Հայաստան - ԱրցախՔաղաքական

Բաքւի հայակեր առաջնորդն Արցախը հայաթափելուց յետոյ «ոգեկոչում» է Էնւերին Ստեփանակերտի մէջ եւ հարց է ուղղում հայութեանը՝ չվախենալ «ադրբեջանցիների վերադարձի» պրոյեկտից

«ԱԼԻՔ» – Արցախի տարածքում ադրբեջանցիները շարունակում են ոչնչացնել հայկական պատմամշակութային ժառանգութիւնը, աւերել բնակավայրերն ու Ստեփանակերտի թաղամասերը։ Հայկական բնակավայրերը վերանւանւում են ադրբեջանական անուններով, իսկ Ստեփանակերտի գլխաւոր փողոցներից մէկը դեռեւս 2023 թւականին վերանւանել են Հայոց Ցեղասպանութեան կազմակերպիչներից Էնւեր փաշայի անունով։ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Աւագեանն «Առաւօտ»-ի հետ զրոյցում անդրադարձել է հայկական ժառանգութեան ոչնչացման քաղաքականութեանը եւ հարցին, թէ արդեօք չկա՞յ իրաւական քայլի հնարաւորութիւն Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչած պետութիւնների ներգրաւմամբ։ Ստացւում է, որ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչել են շատ երկրներ, բայց Թուրքիայի եւ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականութեան դէմ միջազգային մեխանիզմներ չեն գործարկւում։

Մարիամ Աւագեանի խօսքով՝ հայերին ոչնչացնելու թուրքական ծրագիրը գաղտնիք չէ, հայութիւնը եւ հայաստանեան ռազմաքաղաքական պետական համակարգը նոյնպէս տեղեակ են դրան։ Բաքւի պետութեան պարագլուխները թէ իրենց, թէ հայութեանը պարբերաբար յիշեցնում են, որ այդ տարածքները վերահսկող ռեժիմը հիմնւել է 1918 թւականին, երբ թուրքական կանոնաւոր բանակը հայութեան ոչնչացման ծրագրով մխրճւեց Արեւելեան Հայաստանի տարածք, սկզբում Գանձակի շուրջ յայտարարեց այդ պետական միաւորման առաջացման մասին՝ Գեանջա մայրաքաղաքով, ապա շարժւեց դէպի Բաքու ու շուրջ 30,000 հայեր կոտորելով՝ նորաստեղծ պետութեան մայրաքաղաք հաստատեց Բաքուն։

«Էնւերը Արեւելեան Հայաստանն իսպառ բնաջնջելու ծրագրի խորհրդանիշն է, ու թէ Էրդողանի՝ Բաքւի զօրահանդէսի ժամանակ դրա հոգու փառաւորման մասին խօսելը, թէ Ստեփանակերտի գլխաւոր փողոցներից մէկը Էնւերի անունով կոչելը թուրքի համար ինքնահաշւէտւութիւն է հայութեան բնաջնջման ծրագրերի իրականացման մասին։ Թուրքը չի տարանջատում Արեւմտեան Հայաստանում Հայոց Ցեղասպանութիւնը Արեւելեան Հայաստանում հայութեան կոտորածից։ Տարանջատում անում են միայն հայկական ցեղասպանագէտներն ու Հայոց Ցեղասպանութեան ճանաչման մէջ ներգրաււած հայերը։ Արեւելեան Հայաստանում հաստատւած թուրքն իրեն չի տարբերում Արեւմտեան Հայաստանում հաստատւած թուրքից, դա կրկին միայն որոշ հայերի պատկերացումների մէջ է։ Այսօր Բաքւի հայակեր առաջնորդը մորթելու սպառնալիքի տակ Արցախը հայաթափելուց յետոյ «ոգեկոչում» է Էնւերին Ստեփանակերտի մէջ, միւս կողմից հարց է ուղղում հայութեանը՝ չվախենալ իր «արեւմտեան Ադրբեջան ադրբեջանցիների վերադարձի» պրոյեկտից։ Սա ակնյայտ քարոզ է Հայոց Ցեղասպանութիւնն իր աւարտին հասցնելու առումով, անթաքոյց, ցինիկ ու նախայարձակ»,- ասել է Մարիամ Աւագեանը։

Նրա խօսքով՝ ցեղասպանութեան կանխման ու կանխարգելման ուղղութեամբ հայկական կողմը ոչինչ չի արել ու այսօր էլ չի անում։ Երեսուն տարիների ընթացքում հայկական ռազմաքաղաքական վերնախաւը մսխել է 1988-1994 թւականներին ձեւաւորւած հայկական ռազմական մտածողութիւնը, ռազմավարական ու մարտավարական պլանաւորման համակարգը, դրա գիտական մօտեցումները։ Բանակի ողջ հոգսը թողել են շարքային հայ մարդու ուսերին, նրա զաւակի բազկի վրայ։ Քաղաքական դաշտում էլ ցեղասպանութեան կանխման ու կանխարգելման հարցը միշտ է եղել արհամարհւած։ Հոգ չէ, որ մայրաքաղաք Երեւանում պարբերաբար կազմակերպւել ու անցկացւել են «Ընդդէմ ցեղասպանութեան յանցագործութեան» միջազգային գլոբալ համաժողովներ աշխարհի շատ յայտնի ցեղասպանագէտների, պատմաբանների, իրաւունքի մասնագէտների, միջազգային կառոյցների պաշտօնեաների մասնակցութեամբ, որտեղ անգամ քննարկւել են կանխարգելման նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրաւէրները, հնարաւորութիւնները եւ հեռանկարները։

«Որեւէ կառոյց այդ հաւաքների վրայ ֆինանսական ծախսի ու այսօր դրանցից հայութեան ստացած իրական արդիւնքի համար պատասխանատո՞ւ է արդեօք։ Կամ միգուցէ կա՞յ հաշւէտւութիւն ու գիտական վերլուծութիւն, թէ ինչ կը լինէր հայութեան հետ, եթէ չլինէին այդ համաժողովները։ Իսկ կա՞յ որեւէ գիտական վերլուծութիւն, թէ ինչ կը լինէր Հայաստանի կամ Արցախի հետ, թէ պետական համակարգի կողմից տրւէր քաղաքական ու իրաւական գնահատական Սումգայիթ, Նախիջեւան, Բաքու, Կիրովաբադ, Մարաղա, Շահումեան, Խոջալու, Ջուղայի խաչքարեր, Սաֆարով շարքին ու ամենօրեայ ընթացք տրւէր այդ իրողութիւնների մասին քննարկումներին՝ աշխարհի առաջ բացայայտելու, թէ ինչպէս հայութիւնը 1988-1994 թւականներին կարողացաւ համախմբւել ու կասեցնել Սումգայիթից դէպի Արցախ սողացող ցեղասպանութիւնը, հակադարձելով անհամաչափ բիրտ եաթաղանին։

Հայաստանեան ռազմաքաղաքական վերնախավը, պետական համակարգն իր արտաքին յարաբերութիւններում բաւականաչափ թերացել է հէնց այն առումով, որ նախ չի տւել հարեւան ցեղասպան պետութիւնների վարած քաղաքականութեանը համարժէք գնահատական՝ ցեղասպանական։ Երկու ցեղասպան պետութիւնների սպառազինման ահագնացող ընթացքին այսօր էլ չի տալիս գնահատական ու չի փորձում 1948 թ. ՄԱԿ-ի Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու եւ պատժելու մասին կոնւենցիայի միջոցով Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչած պետութիւնների հետ վարել ցեղասպանութիւնը եւ դրա վտանգը կանխելու քայլեր։

Հայոց հարցի մէջ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը չդարձաւ ցեղասպանութեան զսպման գործիք, քանի որ ցեղասպանութեան ճանաչման ընթացքը տանող հայ հանրութիւնը չի դրել այդ խնդիրը, ու ճանաչումը մնում է ինքնամեկուսացւած, իսկ հայութեան ճակատագիրը՝ միայնակ ահագնացող սպառնալիքների առաջ»,- յաւելել է նա։

Մարիամ Աւագեանի խօսքով՝ եթէ ցանկացած խօսք որեւէ հրեայի դէմ իսկոյն վերծանւում է որպէս «անտիսեմիտիզմի», ինչը Հոլոկոստի ճանաչման հիմքերից է, ապա հայութեան դէմ լայնամասշտաբ տարածում ունեցող արմենոֆոբիայի զսպումը չի մտել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բարոյաքաղաքական պայմանների մէջ, չի առաջացրել կամ ենթադրել պարտաւորութիւններ, թէեւ Ֆրանսիան, Շւէյցարիան, Բելգիան Ցեղասպանութեան ժխտումը պատժելի են համարում իրաւական դաշտում։ Իսկ Էրդողանի՝ Բաքւի զօրահանդէսի ժամանակ Էնւերի հոգու փառաւորման մասին խօսելն ու Ստեփանակերտի գլխաւոր փողոցներից մէկը Էնւերի անունով կոչելը հէնց արմենոֆոբիա է, ցեղասպանութիւնն իր վերջնակէտին հասցնելու յանձնարարութիւն։

«Իսկ հայաստանեան պետական քաղաքականութիւնն այսօր էլ ցեղասպանութեան զսպման ու կանխարգելման առումով անհամարժէք է եղած իրավիճակին, գործող սպառնալիքներին։ Նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը պատահականութիւն չէր, ոչ էլ սեպտեմբերի 27-ին սկիզբ առած ագրեսիայի հետեւանք, դա նախօրօք հայութեան դէմ մշակւած ու գործարկւած ցեղասպանութեան վերջին փուլի հիմնաւորումն է ու ամրագրումը»,- նշել է Մարիամ Աւագեանը։

Հարցազրոյցը՝ ՌՈԶԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԻ

Related Articles

Back to top button