Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արտակ Բեգլարեան. «Արցախում ցեղասպանութեան առաջին պատասխանատուն Փաշինեանն է. ինքն է յանձնել Արցախը, հիմա էլ վախենում է փռշտալ, որ յանկարծ Ալիեւը չջղայնանայ»

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրն էր Արցախի Հանրապետութեան նախկին պետնախարար, Արցախի Մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարեանն է։

Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.

  • Երբ 2022 թ. ապրիլի 13-ին Փաշինեանը յայտարարեց Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին, դա արդէն Արցախը յանձնելու անոնսն էր։ Յետոյ ադրբեջանական ջերմուկեան յարձակումից յետոյ տրւեց նախերգանքը։ Այդ ժամանակ Արցախի իշխանութիւնները յայտարարութիւն տարածեցին՝ ահազանգելով, որ Հայաստանի իշխանութիւններն Արցախի վերաբերեալ հերթական զիջումների չպէտք է գնան։ Պրահայի՝ հոկտեմբերի 6-ի յայտարարութիւնը որոշ չափով համապատասխանում էր սպասելիքներին, բայց մեզ համոզում էին, որ այդ յայտարարութիւնը չի նշանակում Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, որովհետեւ այնտեղ խօսւում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան մասին։ Մեզ ասում էին, որ Արցախի հարցը առանձին պէտք է քննարկւի։ Յետոյ Փաշինեանը յատկապէս 2023 թ. շրջափակման ընթացքում սկզբում՝ անուղղակիօրէն, ապա՝ ուղղակի յայտարարեց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը ներառում է նաեւ Արցախը։ Ուղիղ տեքստով 2023 թ.ապրիլի 13-ին յայտարարեց, որից 4 օր յետոյ Ալիեւն անցակէտ տեղադրեց Լաչինի անցակէտում։ Կարծում եմ՝ դա Ալիեւի եւ Փաշինեանի միջեւ փոխհամաձայնեցւած էր։

Յիշեցնենք, որ 2022 թ. ապրիլի 13-ին Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինեանը յայտարարեց. «Այսօր միջազգային հանրութիւնը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրէք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, եւ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովենք Հայաստանի ու Արցախի շուրջ»։

  • 2018 թ.Արցախից մեզ համար հիմնականում ընկալելի չէր՝ ինչի համար է իշխանութեան եկել Փաշինեանը։ Փաշինեանին յաջողւել էր մոլորեցնել ժողովրդին Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում։ Իրեն յաջողւել էր թեման տաք պահել ներքին խնդիրներով։ Ես հիմա եմ հասկանում, որ նախընթաց շրջանում Փաշինեանը դիտաւորեալ էր մտել «ազգային կերպարի» մէջ, այդ թւում՝ Ապրիլեան քառօրեայ պատերազմի ժամանակ ինչ-որ խմբով Արցախ գնալով, ասելով, որ Արցախը չպէտք է զիջենք… Հիմա հասկանալի է, որ դա յատուկ էր արւում: Յետոյ մինչեւ 2021 թ.ինքը մնաց այդ դաշտում, խաղաց, մոլորեցրեց ժողովրդին, յայտարարեց՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ, եւ, որ Արցախը պէտք է լինի բանակցութիւնների կողմ, իր վրայից գցեց պատասխանատւութիւնը։ Իմ կարծիքով՝ 2018-2020 թթ. ինքը մի կողմից խաղաց իր պոպուլիստական խաղը՝ իր վարկանիշի հարցը լուծելու համար, միւս կողմից՝ բանակցութիւնները տարաւ փակուղի եւ աստիճանաբար բերեց-հասունացրեց պատերազմի պահը, որ յետոյ ասի՝ արցախցիները, նախկինները, բանակը, արտաքին ուժերն են մեղաւոր պարտութեան մէջ, բայց ոչ ես։ 2021 թ.նոյնն արեց՝ Հադրութ, Շուշիի դէօկուպացիա, Արցախի ինքնորոշման իրաւունքի ճանաչում։ Յետոյ ընտրութիւններից յետոյ արեց իր նախընտրական ծրագրին հակառակ բաներ։
  • Նախկինում Հայաստանի բոլոր իշխանութիւնները միշտ հանդէս են եկել՝ որպէս Արցախի անվտանգութեան երաշխաւոր, բանակցել են Արցախի անունից, Արցախին երբեք մենակ չեն թողել, ու որեւէ հետին միտք չի եղել Արցախին մենակ թողնելու ու այն Ադրբեջանին յանձնելու։
  • Փաստն այն է, որ Նիկոլ Փաշինեանի պատճառով ու մեղաւորութեամբ է Արցախը յանձնւել։ Ինքն է յանձնել Արցախը։ Ես հիմա համոզւած եմ, որ ինքը 2014-2015 թթ.-ից սկսեց մտնել ազգային այդ կերպարի մէջ, մտաւ միտումնաւոր։ Ինքը դեռ 90-ականներից Արցախը բեռ էր համարում եւ վերադարձաւ իր նոյն այդ կարծիքին 2022 թ.-ից սկսած։
  • Աշխարհաքաղաքական որոշ կենտրոնների ծրագրով երկար ժամանակ հայ հասարակութեանը նախապատրաստել են այս իրավիճակին՝ դրսից ներդրւած կոնկրետ նարատիւներով։ Զուգահեռ ուռճացրել են ներքին թեմաները՝ սոցիալական վիճակ, կոռուպցիա եւ այլն, որը՝ իրական, որը՝ հնարովի։ Հայաստանի նախորդ բոլոր իշխանութիւնների գլխաւոր երկու բացթողումներն են եղել ազգային գաղափարախօսութեան թոյլ լինելը եւ արդիւնաւէտ կառավարման խնդիրները։ Եւ դրանից Փաշինեանն ու միւս դերակատարներն օգտւել են։ Նիկոլ Փաշինեանի ծնունդը՝ որպէս ղեկավար, նաեւ եղել է մեր համակարգային սխալների միջոցով՝ իհարկէ, արտաքին ուժերի դերակատարմամբ։
  • Ադրբեջանում տարեցտարի խորացել է հայատեացութիւնը, իսկ քսենոֆոբիան՝ էթնիկ ատելութիւնը, միջազգայնօրէն արգելւած է։ Սա իրենց ազգային գաղափարախօսութեան հիմքն է։ Ադրբեջանն իր ազգային գաղափարախօսութեամբ իր ժողովրդին նախապատրաստել է երկարատեւ պայքարի, մենք նախապատրաստել ենք խաղաղութեան կամ կիսատ-պռատ պայքարի։
  • Փաշինեանը յստակ պլանով է եկել իշխանութեան, Արցախը յանձնելու, Արցախի «բեռից» ազատւելու համար ու մեղքը նախկինների վրայ գցելով։ Այ այստեղ ինքը սխալւում է։ Մինչեւ 2018 թ. Արցախը եղել է զարգացող, կայուն պետութիւն։
  • Ի պաշտօնէ ներգրաււած եմ եղել բանակցութիւններում, մասնակցել եմ Անվտանգութեան խորհրդի նիստերին եւ տեղեակ եմ՝ ինչ է բանակցւել։ Երբ Փաշինեանը յայտարարեց Արցախի նշաձողն իջեցնելու մասին, Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանի յանձնարարութեամբ ես էլ եմ մասնակցել արեւմտեան պաշտօնեաների հետ բանակցութիւններին, ու իրենք էլ ասում էին, որ հարցը պէտք է քննարկւի Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան համատեքստում։ Եւ երբ մենք խօսում էինք ինքնորոշման իրաւունքի մասին, ասում էին՝ հիմա դրա ժամանակը չէ։ Ինքնավարութեան մասին զրոյցներ աւելի շատ եղան շրջափակման ժամանակ, ու իրենք ասում էին՝ չէ, ի՜նչ ինքնավարութիւն։ Յետոյ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստում բանաձեւ պիտի ընդունւէր այդ մասին։ Առաջարկը եկել էր ֆրանսիական կողմից, դէմ էին ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը։ Ֆրանսիայի հետագայ քայլերը պայմանաւորւած էին ԱՄՆ-ի դիրքորոշմամբ, եւ իրենց իսկ կողմից արւած առաջարկից ֆրանսիացիները հրաժարւեցին: Ամերիկեան կողմի ներկայացուցիչը նախագահ Արայիկ Յարութիւնեանի հետ հեռախօսային զրոյցում ասել էր, որ Արցախի ինքնավարութեան մասին բանաձեւն այս պահին իրենք համարում են ապակառուցողական, Արցախին առաջարկում էին մնալ Ադրբեջանի կազմում, եւ, որ իրենք երաշխաւորում են, որ ոչ մի վտանգ մեզ չի սպառնայ. իհարկէ այդպէս ասում էին, բայց կոնկրետ որեւէ երաշխիքներ չէին տալիս։ Ռուսաստանն էլ հարցը դիտարկում էր Ադրբեջանի սահմանադրութեան ներքոյ, մշակութային ինքնավարութեան պէս մի բան էր առաջարկում, բայց ռուսական առաջարկը մեծ հաշւով այն էր, որ հարցը պէտք է թողնել յաջորդ սերունդներին։ Բրիւսէլը՝ ԵՄ-ն, ասում էր՝ հարցը հիմա պիտի լուծւի՝ Արցախը՝ Ադրբեջանի կազմում։ Ռուսական առաջարկն այն էր, որ հայ-ադրբեջանական համաձայնագրում Արցախի հարցը պէտք է ներառւի ու կարգավիճակի հարցն առկախւի։ Սրան արցախեան կողմը համաձայն էր։ Բայց յատկանշական է, որ այս փուլում Ֆրանսիան հետ էր քաշւել ու որպէս միջնորդ՝ հանդէս չէր գալիս։

Յիշեցնենք, որ «5-րդ ալիք» հեռուստաընկերութեան գործադիր տնօրէն Յարութիւն Յարութիւնեանը նախօրէին «Պրեսսինգ» հաղորդաշարում ասել էր.  «Այդ օրերին Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլը Նիկոլին ասել է՝ դուք չէք կարող ադրբեջանցիների հետ ապրել, եկէք հանենք ժողովրդին։ Առաջին փուլում Նիկոլը չի համաձայնել, յետոյ համաձայնել է։ Ամէն ինչ ծրագրւած ու պլանաւորւած էր»։

  • Այո, շրջափակման ժամանակ տարբեր տեղերից ազդակներ եմ ստացել, որ արեւմտեան շրջանակները Հայաստանի իշխանութիւններին՝ Փաշինեանին, առաջարկել են Արցախի ժողովրդի տեղահանման պլաններ կազմել։ Թէ Հայաստանի իշխանութիւններն ինչ են պատասխանել, չգիտեմ։
  • Արեւմտեան երկրների բլոկում Մեծ Բրիտանիան Ադրբեջանի թիւ 1 աջակիցն է։ Իրենք աջակցել են Արցախի ժողովրդի ցեղասպանութեանը։ Բայց Արցախի ցեղասպանութեան թիւ 1 աջակիցը եղել են Հայաստանի իշխանութիւնները։
  • Ռուս-ուկրաինական պատերազմից յետոյ բացառիկ մի դէպք էր եղել. ռուս-ամերիկեան-արեւմտեան բանագնացները հանդիպել էին Թուրքիայում մեր հարցով, եւ ես, չգիտեմ՝ ինչու, վստահ եմ, որ հէնց այդտեղ էլ որոշւել է Ադրբեջանի յարձակումն Արցախի վրայ։ ԱՄՆ Կովկասեան բանակցութիւնների հարցերով աւագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոն ամերիկեան կողմի գլխաւոր բանագնացն էր, բայց այլ բանակցողներ եւս եղել են ԱՄՆ-ի կողմից։ 
  • Երբ ասում ենք՝ արեւմտեան շրջանակներ, պէտք է հասկանալ, որ առաջին ջութակն ԱՄՆ-ն էր, եւ Լուիս Բոնոն գլխաւոր բանակցողն է եղել։ Եւ բանակցութիւնները եղել են թէ՛ Արցախի նախագահի, թէ՛ ԱԳ նախարարի մակարդակով։ Ես եւս մասնակցել եմ բանակցութիւններին։ Արցախի արտգործնախարար Սերգէյ Ղազարեանը, որ այդ ժամանակ Երեւանում էր, ամենաակտիւ բանակցողն էր։ Բրատիսլաւայի եւ Սոֆիայի բանակցութիւններն իր կազմակերպածն էին, ու ես յստակօրէն կարող եմ ասել, որ արցախեան կողմը չի՛ մերժել առաջարկները, ինչպէս ներկայացնում են ՀՀ իշխանութիւնները. հայկական կողմը տէր չի կանգնել բանակցութիւններին։ Միջնորդներն ասում էին՝ բանակցութիւններին իրենք չեն մասնակցի, կը լինեն կողքի սենեակում, կը խօսեն արցախեան ու ադրբեջանական կողմերը։ Ու չնայած վիճակը տխուր էր, բայց մենք համաձայնել ենք այդ բանակցութիւններին։ Սակայն այդ հանդիպումները չեն կայացել ոչ մեր պատճառով։ Չեղարկել է ադրբեջանական կողմը։ Եւլախի հանդիպման առաջարկին էլ արցախեան կողմը պատրաստ էր օգոստոսի վերջին, բայց ինչ-ինչ պատճառներով ադրբեջանական կողմը հետաձգում էր։
  • Երբ մենք արեւմտեան այդ միջնորդներին (ԱՄՆ Կովկասեան բանակցութիւնների հարցերով աւագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին, մինչ այդ էլ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրիւ Շոֆերին, Եւրոպայի ներկայացուցիչներին, այլոց) ասում էինք՝ ինչպէ՞ս էք պատկերացնում՝ ատրճանակը գլխներիս դրած, մենք պէտք է բանակցենք Ադրբեջանին մեր հպատակութեան մասի՞ն, մեզ պատասխանում էին՝ լաւ է լինելու։ Մեզ ասացին՝ բացէք Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը, դրանից յետոյ Լաչինն էլ կը բացւի։ Մենք սեպտեմբերի 18-ին բացեցինք Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը յարձակւեց։
  • Մենք ուրիշներից՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, ԵՄ-ից, որեւէ երկրից նեղանալու բան չունենք։ Իրենք իրենց շահերով են առաջնորդւել։ Իսկ Հայաստանի իշխանութիւններն ի՞նչ էին արել, առաջնորդւել էին անձնական, խմբային շահերով։ Եթէ Հայաստանի իշխանութիւնները բանակցային գործընթացում դիրքորոշում չփոխէին, համոզւած եմ՝ անգամ Արցախի շրջափակումը չէր լինի։ Նիկոլը փոքր քայլերով այնպիսի իրավիճակի հասցրեց, որ ժողովուրդը յարմարւեց Արցախը յանձնելուն։ Եթէ միանգամից տար, նպատակին չէր հասնի։ Նոյնը հիմա անում է Ալիեւը։
  • Ադրբեջանն ի՞նչ արեց Լաչինի միջանցքը շրջափակելուց առաջ…Պայթեցրեցին գազատարը, հայկական կողմից ռեակցիա չեղաւ, որեւէ արձագանգ չեղաւ նաեւ միջազգային, արեւմտեան շրջանակներից։ Յետոյ եղաւ Փարուխի օպերացիան, ռուսական կողմն ընդւզեց, արեւմտեան կողմը՝ ողջունեց։ Յետոյ եղաւ Դրմբոնի օպերացիան, էլի ռեակցիա չեղաւ։ Յետոյ դեկտեմբերի 3-ին եղաւ Շուշիի օպերացիան, էլի ոչ մի արձագանգ, ու դեկտեմբերի 12-ին միանգամից մտան էկոլոգիական կեղծ ակտիւիստները, մի քանի ամիս մնացին, յետոյ ապրիլի 23-ին դրեցին անցակէտը։ Դրանից յետոյ դադարեցւեցին մատակարարումներն անգամ «Կարմիր խաչի» կողմից, յետոյ եղաւ սեպտեմբերի 19-ը։ Ալիեւը ստուգեց կարմիր գծերը, ստուգեց ռեակցիաներ, այդ թւում՝ միջազգային հանրութեան, ռիսկերը կառավարեց. համոզւած եմ՝ Ալիեւի որոշ քայլերը համաձայնեցւել են Հայաստանի իշխանութիւնների հետ… յետոյ եղաւ այն, ինչ եղաւ։
  • Այո՛, 44-օրեայ պատերազմի ժամանակ լռեցւած էր այլընտրանքային կարծիքը, բայց նոյնիսկ դրանից յետոյ ճշմարտութիւնը վեր հանւեց, բայց ի՞նչ եղաւ 2021 թ. ընտրութիւնների ժամանակ…
  • Գլխաւոր մեղաւորը Փաշինեանն է։ Ինքն է, չէ՞, խաբել ժողովրդին։ Երբ միջազգային կազմակերպութիւններում հիմա էլ խօսում եմ արցախցիների վերադարձի իրաւունքի մասին, մեզ ուղիղ ասում են՝ Հայաստանի իշխանութիւններն այլ կարծիք ունեն, նրանք ասում են՝ այդ հարցը մեզ համար փակւած է։ Մինչեւ մենք այստեղ այդ հարցը չլուծենք, միջազգային ատեաններում ոչնչի չենք կարողանալու հասնել։ Մեր գլխաւոր խնդիրը Երեւանում է։ Քանի Փաշինեանն է իշխանութեան, ով համարում է, որ լաւ բան է արել, ոչ մի լաւ բան չի լինելու մեզ համար։
  • Մինչեւ 2023 թ. մարտի վերջ Նիկոլ Փաշինեանը քանիցս յայտարարել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են ցեղասպանութիւն իրականացնել, եւ միջազգային հանրութիւնը պէտք է կանխի դա։ Նոյնիսկ մարտի 15-ին կառավարութեան նիստում Արտաքին գործերի նախարարին յանձնարարեց ՄԱԿ-ին տեղեկացնել, որ Ադրբեջանը ցեղասպանութիւն է նախապատրաստում։ Ինքը դա ցուցադրաբար անելով՝ ապագայի համար իրեն ապահովագրում էր։ Նախ, Արտաքին գործերի նախարարութիւնը (ԱԳՆ) այդպէս էլ չդիմեց ՄԱԿ-ին, եւ ապրիլից Փաշինեանի խօսոյթը փոխւեց։ Ցեղասպանութիւն ձեւակերպումը սարքեց էթնիկ զտում, մինչեւ սեպտեմբերի 21-ը։ Երբ Ադրբեջանն արդէն մտել էր Արցախ, ինքը յայտարարեց, որ որեւէ էթնիկ զտման վտանգ չկայ, ու Բայրամովը ՄԱԿ-ի ԱԽ նիստում հենց Նիկոլ Փաշինեանի այդ խօսքին յղում արեց։ Հիմա ես հարց եմ տալիս՝ եթէ ինքն ասում էր՝ էթնիկ զտման վտանգ կայ, ինչո՞ւ էր այդ օրերին Ադրբեջանի մաս ճանաչում Արցախը։ Արդեօ՞ք ինքը սրանով ցեղասպանութիւն իրականացնողի աջակից չի դառնում։ 
  • Նիկոլ Փաշինեանն անձամբ աջակցել է Արցախի ցեղասպանութեանը:
  • Ես գիտեմ, որ Հայաստանի Անվտանգութեան խորհրդի կազմը համաձայնութիւն է տւել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու առաջարկին։ Նիկոլ Փաշինեանն անձնապէս է կայացրել որոշում՝ չդադարեցնել պատերազմը։ Մենք դրա մասին իմացել ենք այդ որոշումը կայացնելուց յետոյ։ Ես գիտեմ, որ Արայիկ Յարութիւնեանն անընդհատ ասում էր Փաշինեանին՝ կանգնեցրու պատերազմը, սպանդ է, անընդհատ նոր տարածքներ ենք կորցնում։ Փաշինեանը չկանգնեցրեց, իսկ յետոյ ասաց՝ ժողովո՛ւրդ, ով ինչ ունի, կասկաներ վերցրէք, գնացէք կռւելու… Յետոյ ԱԺ-ում ասաց՝ եթէ համաձայնէի Պուտինի առաջարկին ու կանգնեցնէի պատերազմը, ինձ դաւաճան կասէին։ Դա է Նիկոլ Փաշինեանը։ Այնինչ, այդքան զոհեր ու կորուստներ չէինք ունենայ: 
  • Նոյեմբերի 9-ին Ստեփանակերտում այն վիճակն էր, որ ես լացակումած մտել եմ մեր տուն, վերցրել երեխայիս սիրած կօշիկներն ու դուրս եկել, որ գոնէ ամէն ինչ կորցնելուց յետոյ նրան իր սիրած բանը տանից տամ…
  • Թէ ինչ նպատակով էր Աննա Յակոբեանը գտնւում բունկերում, ես չգիտեմ։ Բայց որ ինքը իրաւունք չունէր այդտեղ գտնւել, միանշանա՛կ է։ Բայց դա այնքան փոքր դրւագ է այս ընդհանուրի մէջ։ Այնքան բան կայ, որ իրենք իրաւունք չունէին անելու, բայց արել են։ Փաշինեանն իր դիմակը վաղուց պատռել է։ Իսկ թէ բանակում այդ օրերին կառավարման ինչ քաոս էր, թող նախկին գեներալներն ասեն…
  • Այդ օրերին Արցախին Փաշինեանի կողմից կոնկրետ ուղղութիւններով զօրք չուղարկելը, ազգային գաղափարախօսութեան կրող գեներալներին վարկաբեկելը, վստահ եմ, յատուկ էր արւում։
  • Աշխարհաքաղաքական միջավայրը գնալով բարենպաստ է դառնում Ադրբեջանի կողմից Սիւնիքի վրայ յարձակման համար։ Այո, ռիսկը շատ մեծ է, որ «Զանգեզուրի միջանցք»-ը Փաշինեանն արդէն յանձնել է։ Էրդողանը դեռ մէկ տարի առաջ է ասել՝ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում խնդիրը ոչ թէ Հայաստանն է, այլ Իրանը։ Հարցն այն է, թէ ինչ գնով, ինչ ռեժիմով է այդ ճանապարհը լինելու։ Ես չգիտեմ՝ ինչ կայ Փաշինեանի մտքին։
  • Շատ դէպքերում քաղաքականութիւնը, այդ թւում՝ միջազգային, հիմնւած է փոխվստահութեան վրայ։ Փաշինեանին ոչ ոք չի վստահում, քանի որ նախկինում ունեցել են վստահութեան ձախողւած փորձ։
  • Ռուսական կողմն էլ իր սխալներն ունի, մեր հանդէպ իր պարտաւորութիւնները ոչ ամբողջութեամբ է կատարել, բայց մենք մեր իշխանութիւններից պէտք է պահանջենք։ Բոլորն երկրներն ունեն իրենց շահերը։ Մեր խնդիրն այն է, որ ռուս-արեւմտեան հակամարտութեան մէջ կողմ չլինենք։

Երէկ արտգործնախարար Արարատ Միրզոյեանը յայտարարել է.

«Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձը դարձել է շուտասելուկի պէս մի բան, որը երբեմն քաղաքական գործիչները կրկնում են։ Ասում են՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձ, ո՞ւր, ի՞նչ պայմաններով՝ կարո՞ղ էք ասել. ուղղակի որպէս Ադրբեջանի քաղաքացինե՞ր՝ կար այդ հնարաւորութիւնը, Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք դպրոցում հայերէն սովորելու իրաւո՞ւնք ունեն՝ կար այդ հնարաւորութիւնը։ Ուրի՞շ։

 2021-22 թթ.-ին քննարկւում էին ԼՂ-ի ներկայացուցիչների հանդիպումներն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, օրինակ, Սոֆիայում, որոնք ուղղակի յօդս ցնդեցւեցին, ու նաեւ այն հեռանկարները, որոնք կարող էին այդ հանդիպումների արդիւնքում ստեղծւել։

Հիմա, երբ ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել էք՝ Երեւանում ասում էք՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձ։ Շատ լաւ, լսեցինք ձեզ, ցաւօք, ոչ մի լաւ բան չեմ կարող ասել այդ մասին»,- լրագրողների հարցին ի պատասխան՝ ասել էր Միրզոյեանը։ 

  • Չեմ էլ նայել Արարատ Միրզոյեանի ասուլիսը, բայց այն, ինչ երէկ նա յայտարարել է Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքի մասին, խայտառակութիւն է։ Իրենք են պարտաւոր դա ապահովել։ Մի՛ մոռացէք, որ իրենց դիմումի հիման վրայ էր ՄԱԿ-ի արդարադատութեան միջազգային դատարանը նախորդ տարի՝ դեկտեմբերի 17-ին, արձանագրել, որ Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրաւունք։ Դա ապահովելու համար մէկ պարտաւորութիւնը Հայաստանի Հանրապետութեանն է։ Բայց ՀՀ այս իշխանութիւնները վախենում են փռշտան, որ Ալիեւը չջղայնանայ, կամ պայմանաւորւել են չխօսել։
  • Փաշինեանն ուրախացել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ապօրինի առեւանգմամբ, բայց չեմ կարող պնդել, որ դա տեղի է ունեցել Փաշինեան-Ալիեւ պայմանաւորւածութեան արդիւնքում։ Կասկածի հիմք կարող է լինել։ Դա պէտք է ստուգւի։ Իհարկէ, եթէ ուզէին, կը կարողանային այնպէս անել, որ դա տեղի չունենար, նրանք Բաքւի բանտերում չյայտնւէին, բայց քանի որ իրենք չեն յանձնել, չեմ կարող պնդել, որ աջակցել են։
  • Բոլորս պէտք է միանշանակօրէն ամէն ինչ անենք, որ Բաքւում գտնւող մեր հայրենակիցները վերադառնան, ու պէտք է յորդորենք մեր հասարակութեանը ադրբեջանական թէզերն այստեղ չբերել։ Պարզ է՝ նրանք տարբեր եղանակներով ցուցմունքներ են կորզելու, չպէտք է դրանց ուշադրութիւն դարձնենք։ Ես էլ այդ օրերին տեղեկութիւն ունէի, որ ինձ էլ են որոնում, ու մտածում էի, որ ամէն ինչ պէտք է անեմ, որ յետ գամ իմ ընտանիքի մօտ։ Հերոսութեան ժամանակը չէ։ Մեր հայրենակիցները պէտք է յետ գան, ու դա պէտք է ապահովի Հայաստանի իշխանութիւնը։
  • Արցախը Հայաստանի անվտանգութեան բաղկացուցիչ մասն է, իսկ Փաշինեանի համար՝ բեռ, վզկապ է։ Պէտք է հասնենք ազգային իշխանութեան՝ առանց Նիկոլ Փաշինեանի ու իր արբանեակների, պէտք է պայքարենք մեր իրաւունքների համար։ Ես վստահ եմ, որ Արցախի թեման փակւած չէ։
  • Ցաւօք սրտի, ես չեմ տեսնում, որ Փաշինեանից յետոյ ընտրութիւններով կարող է լինել ազգային իշխանութիւն։ Ինքը կամ կարող է վերարտադրւել, կամ իրեն յարող շրջանակ բերել իշխանութեան։

Related Articles

Back to top button