիչ։
Գիտնականները կարծում են, որ SerpinB3-ի երկակի դերի ըմբռնումը կարող է օգնել բուժման նոր մեթոդներ ստեղծել դժւարութեամբ ապաքինւող վէրքերի, ինչպիսիք են ճնշումային խոցերն ու վէրքրեը, ինչպէս նաեւ մշակել ուռուցքների դէմ պայքարի ռազմավարութիւններ, որոնք օգտագործում են այս սպիտակուցը տարածւելու համար։ Հետագայ հետազօտութիւնները պէտք է ցոյց տան, թէ ինչպէս է SerpinB3-ը փոխգործակցում օրգանիզմի այլ համակարգերի հետ եւ հնարաւոր է արդեօք այն օգտագործել թերապիայի համար՝ առանց ուռուցքների աճի ուժեղացման ռիսկի։
News.am



