Հայաստան - ԱրցախՔաղաքական

Այս իշխանութիւնների գլխաւոր, հիմնական յենասիւները այլեւս զրոյացւած են եւ ոչնչացւած

«ԱԼԻՔ» – Այս իշխանութիւններն այլեւս չեն կարողանում խաբել եւ մոլորեցնել ժողովրդին, բոլոր սոցիոլոգիական հարցումներով կորցրել են վստահութիւնը. News.am -ի հետ զրոյցում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը։

«Այն որ ասում էին՝ ժողովուրդն է որոշում, ժողովրդի իշխանութիւն է, երեք միլիոն վարչապետ, դրանք այլեւս չկան, իրենք վաղուց մեր ժողովրդի հետ որեւէ կապ եւ առնչութիւն չունեն, ժողովրդի գլխին միայն բերել են պատերազմ, կորուստ, ողբերգութիւն։ Իսկ այն նոյն տեքստերը՝ թալան, «հոկտեմբերի 27», «մարտի 1» եւ այլն, մարդիկ հասկացել են, որ դրանք ընդամէնը թէզեր են եղել իրենց խաբելու համար։ 10 տարի մարտի 1-ով եւ հոկտեմբերի 27-ով ժողովրդին ինչ-որ բաներ էք ասել, եօթ տարի է՝ իշխանութիւն էք, որեւէ առաջընթաց չկայ։ Հետաքրքիր է, ինչի բացայայտումներ չկան։ Երկու տարբերակ կայ, կամ քննել են, դուրս են եկել իրենց տէրերի հետքի վրայ, եւ հասկացել են, որ պէտք է դադարեցնեն, կամ էլ քննել են, արդիւնքում հասկացել են, որ այն, ինչ որ խօսել են հանրային կերպով, այդ ամէն ինչը սուտ է։ Այդ թէզերը իրենց անհրաժեշտ է մեր ժողովրդին խաբելու, մոլորեցնելու, հերթական անգամ ատելութեամբ, վրէժխնդրութեամբ կերակրելու համար, բայց կարծում եմ այս անգամ չի ստացւի»,–ասաց նա։

Սաղաթէլեանը նկատեց, որ երկու թեմա կայ որ իշխանութեանը հունից հանում է. «դա կոռուպցիայի մասին նաեւ խօսելն է, որովհետեւ դա եղել է իրենց հիմնական եւ գլխաւոր թէզը, այսինքն ժողովրդավարութիւն եւ արդարութիւն, պայքար կոռուպցիայի դէմ, հիմա պարզւում է ոչ միայն ժողովրդավարութիւն չկայ, այլ իրենք այնքան հեռու են այդ ամէնից, տոտալ գնում են բռնապետութեան, սա բնականբար, հունից հանում է իրենց։ Իրենց գլխաւոր, հիմնական յենասիւները այլեւս զրոյացւած են եւ ոչնչացւած։ Դրա համար, երբ մենք շատ կոնկրետ հարցադրումներ ենք անում, փաստեր ենք հրապարակում, այս հարցերին պատասխանելու փոխարէն տեսնում ենք հերթական հիստերիկան, ջղաձգումները, լաչառութիւնը, որովհետեւ ուրիշ բան չունեն այլեւս ասելու»։

Անդրադառնալով իշխանութիւնների պնդմանը, որ ԱԺ-ում ընդդիմութիւնը լարւածութիւնը մեծացնում է այն ժամանակ, երբ հասկանում են, որ ապօրինի գոյքի բռնագանձման շրջանակներում զրկւելու են իրենց թալանածից, Իշխան Սաղաթէլեանն ասաց. «Գիտէք, արդէն զզւելի է, եօթ տարի՝ թալան-թալան։ Այդ թալանի մասին, որ խօսում են, հիմա յայտնի անուններ կան, յայտնի օլիգարխներ՝ իշխանութեան հետ սերտաճած մարդիկ, եւ իրենք այսօր այդ մարդկանց հետ երջանիկ ու բախտաւոր ապրում են՝ իրար հետ կիսւելով, տալով, առնելով։ Այդ մարդիկ նախորդ իշխանութիւնների ժամանակ այդքան լաւ իրենց չեն զգացել, որքան սրանց օրօք։ Թալանչին էլ էք դուք, դրանց հետ լափողնել էք դուք։ Իրանք վաղուց նոյնացել են իրանց հետ։ Թալանե՞լ էին, յետ վերադարձնէիր, անարդարութի՞ւն կար՝ վերականգնէիր։

Իրենց յաջորդ ընտրարշաւը շարունակւելու է նոյն թէզերի մէջ, ասելու են՝ Ժողովուրդ ջան, այսքան միլիարդ պէտք է յետ բերենք տւէք մեզ եւս մէկ անգամ մանդատ, որպէսզի վերջնականօրէն այդ գողացւած գումարները վերադառնան։ Դրան էլ գումարելու են «իրական Հայաստանը» եւ այլն»։

Այս իշխանութիւնը մեր ժողովրդին խոստացել է խաղաղութիւն, որից յետոյ տեղի է ունեցել Արցախում ցեղասպանութիւն, ստացել ենք Արցախի հայաթափում, էթնիկ զտում, Հայաստանին խոստացել է խաղաղութիւն, թշնամին ներխուժել է ինքնիշխան տարածք, ունեցել ենք 2022 թւականի սեպտեմբերի մէկօրեայ պատերազմ, 200-ից աւել զոհեր:

Իշխան Սաղաթէլեանը անդրադառնալով Սերժ Սարգսեանի յայտարարութեանը, թէ ի՞նչ է, 2021–ին ընտրութիւններին մասնակցելը եւ ասելը՝ «կրելու ենք», լուրջ է, իսկ իմպիչմենտը անլո՞ւրջ է, ասաց. Մենք չենք ասել, որ իմպիչմենտի գործընթացն անլուրջ է, ընդհակառակը, ասել ենք սա շատ լուրջ գործընթաց է, բայց այն ինչ որ կատարւում է՝ անլրջացնում է այդ պրոցեսը.

«Մենք ասել ենք, այո, իշխանափոխութեան հիմնական գործիքներից մէկը դա է, եւ հնարաւորութեան դէպքում պէտք է դրանից օգտւել։ Առաջին ասողներից մէկը եղել եմ ես, որ պէտք չի այս կարեւոր գործընթացը այս ճանապարհով եւ այս քայլերով անլրջացնել։ Կեանքը ցոյց տւեց, որ հիմա այդ պրոցեսը՝ այդ մեթոդներով ու այսօրւայ թեկնածուներով անլուրջ է։ Ես չեմ բացառում ինչ-որ իրավիճակ այս գործիքից լիարժէք օգտւելու, երբ որ դրա յաջողութեան հասնելու բաւարար պայմանները կը լինեն, ու մենք ամէն ինչ պէտք է անենք, որ դա լինի, բայց վախենում եմ՝ այս տեմպերով շարունակելու դէպքում, երբ որ իսկական պահը եւ հնարաւորութիւնը կը լինի, շատերը կը փորձեն անլուրջ վերաբերւել»։

Նա ընդգծեց, որ «Հայաստան» դաշինքից որեւէ մէկը չի ասել՝ եկէք նստենք, սպասենք. «Մենք ասել ենք, որ պէտք է ամէն ինչ անել, որ այս իշխանութիւնները 2026 թւական չհասնեն, բայց եթէ հասնեն եւ տեղի ունենան ընտրութիւններ, այո, մենք այդ ընտրութիւնները դիտարկում ենք որպէս հնարաւորութիւն, յաջողութեան հասնելու համար։

Մի քաղաքական ուժ մենք ենք, մի քաղաքական ուժ՝ մեր գործընկերները, եւ խորհրդարանական, եւ արտախորհրդարանական։ Առնւազն բոլորը գիտեն, որ մենք շատ բաց ենք այս թեմաներում նստելու, խօսելու, պայմանաւորւելու, աշխատանք ծրագրելու։ Ես չեմ կարծում, որ նման հարցերը քննարկում են հրապարակային փողոցներում, եթէ լուրջ գործընթաց կայ, նստենք խօսենք, եթէ չկայ այդ գործընթացը, ուղղակի ինչ-որ մարդիկ կողքից այս գործընթացը օգտագործում են ինչ-որ մարդկանց դէմ, մենք այդ պրոցեսի մէջ չկանք»։

Յիշեցնելով, որ իրենք երբեք չեն ասել, որ վարչապետի թեկնածու, Իշխան Սաղաթէլեանն ասաց. «Մէկի փոխարէն մի քանի թեկնածու ունենք, բայց չունենք այսօր թեկնածու, ով կը կարողանայ ապահովել գործընթացը սկսելու համար 36 անհրաժեշտ ձայները։ Եթէ կայ մի թեկնածու, որ ունի այդ ութը, մենք մեր 28 ձայնով պատրաստ ենք ստորագրել այդ թեկնածուին։ Նաեւ աւելացրել ենք, որ յաջողութեան հասնելու համար անհրաժեշտ է ժողովրդական ճնշում, քաղաքական պատասխանատւութիւն, այսինքն լուրջ գործընթաց կազմակերպելու անհրաժեշտ պայմաններ։ Շատերը մոռանում են, որ իմպիչմենտի գործընթացում յաջողութեան հասնելու համար պէտք է 58 ստորագրութիւն, որը չկայ»։

Նա համոզմունք յայտնեց, որ եթէ այն մասշտաբի ճնշումը լինի, որ կար 2018 թւականին, ՔՊ-ի ներսում ճեղք է առաջանալու է, դրա համար պէտք է մտածել, թէ ո՞նց այդ համաժողովրդական ընդվզումը կազմակերպել. «Պարզ է, չէ՞, չէ որ առանց դրա չի յաջողւելու, այսինքն անիմաստ այս գզւրտոցը, իրար վրայ գլորելու, թիրախաւորելու, խփելու, այս ամէն ինչի իմաստը ո՞րն է։

Հիմա ես կարո՞ղ եմ ասել, որ այս ամէն ինչի իմաստը առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններն է, որ ամէն մէկ ուզում է այս դաշտում դիրքաւորւել միւսի հաշւին։

 

Related Articles

Back to top button