Հայաստան - Արցախ

Եթէ Սիւնիքի ոգին կոտրւի, նշանակում է Հայաստանի ոգին է կոտրւել

«ԱԼԻՔ» – Մարզային այցերի շրջանակում, Բագրատ Սրբազանն ու «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման ակտիւիստներն այցելել են Սիւնիք։

Ստորեւ ներկայացնում ենք Մեղրիիում կայացած հանդիպման ժամանակ Բագրատ Սրբազանի ելոյթում հնչած հիմնական թեզերը.

-Թուրքիմզը հողերի մասին է, մի մտածէք, որ որեւէ փաստաթղթով կամ սահմանազատումով նրանք մի սանտիմետր հող յետ կը տան։ Նրանք եկել հասել են մեր դռան դէմը ու չեն էլ մտածում յետ գնալու մասին։

Սա սահմանազատում չէ, այլ հայրենիք յանձնել է։

– Ինչպէս Տաւուշի համար եմ ասել, այնպէս էլ Մեղրիի համար եմ ասում, որ սա մեր հայրենիքի դարպասն է։ Ընդամէնը 4 տարի առաջ այս դարպասները շատ աւելի լայն ու երկար էին, ինչը խօսում է, որ մենք մեր տունը վերականգնելու այդ ամբողջ ճանապարհին մեր կեանքերի ընծայումով երբեք կանգ չենք առել։

Եւ առաջին հերթին ուզում եմ ողջունել մեր նահատակ զաւակների ծնողներին՝ խոնարհւելով իրենց առջեւ։

– Այն աղէտը, այն հայրենայանձնումը, որը տեղի է ունենում Տաւուշում, շատ շուտով հասնելու է նաեւ Սիւնիք, Գեղարքունիք եւ Արարատ։ Մեր շարժման բուն ծագումը տեղի է ունեցել հայրենայանձնումը կասեցնելու համար։

Տաւուշում ինչ-որ իմաստով յաջողել ենք, բայց մենք գործում ենք մի ահռելի պետական կեղտոտ ապարատի դէմ, որի երազանքը փողն է ու պաշտօնը, իսկ ամենամեծ գործիքը՝ սուտն ու կեղծիքը։

– Որքան սուտը շատանում է, այնքան մեր հայրենիքը փոքրանում է։ Այս պայքարն իշխանափոխութիւնից աւելին է, իշխանափախոթիւնն ընդամէնը մի փոքրիկ բաղադրիչ է, մեր պայքարն արժէքների փոփոխութեան մասին է, մարդկանց վերադարձնելու հաշտութեան, արդարութեան ու ճշմարտութեան։

– Էս լեռները Նժդեհ են տեսել, էս լեռները հերոսական պատմութիւններ են տեսել, էս լեռները յաղթանակներ են տեսել։ Ի վերջոյ, Նժդեհն այստեղից է Արաքս գետն անցել գնացել Պարսկաստան, իր նշանաւոր խօսքն ուղղելով մեր ժողովրդին։

Եւ այն ժամանակ էլ շատ չէին մարդիկ, մի բուռ էին ընդամէնը հազարաւորների մէջ։ Այսօր էլ է այդպէս՝ մի բուռն է յաղթելու, որովհետեւ այդ մի բուռն է հաւատում ճշմարտութեանը եւ կարողութեամբ առաջ տանում այդ ճշմարտութիւնը, իսկ մեծամասնութիւնը հետեւելու է ուղղակի։

– Յանձն եմ առել, որ մինչեւ չարիքը չվերանայ մեր երկրից, չեմ դադարելու գործելուց։ Անկախ նրանից ինչ կը պատահի կեանքում, ո՛չ կուրանամ, ո՛չ կը դաւաճանեմ, հետեւաբար այդ յանձնառութիւնը մեր շարժման դրօշն ու կնիքն է։ Ինձ համար սա նաեւ մեր երկրի հանդէպ անձնական պատասխանատւութեան հարց է։ Ես կուզեմ, որ իւրաքանչիւր մարդ այս ամէնն անձնական դարձնի։

– Տաւուշում սահմանազատում ու սահմանագծում տեղի չի ունեցել եւ ոչ մի տեղ չի լինելու։ Սիւնիքում էլ, Գեղարքունիքում էլ, Վայոց Ձորում էլ ու Արարատում էլ չի լինելու։ Լինելու է միայն յանձնել ու յանձնել։

Չկայ մէկը, որ երաշխաւոր կանգնի հարցին, թշնամին թելադրում է, սրանք էլ անում են։ Դեռ չվերջացրած, հիմա էլ պահանջում են, որ Սահմանադրութիւն փոխեն։

Ո՞վ է տեսել, որ առանց խաղաղութեան կնքման երկիր բաժանեն։ Հեռու չէ օրը, որ այսպէս կոչւած անկլաւների հարցը բարձրանայ ու գիւղերը սկսեն մէջ-մէջ կիսել։

Մեր ընդվզումն այս ամէնի մասին է, որ ժողովուրդը կարողանայ հասկանալ, տեսնել։

– Երբ որեւէ հանգրւանում մենք ասում ենք «ո՛չ», այս մարդը (Փաշինեան) սպառնում է պատերազմով։ Լաւ, բա դու ո՞վ ես, եթէ լինելով երկրի ղեկավար մարդկանց սպառնում ես պատերազմով։

Բա քո կոչումն ու պաշտօնն ի՞նչ է: Այդ պատերազմը կանխելն ու այդ մարդկանց պաշտպանելը չէ՞, դրա համար չե՞ն քեզ ընտրել։

Թէ՞ մեքենայ նստելու ու պտտելու, հեռախօսով կեղծ պատկերներ ցոյց տալու, հեծանիւ քշելու, ֆուտբոլի դաշտի ցանցերը նայելու, բասկետբոլի շիթը ստուգելու համար են ընտրել։

– Էս մարդը ուր գնում է մահ ու դժբախտութիւն է գալիս, ում հետ շփւում է, այդ մարդու հետ բոլոր առումներով դժբախտութիւն է լինում։

Յիշո՞ւմ էք՝ Վարդենիսի դիրքերում գիշերը զինւորների հետ պարում էր, ընդամէնը 18 օր յետոյ մեր զինւորներից 15 տղայ այրւեց կացարանում։

Եւ սա պատահական չէ, մահ, դժբախտութիւն, չարիք, սա պէտք է կասեցւի։

Նշենք, որ հանդիպման աւարտից յետոյ Բագրատ Սրբազանը շրջել է Մեղրիում, եւ շփւել է ժողովրդի հետ։

Related Articles

Back to top button