Թախթէ Ռաւանչի. «Հարստացման դադարեցումը բացարձակապէս բանակցելի չէ»

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթէ Ռաւանչին ճապոնական «Կիոդօ» լրատւական գործակալութեանը տւած հարցազրոյցում յայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ընդունել իր միջուկային ծրագրում որոշակի սահմանափակումներ՝ տնտեսական պատժամիջոցների վերացման դիմաց, սակայն ուրանի հարստացման դադարեցումը բացարձակապէս բանակցելի չէ: Հաղորդում է «Թասնիմ»-ը:
Թախթէ Ռաւանչին հարցազրոյցում նշել է նաեւ, որ Իրանը պատրաստ է ճկունութիւն ցուցաբերել հարստացման հարցում, բայց ոչ մի դէպքում պատրաստ չէ դադարեցնել հարստացումը, քանի որ դա համարում է անհրաժեշտութիւն, եւ սին խոստումների փոխարէն Իրանը յոյսը միայն դրել իր վրայ:
Նշելով, որ Միացեալ Նահանգները ձեւացրել է, թէ բանակցում է մեզ հետ, նա ընդգծել է, որ նոյնիսկ այս դէպքում Իրանը չի մերժել բանակցութիւնների միջոցվ խնդիրներին լուծում տալու փաստը, սակայն Միացեալ Նահանգները պէտք է պարզաբանի, թէ արդեօք իսկապէ՞ս հետաքրքրւած է փոխշահաւէտ երկխօսութեամբ, թէ՞ շարունակում է իր կամքը պարտադրել:
«Թասնիմ»-ը յիշեցրել է, որ աւելի վաղ ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին ԱՄՆ-ի հետ բանակցութիւնների վերաբերեալ յայտարարել էր, որ եղել են եւ դեռ շարունակւում են շփումները, իսկ թէ ապագայում բանակցութիւններ կանցկացւե՞ն, թէ՞ ոչ, կախւած է նրանից, թէ ինչ կը թելադրի ժամանակը։ «Ազգային շահերը պաշտպանելու համար չենք խնայելու որեւէ միջոց: Մենք կը կռւենք այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, եւ կը բանակցենք այնտեղ, որտեղ անհրաժեշտ է»,- հեռուստատեսութեան լրատւական հաղորդմանը տւած հարցազրոյցում ասել էր Արաղչին։