«Սուտն ու կեղծիքը երբեք չեն կարող ճշմարտութեան վերածւել, որքան էլ յաճախ ու խանդավառութեամբ կրկնւեն»
Մայր աթոռն արձագանքել է Ալլահշուքիւր Փաշազադէի խօսքերին

«ԱԼԻՔ» – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը արձագանքել է Կովկասի մուսուլմանների վարչութեան նախագահ Շէյխ-ուլ-իսլամ Ալլահշուքիւր Փաշազադէի ստահոդ յայտարարութիւններին։
Մայր Աթոռի հրապարակած յայտարարութեան մէջ մասնաւորապէս նշւած է.
«Օրերս Բաքւում կայացած Ղազիների խորհրդի նիստում Կովկասի մուսուլմանների վարչութեան նախագահ Շէյխ-ուլ-իսլամ Ալլահշուքիւր Փաշազադէն, ստանձնելով ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքի տարածման դերը, հերթական անգամ ատելութեամբ ու թշնամանքով թիրախաւորել է Հայ ժողովրդին եւ Հայ Եկեղեցուն։
Կեղծիքի տարածման մէջ գերազանցելով ինքն իրեն, Փաշազադէն յայտարարել է, թէ իբր Հայաստանում եւ տարածաշրջանում տասնեակ դարեր գործող հայկական սրբավայրերը՝ անգամ 1700-ամեայ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, գտնւում են «պատմական ադրբեջանական հողերում» եւ հայերը որպէս թէ «իւրացրել են» այդ տարածքները։ Անհեթեթ պնդումների շարքը Փաշազադէն եզրափակում է Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնելով որպէս սպառնալիք տարածաշրջանի երկրների համար։
Զաւեշտալի է թւում, որ Խորհրդային իշխանութիւնների ազգաշինարարութեան արդիւնքում 1930-ական թթ․ երկրորդ կէսին «ադրբեջանցի» էթնոնիմն ստացած ժողովրդի հոգեւոր առաջնորդը փորձում է վիճարկել պատմականութիւնը հայ ժողովրդի, որի հազարամեակների ստեղծագործ կեանքի ու հոգեւոր-մշակութային ժառանգութեան արժէքն ու պատկանելութիւնը համընդհանուր ճանաչում ստացած իրողութիւններ են։ Առաւել քան զարմանալի է, որ այլոց արժէքների իւրացման մէջ հայ ազգին ուղղւած մեղադրանքները ներկայացնում է մի երկրի ներկայացուցիչ, որի պետութեան անւանումն իսկ իւրացւած է այլ երկրից ու ժողովրդից։
Նոյն էժանագին գործելաոճն է ընկած նաեւ Ռուսաստանի ու Նոր Նախիջեւանի թեմի անւան շուրջ Փաշազադէի կատարած շահարկման հիմքում։ Ի գիտութիւն պէտք է ընդունել, որ Դոնի Ռոստովի մերձակայ բնակավայրերը անւանւել են «Նոր Նախիջեւան» հէնց ցարական Ռուսաստանի իշխանութիւնների որոշմամբ, որպէս յարգանքի արտայայտութիւն պատմականօրէն հայկական Նախիջեւանից այդ տարածք տեղափոխւած հայերի։
Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հրապարակային խօսքերում շարունակաբար տեղ գտնող թշնամանքի ու կեղծարարութեան նման դատապարտելի դրսեւորումներն ինքնին վկայութիւնն են այն իրողութեան, որ Ադրբեջանը հէնց ինքն է, Փաշազադէի խօսքերով ասւած, սպառնալիք տարածաշրջանի հարեւան երկրների համար։
Եւ վերջում՝ հարկ է մէկընդմիշտ արձանագրել, որ սուտն ու կեղծիքը երբեք չեն կարող ճշմարտութեան վերածւել, որքան էլ յաճախ ու խանդավառութեամբ կրկնւեն»։
Նշենք, որ նախօրէին Կովկասի մահմեդականների վարչութեան նիստում վարչութեան նախագահ Շէյխուլիսլամ Ալլահշուքիւր Փաշազադէն թշնամական, զրպարտիչ յայտարարութիւններ է արել Հայաստանեայց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հասցէին։
«Փաստն այն է, որ հայկական կրօնական շրջանակները բնակութիւն են հաստատել Ուչմիաձին՝ պատմական ադրբեջանական հողերում, որը նրանք անւանել են Էջմիածին, եւ իրենց կրօնական տաճարները կառուցել են այն տարածքներում, որոնք իրենց հետ ոչ մի կապ չունէին»,- ասել է Փաշազադէն։
Նա նշել է, որ հայերը քրիստոնէութեան պատմութեան մասին կեղծ նկատառումներով ներկայանում են որպէս բացառիկ համայնք՝ աշխարհի առաջին քրիստոնեաներ։
«Ղարաբաղում ստեղծւել է Արցախի թեմը, իսկ Ռուսաստանում՝ Նոր Նախիջեւանի թեմը։ Հայերի կրօնական կենտրոնի միակ նպատակը «Պատմական մեծ Հայաստան» հայկական ուտոպիան աջակցելն էր։