Հայաստան - ԱրցախՄշակութային

«Այս ձեռքով սուր էք բռնելու»

Երեւանում բացւեց Աշոտ Աւագեանի «Յարատեւ պայքար» ցուցահանդէսը

«ԱԼԻՔ» – Նոյեմբերի 14-ին Լաթիթիւդ ցուցասրահում բացւեց գեղանկարիչ, սիսիանցի արւեստագէտ, «Սիսական» ջոկատի մարտիկ Աշոտ Աւագեանի «Յարատեւ պայքար» բացառիկ ցուցահանդէսը, որը վերջին 7 տարիների նրա մտածումների արտայայտութիւնն է։ Ներկայացւած էր 16 գեղանկար, նրա յայտնի՝ «Ռեւանշ լինելու ա» պերֆորմանսից լուսանկարներ, Աղաւնոյից բերւած քարով ինստալեացիա։ Ցուցադրութեան ժամանակ վարպետն իրականացրեց Հադրութի եւ Աղաւնոյի ջրով խորհրդանշական ծիսակարգ՝ միտւած համախմբմանն ու ամրանալուն։

Ի դէպ, ինչպէս «Առաւօտ»-ի հետ զրոյցում նշեց այս ցուցահանդէսի կայացման համար մեծ ջանքեր գործադրած վաւերագրող, հանրային գործիչ Յովհաննէս Իշխանեանը, Լաթիթիւդը միակ ցուցասրահն է, որ համաձայնել էր ցուցադրել Աշոտ Աւագեանի ստեղծագործութիւնները, միւսները, թերեւս, վախեցել էին խնդիրներ ունենալ իշխանութիւնների հետ:

Աշոտ Աւագեանի նոր ցուցադրութիւնը յետպատերազմեան մտորում է, որտեղ արւեստը ոչ թէ արձագանք է, այլ գոյութեան ձեւ: ՋՈՒՐ, ՔԱՐ, ՀՈՂ… նրա լեզւի երեք հիմքերն են: Դրանք գալիք ռեւանշի գաղափարաբանութիւնն են խորհրդանշում: Իր բոլոր պերֆորմասների ժամանակ Աշոտ Աւագեանը սուրբ մասունքի պէս պահւող ջուրը ցողում է մարդկանց ձեռքերին, ինչը յիշողութեան եւ գոյատեւման ծիսական ժեստ է, իսկ Աղաւնոյից բերւած փշալարերով պատւած քարը մարմնաւորում է այն հողերի ցաւը, որոնք յանձնւել են  եւ այժմ գոյութիւն ունեն միայն մեր յիշողութեան մէջ:

«Ես Հադրութից բերւած ջրից մի փոքր պահել եմ, ինչպէս նախկին պերֆորմանսների ժամանակ էի օծում մարդկանց աջը, որ ուժ ստանան, այնպէս էլ հիմա պիտի կրկնենք ու վերջացնենք, որովհետեւ հերիք է, արդէն 5 տարի է՝ այդ ջուրը պահում եմ»,-ասում է վարպետը: Ապա դիմում իր բժշկին՝ բժիշկ ջան, որ դու չլինէիր, այս ցուցահանդէսը չէր կայանայ:

Աշոտ Աւագեանը ջուր ցողեց բոլոր ներկաների ձեռքերին՝ պատգամով. «Այս ձեռքով սուր էք բռնելու»: «Ռեւանշի» ջրից բաժին հասաւ նաեւ աղջիկներին: «Աղջիկներին նրա համար, որ ամուսնանան ու կռւող տղայ բերեն»,-ասաց նա:

Վարպետն անցեալ տարի Զօրաց քարերի մօտակայքում իրականացրած պերֆորմանսի վերաբերեալ հարցազրոյցում ասել էր, որ ռեւանշ ոչ միայն լինելու է, այլեւ մեզանից է կախւած, պարզապէս իւրաքանչիւրն իր աշխատանքում ռեւանշի իրագործման համար պէտք է քայլեր անի, յետոյ երբ այդ ամէնը կուտակւի կը պայթի ռեւանշը:

Ինչ վերաբերւում է պայքարին, այն Աշոտ Աւագեանի խօսքով, յարատեւ է, որովհետեւ եթէ ուզում ես այս արեւի տակ ու այս տարածքում ապրել ու ինքնութիւնդ պահել, ուրեմն պէտք է յարատեւ պայքարես:

ԳՈՀԱՐ ՅԱԿՈԲԵԱՆ

«Առաւօտ»

Related Articles

Back to top button