Հայաստան - ԱրցախՔաղաքական

«Փաստաթղթերի շուրջ բանավէճը ոչինչ չի տայ»

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

«Առաւօտ» օրաթերթի գլխաւոր խմբագիր

 

Նրանք, ովքեր դիտել են Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների հարցազրոյցները, իսկ այնուհետեւ կարդացել են ներկայիս վարչապետի նեարդային արձագանքները, ճիշտ են նկատել, որ անկախ ասածների բովանդակութիւնից, աչքի է զարնում ոճերի, մօտեցումների, բառապաշարների տարբերութիւնը: Փաշինեանի խօսոյթը քաղաքական բանավէճի սահմաններից դուրս է, անզուսպ է, կռւազան, բամբասկոտ, վայել է «փողոցային կռւի»: Պարզ է, որ դա արտացոլում է ոչ միայն Հայաստանի ներկայիս ղեկավարի մտաւոր եւ մշակութային ներաշխարհի առանձնայատկութիւնները, այլեւ իր հասցէատէրերի, իր լսարանի, ՔՊ-ականների պատկերացրած «ժողովրդի» որակները:

Ընդդիմութիւնը կանգնած է երկընտրանքի առաջ՝ մտնել այդ՝ «փողոցային կռւի» դա՞շտ, որտեղ ՔՊ-ականները, եկէք ընդունենք, գրեթէ անգերազանցելի են, եւ որտեղ նրանց միակ մրցակիցն ԱՄՆ-ում բնակւող Վարդան Ղուկասեանն է, թէ՞ փորձել մնալ քաղաքական խօսոյթի շրջանակներում: Պարզ է, թէ իմ մօտեցումը որն է, եւ ես տհաճութեամբ եմ տեսնում, որ ընդդիմադիրները երբեմն նոյնպէս տուրք են տալիս այդ՝ ՔՊ-ական, անձնական կոմպրոմատի ոճին: Արդարացումն այն է, որ «մենք պէտք է խօսենք իրենց լեզւով, որ ժողովուրդը մեզ հասկանայ»: Չգիտեմ, գուցէ եւ ճիշտ է՝ պարզապէս այդ տեսակի «ժողովուրդը», որը պէտք է «հասկանայ», ինձ երբեք չի հետաքրքրել՝ լինի դա մէկ միլիոն, թէ 10 միլիոն մարդ:

Բայց ուզում եմ իմ ընթերցողների, «ոչ ժողովրդի» ուշադրութիւնը դարձնել բազմիցս շօշափւած հարցին՝ 2019 թւականի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկի վրայ: Փաշինեանը խոստացել է ինչ-որ «բանակցային փաստաթղթեր» (ուշադրութիւն դարձրէք, ոչ թէ առաջարկը, այլ «փաստաթղթերը») «սկան» անել եւ հրապարակել: Պարզ է, որ նա «սկան» կանի եւ կը հրապարակի այն «փաստաթղթերը», որոնք իրեն ձեռնտու են եւ կուղեկցի դրանք իրեն ձեռնտու մեկնաբանութիւններով:

Դրանից յետոյ պաշտօնական քարոզչութիւնը կասի. «Ըհը՜, էդքան ասում էին՝ հրապարակէք: Հիմա տեսա՞ք, որ առաջարկը շատ վատն էր»: Կամ՝ «Ոչ մի առաջարկ էլ, ըստ էութեան, չկար»: Կամ՝ «Մենք ոչ մի առաջարկ էլ չենք մերժել»: Կարելի է եւս հազար բան մոգոնել՝ լեզուն ոսկոր չունի: Միեւնոյն է, այդ հարիւր, թէ աւելի էջը ամենաշատը 10 հոգի է կարդալու, իսկ «ժողովուրդը» ընկալելու է միայն այն ցայտուն, կիսագողական ձեւակերպումները, որոնք այդ «փաստաթղթերի» վերաբերեալ հնչեցնելու է Փաշինեանը:

Related Articles

Back to top button