Արմենուհի Կիւրեղեան. «Նիկոլն ու Աննան հայրենասէր են, բայց նրանց հայրենիքը Հայաստանը չէ»
Նիկոլ Փաշինեանի կինը՝ Աննա Յակոբեանը, ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ջերմ շփումներ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կնոջ՝ Էմինէ Էրդողանի հետ։ Յիշեցնենք, որ Էրդողանի կինը 44-օրեայ պատերազմից յետոյ այցելել էր բռնազաւթւած Շուշի եւ Վարանդա, անյարգալից արտայայտւել ադրբեջանական բանտերում պահւող հայ ռազմագերիների մասին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին կոչ անելով «նրանց մաս-մաս փոխանակել ականապատւած դաշտերի քարտէզների հետ»։
Փաշինեանը նոյնպէս երջանկացել էր թուրք գործընկերոջ հետ հանդիպումից, յամենայնդէպս այդ մասին են վկայում Փաշինեան-Էրդողան հանդիպումից տարածւած կադրերը, որոնցում Փաշինեանի դէմքին լայն ժպիտ էր նկատւել։ Հանդիպման ժամանակ Էրդողանը Նիկոլ Փաշինեանին իր հեղինակած գիրքն էր նւիրել, որը կառավարութեան ղեկավարը ամուր սեղմել էր իր կրծքին։
Oragir.News-ի հետ զրոյցում Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմենուհի Կիւրեղեանը նշեց՝ երբեւիցէ չի կասկածել, որ այն ամէնն, ինչ արւում է գործող իշխանութիւնների կողմից, դա թուրք-ադրբեջանական տանդեմի ուղիղ պատւէրն է ու նրանց ծրագրի իրականացումը։ Նրա խօսքով՝ Նիւ Եօրքում Էրդողանի եւ նրա կնոջ հետ Նիկոլ Փաշինեանի ու Աննա Յակոբեանի ջերմ շփումները վկայում են իր ասածի ճշմարտացիութիւնը։
«Ըստ էութեան, օրեր առաջ Նիկոլ Փաշինեանը յայտարարեց՝ Հայաստանի շահերից չի բխում, որ ինքն այսքան հայրենասէր է։ Հիմա այդ նկարը, որտեղ ինքը երջանիկ ժպիտով ու մինչեւ ականջները բաց բերանով գրկել էր Էրդողանի գիրքը, դա վառ ապացոյցն է այն բանի, որ այո՛, ինքը հայրենասէր է, բայց այստեղ խնդիրն այն է, թէ որն է իր հայրենիքը։ Այդ նկարը ցոյց է տալիս, թէ որն է իր հայրենիքը, եւ որ հայրենիքի հայրենասէրն է ինքը։ Նոյնը կարող ենք ասել նրա կնոջ՝ Աննա Յակոբեանի եւ Էրդողանի կնոջ համատեղ լուսանկարի մասին։ Դա վկայում է այն մասին, որ իրենք այդ մարդկանց հետ համատեղ ծրագիր են իրականացնում ու շատ ուրախ են, որ իրենց ծրագիրը կեանքի է կոչւում, շատ ուրախ են, որ այդ ծրագիրն օր-օրի կեանքի է կոչւում»,- շեշտում է նա։
Ընդդիմադիր պատգամաւորի դիտարկմամբ՝ ադրբեջանական բանտերում պահւող հայ ռազմագերիներն այդ համատեղ ծրագրի մի մասն են կազմում, իսկ Հայաստանի գործող իշխանութիւններն առհասարակ չեն մտածում նրանց հայրենադարձման մասին․ «Դուք մտածո՞ւմ էիք, որ այս իշխանութիւնները երբեւիցէ մտածելու են մեր ռազմագերիների վերադարձի մասին, մտածելու են Արցախի մեր ռազմաքաղաքական ղեկավարութեան հայրենադարձման մասին, Արցախի բնակչութեան վերադարձի ու ինքնորոշման իրաւունքի իրականացման մասին։ Ո՛չ, նրանք եկել են հակառակն անելու, եկել են ծրագրաւորւած անելու ու ցաւօք սրտի դեռ կարողանում են անել։ Նրանք իրականացնում են ծրագիր ու այդ ծրագրի իրականացումն իրենց երջանկացնում է, իրենք եկել են հէնց այդ ծրագիրն իրականացնելու»։
Oragir.News-ի հարցին, թէ ինչո՞ւ հանրութիւնն այս ամէնին նորմալ վերաբերւում եւ չի ընդւզում՝ Արմենուհի Կիւրեղեանը պատասխանեց, որ այնքան էլ համաձայն չէ, որ հանրութիւնն այս ամէնին նորմալ է վերաբերւում։ Նրա համոզմամբ՝ վաղուց արդէն ժամանակն է, որ հանրութիւնը ոտքի կանգնէր, բռունցքը խփէր սեղանին՝ ներկայիս իշխանութեանը հեռացնելու համար․ «Սակայն երեւի թէ մեր հանրութեան ուղեղներն այնքան են այլ թեմաներով լցրել, որ ժամանակ էր պէտք, որ մարդիկ այդ ամէնից թօթափւէին։ Բայց որ սկսել են թօթափւել, սկսել են ոտքի կանգնել, դա միանշանակ է, դրա մասին է վկայում «Սրբազան շարժմանը» օրէցօր միացող նոր մարդկանց թիւը»։
Արմենուհի Կիւրեղեանը յաւելեց նաեւ՝ յոյս ունի, որ հանրութիւնն օրերից մի օր ոտքի կը կանգնի եւ այս իշխանութիւններին դուրս կը շպրտի։ Նա ասաց, որ դա պէտք է լինի յամառ ու երկար աշխատանքի արդիւնքում՝ վստահութիւն յայտնելով, որ դա անշուշտ կը լինի։ «Ես անուղղելի լաւատես եմ եւ երբեք յոյսս չեմ կտրում, որ հանրութեան ուշքի գալու արդիւնքում այս իշխանութիւնները կը հեռացւեն»,- եզրափակեց նա։