Ռուբէն Մելքոնեան. «Հայ ոչնչացնողները Թուրքիայում հերոսացւելու են անգամ Հայաստանի հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելուց յետոյ»
Թուրքիայում եւ Ադրբեջանում հայ սպանելը հերոսացման ամենակարճ ճանապարհն է. այդպէս եղել է 100 տարի առաջ, այդպէս է նաեւ մեր օրերում, եւ ասւածի ապացոյցը օրերս թուրքական բանտից ազատ արձակւած «Ակօս» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Հրանտ Դինքին գնդակահարած Օգիւն Սամասթի ազատ արձակումն է։
168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում նման տեսակէտ յայտնեց թուրքագէտ, ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան Ռուբէն Մելքոնեանը։
«Սա ցոյց է տալիս, թէ Թուրքիան ինչպիսի՞ նկարագիր ունեցող պետութիւն է, հետեւապէս՝ Թուրքիայի հետ յարաբերւելիս պէտք է առաջին հերթին լաւ ճանաչել այդ պետութիւնը։ Թուրքիան 30 տարի Հայաստանի հետ սահմանը բացելու կամ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու համար ներկայացրել է նախապայմաններ, որոնցից մէկն Արցախի յանձնումն էր Ադրբեջանին։ Հիմա հարց է առաջանում, արդեօ՞ք Արցախը կորցնելուց եւ այսքան զոհեր ունենալուց յետոյ լաւ լուր է հայ-թուրքական սահմանի բացումը, այն էլ՝ 3-րդ երկրի քաղաքացիների համար։ Ի դէպ, այդ քաղաքացիների համար սահմանը որ բացում են, արդեօք հաշւարկե՞լ են անվտանգային ռիսկերը, եւ արդեօք Հայաստանը կարո՞ղ է այդ ռիսկերը վերահսկել»,- ասաց Մելքոնեանը։
«Հայ ոչնչացնողները Թուրքիայում հերոսացւելու են անգամ Հայաստանի հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելուց յետոյ»,- ասաց թուրքագէտը` ընդգծելով՝ Հայաստանի իշխանութիւնը մանիպուլացնում է ժողովրդին՝ հրամցնելով, թէ Թուրքիան հրաժարւել է Հայաստանը նւաճելու իր ծրագրից, եւ հասարակութեան զգօնութեան բթացմանն է միտւած նաեւ «Խաղաղութեան խաչմերուկ»-ի մասին յայտարարութիւններն այն ժամանակ, երբ մեր շուրջը եռում է, եւ երկրները ռազմականացւում են։
«Ինչ վերաբերում է «Խաղաղութեան խաչմերուկ» տեսութեանը, որի հեղինակը, ենթադրում եմ, որ անձամբ Փաշինեանն է, ծիծաղ է առաջացնում այն դէպքում, երբ մեր շուրջբոլորը պատերազմ է։
Ի դէպ, մի հրապարակախօս է եղել՝ վաղամեռիկ Տիգրան Հայրապետեան, որի ազդեցութիւնը, կարծեմ թէ, կայ Փաշինեանի վրայ։ Որքան ինձ պատմել են ականատեսները, Փաշինեանը մտերիմ յարաբերութիւններ է ունեցել Տիգրան Հայրապետեանի հետ։ «Խաղաղութեան խաչմերուկ»-ի ակունքը Տիգրան Հայրապետեանի 1990-ականների հրապարակախօսութիւնների մէջ պէտք է փնտրել, որտեղ Հայրապետեանը նշում է՝ եթէ Հայաստանը չի կարողանում վերահսկել, այդ խաչմերուկը դառնում է տարանցիկ ուղի ընդամէնը»,- ասաց Մելքոնեանը՝ ընդգծելով՝ Փաշինեանի նոր տեսութիւնը կարող է լինել ընդամէնը նրա հրապարակախօսական պրպտումների արդիւնքը, որը, սակայն, չունի քաղաքական եւ քաղաքագիտական հէնք։