Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Թրամփ. «Մեծ խնդիրները լուծւել են, մանր խնդիրները կարող են լինել, բայց ես դրանք կը լուծեմ, կարող են զանգել ինձ»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, օգոստոսի 8-ին, Վաշիգտոնում «Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ խաղաղութեան եւ միջպետական յարաբերութիւնների հաստատման մասին» համաձայնագիրի ստորագրումից յետոյ, հանդէս է եկել յայտարարութեամբ:

Նա մասնաւորապէս նշել է.

«35 տարի իրենք կռւել են ու հիմա «ընկերներ» (չակերտները՝ «ԱԼԻՔ»-ի կողմից են) են լինելու երկար ժամանակ։ Մեծագոյն պատիւ է բոլորին ողջունել Սպիտակ տանը։ Երկու «հրաշալի» (չակերտները՝ «ԱԼԻՔ»-ի կողմից են) առաջնորդներին ուզում եմ ողջունել Վաշինգտոն գալու համար, որպէսզի ստորագրեն այս պատմական հռչակագիր։

«Երթուղին թոյլ կը տայ, որ Ադրբեջանը կարողանայ անցնել Նախիջեւան՝ լիովին յարգելով Հայաստանի ինքնիշխանութիւնը:

Չեմ կարծում, որ կողմերից որեւէ մէկը յետ կը կանգնի համաձայնագրից:

«Իմ անձնական յանձնառութիւնն եմ տւել, որ խնդիր չեն ունենայ Հայաստանն ու Ադրբեջանը: Մեծ խնդիրները լուծւել են, մանր խնդիրները կարող են լինել, բայց ես դրանք կը լուծեմ, կարող են զանգել ինձ»:

Աւելի ուշ, Սպիտակ տունը եւս այս առիթով հրապարակում է արել.

««Պատմական» (չակերտները՝ «ԱԼԻՔ»-ի կողմից են) խաղաղութեան համաձայնագիր:

35 տարուց աւելի է, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը պայքարել են դաժան հակամարտութեան մէջ, որը յանգեցրել է հսկայական տառապանքների… շատերը փորձել են գտնել լուծում… բայց նրանք անյաջողութեան են մատնւել։ Այս համաձայնագրի շնորհիւ մենք վերջապէս կարողացանք խաղաղութիւն հաստատել»,- ասւած է հրապարակման մէջ։

Իսկ պետքարտուղար Մարկօ Ռուբիօն էլ իր հերթին է գրառում կատարել՝ շնորհաւորելով Ադրբեջանին եւ Հայաստանին «խաղաղութեան» (չակերտները՝ «ԱԼԻՔ»-ի կողմից են) նոր դարաշրջանի կապակցութեամբ.

«Նախագահ Թրամփը հրաւիրել է երկու կողմերին եւ միջնորդ հանդիսացել տարիներ շարունակւող հակամարտութիւնն աւարտող համաձայնագրի հասնելու գործում: Սա հնարաւորութիւն է երկու կողմերի համար ուշադրութիւնը կենտրոնացել Հարաւային Կովկասի տնտեսական ներուժը բացայայտելու ուղղութեամբ եւ  առաջ շարժւել: Սա նաեւ առեւտրային համաձայնագրեր եւ բարգաւաճում կբերի ամերիկացի, ինչպէս նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներին: Շնորհաւորում ենք երկու երկրներին «խաղաղութեան» (չակերտները՝ «ԱԼԻՔ»-ի կողմից են) նոր դարաշրջանի կապակցութեամբ»,- ասւած է Ռուբիոյի հրապարակած յայտարարութեան մէջ:

Related Articles

Back to top button