Ռուս փորձագէտ. «Փաշինեանի շատ ճկուն ողնաշարը Բաքւին հնարաւորութիւն է տալիս աւելիի վրայ յոյս դնել»
ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, տնտեսական գիտութիւնների թեկնածու Ալեքսանդր Դուդչակը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան պայմանագրի ստորագրման հեռանկարը։
Փորձագէտի կարծիքով՝ Փաշինեանը կարող է համաձայնւել Թուրքիայի պայմաններին:
«Կարելի է ենթադրել, որ Փաշինեանն (ՀՀ վարչապետ) ունի շատ ճկուն ողնաշար, ինչը Բաքւին հնարաւորութիւն է տալիս յոյս դնել աւելիի վրայ։ Ուստի իրենք (Բաքուն) առայժմ սպասում են, գուցէ Փաշինեանն ինչ-որ բան մտածի ու մի բան էլ կը յանձնի։ Ընդհանրապէս, նա երբեմն այնպիսի ոգեւորութիւն է ցուցաբերում հայկական տարածքը յանձնելու հարցում, ինչո՞ւ չսպասել, գուցէ ուրիշ բան մտածի, այլ բան առաջարկի։
Դատելով Փաշինեանի իշխանութիւնների գործողութիւններից՝ նրանք պատրաստ են շարունակել զարմացնել: Միգուցէ նրանք համաձայնեն Թուրքիայի պայմաններին: Ամէն ինչ հնարաւոր է, քանի որ Փաշինեանից ամէն ինչ կարելի է սպասել եւ սկզբունքօրէն կարող են գնալ նաեւ Թուրքիայի պայմաններին։ Դրա համար Բաքուն դադար է վերցնում»,- ասել է Դուդչակը։
Խօսելով Հարաւային Կովկասում հակամարտութեան սրման հաւանականութեան մասին՝ քաղաքագէտը նշել է, որ սադրանքներ կարող են լինել, եթէ Լոնդոնն ու Վաշինգտոնն այդպէս որոշեն։
«Եթէ Լոնդոնն ու Վաշինգտոնը որոշեն, որ պէտք է նոր կէտ վառել, ես կարծում եմ, որ ամէն ինչ հնարաւոր է, եւ սադրանքներ կարող են լինել։ Սա իսկապէս մի տարածք է, որտեղ սադրանքներ կազմակերպողներին յարմար է իրականացնել իրենց մութ գործերը, եւ, ցաւօք, ոչ ոք երաշխաւորւած չէ, որ նրանք կարող են փորձել նոր կրակ վառել։
Աւելին, Ռուսաստանի սահմանների պարագծի երկայնքով նման բարդ կէտերը շատ են։ Իսկ Մերձբալթեան երկրները, եւ Լեհաստանի, Բելառուսի, Ուկրաինայի սահմանները, իհարկէ, Մերձդնեստրը, Կովկասը, յետոյ նաեւ Կենտրոնական Ասիան, այնտեղ էլ նոյնպէս ամէն ինչ այդքան հարթ չէ, ուստի փորձում են լարւածութիւն ստեղծել Ռուսաստանի Դաշնութեան ողջ պարագծով, իսկ, մասնաւորապէս, Կովկասում ոմանք պատրաստ են խաղալ նման սցենարով»,- եզրափակել է Դուդչակը: