Անատոլի Մատւիչուկ. «ՆԱՏՕ-ն ամբողջութեամբ ներխուժում է Հարաւային Կովկաս»

«ԱԼԻՔ» – Ռուս ռազմական փորձագէտ Անատոլի Մատւիչուկը Alpha News-ին տւած հարցազրոյցում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի յայտարարութեան, թէ ադրբեջանական բանակը համապատասխանեցւում է ՆԱՏՕ-ի չափանիշներին։
«Իհարկէ, Ռուսաստանը դրան չափազանց բացասաբար է վերաբերւում։ Բանն այն է, որ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցումը ոչ միայն ինչ-որ արտօնութիւնների կամ սպառազինութիւնների ստացում է, այլ քաղաքականութեան փոփոխութիւն։ Փաստօրէն, ՆԱՏՕ-ն ամբողջութեամբ ներխուժում է Հարաւային Կովկաս։ Փաշինեանը ոչ ադեկւատ քաղաքականութիւն է վարում ՆԱՏՕ-ի հետ համագործակցութեան հարցում, իսկ այժմ Ալիեւն, ըստ էութեան, սպառնալիք է դառնում Հարաւային Կովկասում Ռուսաստանի ազգային շահերի համար»,- ասել է Մատւիչուկը։
Ըստ նրա՝ Ռուսաստանը ստեղծւած իրավիճակի վրայ ազդելու լծակներ ունի։
«Այսօր Ռուսաստանը շահեր ունի Հարաւային Կովկասում եւ չի պատրաստւում որեւէ կերպ դրանցից հրաժարւել: Կարծում եմ՝ Ռուսաստանն աւելի ճկուն քաղաքականութիւն կը վարի Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ։ Եւ, իհարկէ, տնտեսական եւ ֆինանսական արտօնութիւնների սահմանափակումներ կը կիրառւեն այն երկրների համար, որոնք բացայայտ քարոզում են ՆԱՏՕ-ի քաղաքականութիւնը եւ մերձենում դաշինքի հետ»,- ընդգծել է Մատւիչուկը:
Փորձագէտի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի գործողութիւնները Ռուսաստանին անտարբեր չեն թողնի, իսկ Մոսկւայի նկատմամբ մշտական սադրանքները կարող են գլոբալ հակամարտութիւն առաջացնել։
«Եւրոպայում, Հարաւային Կովկասում եւ ընդհանրապէս աշխարհում ՆԱՏՕ-ի ողջ քաղաքականութիւնն, ինչպէս գիտէք, առճակատում է, որը տանում է կամ միջուկային աղէտի, կամ Երրորդ համաշխարհային պատերազմի։ Նրանք արդէն անցել են բոլոր հնարաւոր սահմանները։ Եթէ նայէք քարտէզին, այսպէս կոչւած «անակոնդայի օղակն» արդէն շրջապատել է եւ փորձում է սեղմել Ռուսաստանի Դաշնութիւնը։ Ռուսաստանն, իհարկէ, չի հաշտւի դրա հետ։
Մենք պաշտպանելու ենք Կալինինգրադի շրջանը, պաշտպանելու ենք մեր շահերը Հարաւային Կովկասում, պաշտպանելու ենք շահերը Ուկրաինայում։ Իսկ ՆԱՏՕ-ի հետ առճակատումը եւ ճգնաժամային իրավիճակները կարող են յանգեցնել հէնց նման ելքի՝ միջուկային կոլապսի կամ Երրորդ համաշխարհային պատերազմի»,- եզրափակել է Մատւիչուկը:



