Յարութ Սասունեան. «Փաշինեանը յարձակւում է 10 մլն հայերի վրայ. նա ձախողւելու է»

«ԱԼԻՔ» – «Այս հարցում ամենակարեւոր դերակատարը Հայաստանն է, որը ոչ միայն ձեռքերը ծալած նստեց, ոչինչ չարեց, որ այդ մարդիկ հայրենիք վերադառնան, այլեւ ամէն ինչ արեց, որ այդ մարդիկ դատապարտւեն։ Ես յիշում եմ, երբ մի տարի առաջ Փաշինեանն ասուլիս էր տալիս, ասաց՝ Ռուբէն Վարդանեանին ո՞վ ուղարկեց, ինչի՞ համար եկաւ, ո՞րն էր նպատակը։ Այսինքն՝ ազերիներին աւելի քրէական պատճառներ է տալիս, թէ՝ այս մարդը KGB-ի անդամ է, եւ նման բաներ։ Նա ոչ միայն չի օգնում, այլեւ աւելի խանգարում է։ Նա բոլոր հարցերում նախընտրում է իր աթոռը պահելը, քան հայրենիքի շահերը»: 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի գլխաւոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Յարութ Սասունեանը՝ անդրադառնալով Բաքւում պահւող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան եւ գերեվարւած մեր միւս հայրենակիցների նկատմամբ ընթացող շինծու դատավարութիւններին։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինեանը շատ աւելի վատ վերաբերմունք ունի սեփական ժողովրդի, քան Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ․ «Երկար տարիներ է՝ Ալիեւը ծաղրում է Փաշինեանին, նա երբեք չի հակադարձում, բայց երբ որեւէ հայ Հայաստանում փողոց է դուրս գալիս, մի միջոցառման է մասնակցում, անմիջապէս ձերբակալում են, ասֆալտին են փռում, տանում դատարան։ Եթէ Փաշինեանին քննադատող որեւէ սփիւռքահայ փորձում է Հայաստան այցելել, օդանաւակայանից յետ են ուղարկում։ Ո՛չ հայաստանցին է ապահով Փաշինեանի ձեռքից, ո՛չ էլ սփիւռքահայը»։
Յարութ Սասունեանի խօսքով՝ Հայ Առաքելական Եկեղեցու դէմ արշաւով Փաշինեանը սխալ հաշւարկ արեց․ «Հայաստանի ժողովրդի ջախջախիչ մեծամասնութիւնը Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդ է եւ համակրում է Վեհափառին։ Իսկ Փաշինեանի վարկանիշը շատ ցածր է։ Եթէ պայքար լինի Եկեղեցու անդամների եւ Փաշինեանի աջակիցների միջեւ, հարիւր հազարներով, եթէ չասենք՝ միլիոններով Էջմիածնի կողքին կը կանգնեն մարդիկ։ Եկեղեցին միայն Հայաստանինը չէ, աշխարհի 10 միլիոն հայերի եկեղեցին է, եւ երբ Փաշինեանը յարձակւում է Եկեղեցու դէմ, նա յարձակւում է 10 միլիոն հայերի դէմ, ոչ թէ միայն Էջմիածնի, Վեհափառի դէմ։ Նա անհաւասար պայքարի մէջ է եւ ձախողւելու է»։
Նա անընդունելի է համարում, երբ երկրի ղեկավարն ընդդիմութեանը կամ հոգեւորականներին KGB-ի գործակալ է անւանում.
«Եթէ փաստ ունեն, պէտք է գործողութիւններ լինեն։ ԱԺ-ում ելոյթ է ունենում, թեւերը թափահարում է, սպառնում է, ասում է՝ խորհրդարանում չպէտք է լինէք, պէտք է բանտարկւէք, եւ այլն։ Սա նորմալ ղեկավարի խօսակցութիւն չէ, եւ չի ամաչում՝ շարունակում է։ Ինչ վերաբերում է ԱԺ-ում նրա յայտարարութեանը, թէ ընդդիմադիր երկու խմբակցութիւնները պէտք է յաջորդ ԱԺ-ում չլինեն, նախ՝ դա նրա որոշելիքը չէ, ժողովուրդը կորոշի՝ ով լինի այնտեղ, մէկ անգամ եւս նա խախտում է ՀՀ օրէնքները, Սահմանադրութիւնը եւ որեւէ խնդիր չի տեսնում դրանում»։



