Հայաստան - Արցախ

Աւետիք Չալաբեան. «Այս կեղծ «խաղաղասէրների» կոյտը շարունակում է ջլատել հասարակութիւնը, թշնամացնել նախկին դաշնակիցներին, թուլացնել բանակը»

Աւետիք Չալաբեանը «Ֆէյսբուք»-եան իր էջում գրել է.

«Այսօր առաւօտեան (փետրւարի 13) Ներքին Հանդի մօտ տեղի ունեցած փոխհրաձգութեան արդիւնքում հայկական կողմից զոհւել է 4 զինծառայող, կան նաեւ վիրաւորներ, թշնամու կորուստներն առայժմ անյայտ են։ Կրակը թշնամու կողմից վառւել է այն դիրքերից, որոնք այն գրաւել էր բուն Հայաստանի տարածքում 2022 թ․ սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած յարձակման ընթացքում, մինչ այդ էլ անարգել առաջ էր եկել 2020 թ․ դեկտեմբերին, երբ առանց կռւի հայկական զօրքերին նահանջի հրաման է տրւել։

Ընդ որում, թշնամին մեծամտաբար սա անւանել է «Հատուցման գործողութիւն», իրեն իրաւունք վերապահելով անարգել սպանդի ենթարկելու հայ զինծառայողներին, այն պայմաններում, երբ Հայաստանի Պաշտպանութեան նախարարութիւնը երէկ իր փոքրոգի հաղորդագրութեան մէջ յայտարարել էր, որ հետաքննութիւն կանցկացնի եւ կը պատժի այն զինծառայողին, որը կրակ է բացել թշնամու ուղղութեամբ, փոխանակ մտածելու, թէ ինչպէս կանխել թշնամու հնարաւոր գործողութիւնները։

Արդէն երեք տարուց աւել է, Հայաստանում իշխող վարչախումբը փորձում է մարդկանց համոզել, որ նահանջելով եւ զիջելով թշնամուն, կարելի է խաղաղութեան հասնել։ Այդ ընթացքում յանձնւել եւ հայափաթւել է Արցախը, թշնամին գրաւել է Հայաստանի արեւելեան սահմանի գերիշխող բազմաթիւ բարձունքները, ակնյայտօրէն նոր յարձակում է պատրաստում Սիւնիքի, Վայոց Ձորի եւ Գեղարքունիքի ուղղութեամբ, իսկ այս կեղծ «խաղաղասէրների» կոյտը, երկիրը պաշտպանութեան պատրաստելու փոխարէն, շարունակում են իրենց անհեթեթ գործողութիւններով ջլատել հասարակութիւնը, թշնամացնել նախկին դաշնակիցներին, թուլացնել բանակը՝ ամբողջը սեփական իշխանութիւնը մէկ օր աւել երկարաձգելու եւ նրա «բարիքներից» օգտւելու համար։

Ցաւակցում եմ այսօր զոհւած հայրենիքի պաշտպանների ընտանիքներին եւ հարազատներին, միեւնոյն ժամանակ յոյս յայտնում, որ Ներքին Հանդում տեղի ունեցածը կօգնի վերջին տատանւողներին իրատեսական գնահատել իրավիճակը, մերժել այս վարչախմբի կողմից մեր վզին փաթաթւած պարտւողական օրակարգը, եւ միաւորել երկրի պաշտպանութեան հրամայականի շուրջը»։

Related Articles

Back to top button