Հայաստան - Արցախ

Կրկնակի չափանիշեր

O tempora, o mores!

(Օ, ժամանակներ, օ բարքեր)

Սոյն յօդւածով, ցանկանում եմ համեմատութիւններ անել «նախկինների» եւ «յեղափոխականների» ժամանակների նմանատիպ, աղմկայարոյց յանցագործութիւնների, հետեւած պատիժների միջեւ, ինչպէս նաեւ ներկայացնել դրանց նկատմամբ հասարակութեան վերաբերմունքի տարբերութիւնները։

1․ Ըստ ժամանակագրութեան, սկսենք 2001 թւականին «Առագաստ» սրճարանում, նախագահ Ռոբերտ Քոչարեանի թիկնապահ Աղամալ Յարութիւնեանի կողմից ծեծի ենթարկւած, ինչի հետեւանքով մահացած Պօղոս Պօղոսեանի դէպքից։ Այս դէպքը մեծ ցնցումներ առաջացրեց հասարակութեան մէջ։ Շատերն առաջարկեցին բոյկոտել «Առագաստ» սրճարանը, յաճախակի բողոքի ակցիաներ էին իրականացւում։ Եւ ընդհանրապէս, այս դէպքը յիշւեց եւ յիշւում է մինչեւ այսօր։ Աղամալ Յարութիւնեանը դատարպարտւեց երկու տարւայ պայմանական ազատազրկման՝ անզգոյշ սպանութիւն յօդւածով։

2022 թւականին վարչապետ կոչեցեալի շարասիւնն անցնելիս Լէօ-Պարոնեան փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկեց 28-ամեայ, յղի կնոջը՝ Սոնա Մնացականեանին։ Սոնա Մնացականեանը փողոցն անցել էր անցումով, կանաչ լոյսի տակ, բայց շարասիւնը ոչ միայն կանգ չէր առել, այլեւ վրաերթից յետոյ նոյնպէս շարունակել էր արագընթաց ուղին։ Բողոքներ, իհարկէ եղան, բայց ոչ այն աստիճանի, ինչ 2001 թւականին։ Աւելի քան մէկուկէս տարի անց, դեռեւս դատական վճիռ չկայ, իսկ վրաերթի ենթարկած ոստիկանութեան մայոր Արամ Նաւասարդեանն ազատութեան մէջ է։

2․ 2007 թւականին, Երեւանի ոստիկանութեան շէնքում, կասկածելի հանգամանքներում, մահացաւ Լեւոն Գուլեանը։ Ըստ պաշտօնական հաղորդագրութեան, Լեւոն Գուլեանը հրաւիրւել էր ոստիկանութիւն զրոյցի եւ փորձել էր փախչել, բայց սայթաքել էր եւ երկրորդ յարկից վայր ընկնելով մահացել։ Դէպքին յաջորդեցին բողոքի բազմաթիւ ակցիաներ։ Հասարակութեան ճնշման արդիւնքում հրաւիրւեցին միջազգային փորձագէտներ։ Ըստ փորձաքննութեան, Լեւոն Գուլեանի մարմնի վրայ եղել էին վնասւածքներ, որոնք կապ չունէին վայր ընկնելու հետ, այլ հարւածների հետեւանքներ էին։ Այսպիսով, պարզ էր, որ Լեւոն Գուլեանին ոստիկանութիւնում խոշտանգել էին։ Լեւոն Գուլեանի մահւան հանգամանքները պարզելու համար քրէական գործ յարուցւեց, սակայն այն հետագայում կարճւեց յանցակազմի բացակայութեան պատճառով։

2023 թւականին Հայաստանում տեղի են ունեցել երեք նմանատիպ դէպքեր։ Ապրիլի 27-ին ՀՀ Քննչական կոմիտէի Արարատի մարզային վարչութեան երրորդ յարկից ընկել եւ մահացել էր Հովտաշէն համայնքի բնակիչ Միսաք Պօղոսեանը։ Հարազատները բացառում են փախուստի փորձի հաւանականութիւնը՝ պնդելով, որ Մ․ Պօղոսեանը մի քանի ժամից ամէն դէպքում ազատ էր արձակւելու, իսկ փախուստի ցանկութեան պարագայում ունեցել է աւելի յարմար հնարաւորութիւններ։ Ըստ փաստաբանի, շէնքի այն հատւածը, որտեղից ընկել էր Մ․ Պօղոսեանը, տեսախցիկների տիրոյթում չէ։

Յուլիսի 20-ին ՌԴ քաղաքացի Վադիմ Վոլկովը ՀՀ Քննչական կոմիտէի տնտեսական յանցագործութիւնների եւ մաքսանենգութիւնների քննութեան գլխաւոր վարչութեան շէնքի 5-րդ յարկի պատուհանից ցած է ընկել եւ մահացել։ Վերջինս եղել է ձեռնաշղթաներով։ Երկու դէպքում էլ Քննչական կոմիտէն շտապել էր յայտնել, որ մահացածները բաժիններում էին գտնւում թմրամիջոցների հետ կապւած գործերով եւ փորձել են պատուհանից փախուստի դիմել։

Տարւայ ընթացքում երրորդ դէպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին։ ՌԴ քաղաքացի, «թրեշ-բլոգգեր» Իւլիա Մաքսիմովսկայեան, ըստ Քննչական կոմիտէի, փորձել է Էրեբունի եւ Նուբարաշէն վարչական շրջանների քննչական բաժնի զուգարանի պատուհանից փախուստի դիմել եւ ընկել է զբօսավայրի ցանցէ տանիքին։ Վերջինս ստացել էր ողերի կոտրւածքներ եւ տեղափոխւել հիւանդանոց։

Ինչպէս Լեւոն Գուլեանի դէպքում, ես հիմնաւոր կասկածներ ունեմ, որ երեք անձինք էլ ենթարկւել են խոշտանգումների։ Փախչել, օրինակ 3-րդ կամ 5-րդ յարկի՞ց․․․ աներեւակայելի է։ Եւ հարց է, իրե՞նք են փորձել «փախչել», թէ՞ նրանց «օգնել» են քննիչները։ Փաստօրէն, մենք չէինք հաւատում, որ Լեւոն Գուլեանը 2-րդ յարկից փախուստի փորձ է արել, բայց հաւատում ենք 5-րդ յարկից փախուստին։

Եթէ 2007 թւականի Լեւոն Գուլեանի ողբերգական մահը հասարակական մեծ արձագանգի արժանացաւ, բազմաթիւ ակցիաներով, ապա 2023 թւականի նմանատիպ երեք դէպքերի ժամանակ լռութիւն է, ինչպէս նաեւ առկայ չեն քրէական գործեր եւ կասկածեալներ։

3․ 2012 թւականին «Հարսնաքար» ռեստորանում, խմբակային դաժան ծեծի ենթարկւեց ռազմական բժիշկ Վահէ Աւետեանը։ Շուրջ մէկ ամիս մնալով կոմայի մէջ, Վահէ Աւետեանը մահացաւ։ Նման հասարակական ընդվզում, Հայաստանում չէր եղել։ Ստեղծւեց «Վահէ Աւետեան» շարժում, հիմնադրամ։ Նոյնիսկ սփիւռքում բողոքի ակցիաներ տեղի ունեցան։ Դէպքը դատապարտեց «Հարսնաքար» համալիրի սեփականատէր Ռուբէն Հայրապետեանը, ով նաեւ հրաժարւեց պատգամաւորական մանդատից։ Որեւէ ցուցմունք չկար, ըստ որի Ռուբէն Հայրապետեանը ներկայ է եղել միջադէպին։ Ծեծի մասնակից «Հարսնաքար» ռեստորանի անվտանգութեան 6 աշխատակիցներ դատապարտւեցին 12 տարւայ ազատազրկման։

2019 թւականին Եղեգնաձորում, խմբակային, դաժան ծեծի ենթարկւեց փոխգնդապետ Արա Մխիթարեանը։ Չորս տարի կոմայի մէջ մնալուց յետոյ, Արա Մխիթարեանը մահացաւ։ Դէպքի հետ կապւած կալանաւորւեց եւ 5 տարով դատապարտւեց ընդամէնը մէկ անձ՝ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսեանի օգնականը, որն էլ վաղաժամկէտ ազատ արձակւեց։ Ըստ երեք ականատեսների, դէպքին ներկայ է եղել անձամբ մարզպետը եւ հրահանգներ է տւել մարզպետարանի աշխատողներին։ Ականատեսները վկայութիւնը հաստատել են նաեւ առերես հարցաքննութեան ժամանակ, սակայն քննչական կոմիտէն եւ դատախազութիւնը մարզպետին չեն ներգրաւել քրէական գործում։

Ի տարբերութիւն Վահէ Աւետեանի մահւան, Արա Մխիթարեանի մահը չարժանացաւ հասարակութեան բուռն զայրոյթին։ Եթէ Վահէ Աւետեանի մահը զայրացրել էր նաեւ բանակի սպաներին, ապա փոխգնդապետ Արա Մխիթարեանի մահւան դէպքում, նրանք բոլորը «խոհեմաբար» լռում են։

4․ 2017 թւականին, հիւանդանոցում, մեկուսարանում հացադուլի հետեւանքով մահացաւ Արթուր Սարգսեանը՝ Հաց բերողը։ Նրա մահը մեծ յուզումներ առաջացրեց՝ բազմաթիւ ցոյցեր, երգեր գրւեցին նրա պատւին, նոյնիսկ խօսք էր գնում, նրա յիշատակը յաւերժացնելու համար յուշարձան կանգնեցնել։ Յիշեցնեմ, որ Հաց բերողը 2016 թւականին, ճեղքելով ոստիկանական պատնէշը սնունդ էր տարել մի քանի օր շրջափակման մէջ գտնւող, ՊՊԾ գունդը գրաւած, ոստիկաններ սպանած, «Սասնայ ծռեր» յանցաւոր խմբին։ Խմբի յանձնւելուց յետոյ, խմբի միւս անդամների հետ կալանաւորւել էր, ապա նրա խափանման միջոց կալանքը փոխւել էր եւ նա ազատ էր արձակւել։ Հերթական հարցաքննութեանը չներկայանալու պատճառով, նորից էր կալանաւորւել եւ հացադուլ յայտարարել։ Ըստ շրջանառւող լուրերի, Հաց բերողի փաստաբանի առաջարկով նա չէր ներկայացել հարցաքննութեանը։ Հացադուլի հետեւանքով, Հաց բերողի առողջութիւնը վատացել էր, նրան տեղափոխել էին քաղաքացիական հիւանդանոց, վիրահատել էին, բայց կեանքը փրկել չէր յաջողւել։

2019 թւականին, մեկուսարանում 44-օրեայ հացադուլից մահացաւ Haynews.am կայքի խմբագիր Մհեր Եղիազարեանը։ Նա կալանաւորւել էր կաշառքի միջնորդութիւն անելու կասկածանքով։ Մահւանից մէկ շաբաթ առաջ, դատարանը մերժել էր Մհեր Եղիազարեանի խափանման միջոց կալանքը փոխարինել գրաւով։ Ի տարբերութիւն Հաց բերողի, Մհեր Եղիազարեանի խափանման միջոց կալանքը, ոչ միայն չփոխւեց, այլեւ նա հիւանդանոց չտեղափոխւեց։

Եւ ինչպէս նախկին բոլոր դէպքերում, «յեղափոխականների» ժամանակների յանցագործութիւնները չեն արժանանում հասարակութեան բուռն ընդվզումների, այնպէս էլ Մհեր Եղիազարեանի ողբերգական մահն աննկատ մնաց։

Այս ամենին յաւելենք, որ Հայաստանի ողջ պատմութեան ընթացքում, 2023 թւականին առաջին անգամ, Էրեբունի ոստիկանական բաժանմունքում խոշտանգւեցին փաստաբաններ մարզպետ Աւագեանը եւ Էմմանուէլ Անանեանը, իսկ Կենտրոնի բաժանմունքում՝ փաստաբան Կարէն Ալավերդեանը։ Այս դէպքերի կապակցութեամբ միայն փաստաբանական համայնքը բողոքեց, մի քանի օր գործադուլ յայտարարելով։ Նշւած բռնութիւնների դէպքերի վերաբերեալ յարուցւած գործերով պատժի ենթարկւածներ չկան։

Պատկերացնում եմ, որ նման դէպք պատահած լինէր «նախկինների» ժամանակ՝ ինչպիսի աղմուկ-աղաղակ կը բարձրանար։

Ընթերցողին եմ թողնում վերը բերւած 4 օրինակների համեմատութիւնները, մի կողմից՝ յանցագործութիւնը պատժելու, միւս կողմից՝ հասարակութեան վերաբերմունքի հարցով։

Ի դէպ, ռազմական բժիշկ Վահէ Աւետեանի իրաւայաջորդների փաստաբաններն, իրենց իրաւապաշտպան համարող, եւրոպական հնչեղ անւանումով կազմակերպութեան անդամ ամուսիններն էին, նրանցից մէկը, զոյգից ամուսինը, նաեւ Հաց բերողի փաստաբանն է եղել։ Ստի եւ կեղծիքի յեղափոխութիւնից յետոյ, իրաւապաշտպան ամուսինները ոչ միայն այլեւս չեն նկատում վերը յիշատակւած մարդու իրաւունքների աղաղակող խախտումները, այլեւ երկուսն էլ վարչապետ կոչեցեալի կողմից նշանակւած են սահմանադրական փոփոխութիւնների յանձնաժողովի անդամներ։ Իսկ դա նշանակում է, որ «իրաւապաշտպան» ամուսինները վարչապետ կոչեցեալի հաւատարիմ ենթականերից են, ինչպէս յանձնաժողովի բոլոր անդամները։

Այսպիսով արձանագրենք, որ մեր՝ Հայաստանի հասարակութիւնը չի առաջնորդւում արդարութեան, գթասրտութեան, բռնութիւնը մերժելու չափանիշերով, այլ միմիայն, անձնական նպատակայարմարութեամբ։

ԱՒԵՏԻՔ ԻՇԽԱՆԵԱՆ

Related Articles

Back to top button